ՍՊԱՍԵԼԻՆ


Տարեվերջյան կանխատեսումները, որոնք գրեթե խոստումների տեսքով էին ներկայացվում, իրականանում են. իշխանության տարբեր օղակներում տեղի ունեցող կադրային փոփոխություններն արդեն սկսվել և, ըստ ամենայնի, շարունակվելու են առաջիկայում: Առաջին հայացքից վերադասավորումների համար բավական անբարենպաստ ժամանակահատված է ընտրվել, քանի որ նման գործընթացներ սովորաբար ընտրություններից առաջ են ձեռնարկվում: Հենց այդ շրջանում է, որ հասունացող ներքաղաքական լարումների արդյունքում առաջացող ինքնագնահատականի անհրաժեշտությունը իշխանությանը կադրային վերափոխումների է մղում: Այսուհանդերձ, ներկա գործընթացները, հավանաբար, հենց ձևավորված կարծրատիպը չեզոքացնելուն են միտված: Դժվար չէ հաշվարկել, որ մինչև պաշտոնանկություններն ու նշանակումներն ամբողջականացվեն (իհարկե պայմանականորեն, որովհետև կադրային փոխատեղումները մշտական գործընթաց են` պայմանավորված պաշտոնյայի աշխատանքով), կբոլորի գործող իշխանության պաշտոնավարման երեք տարին: Իսկ ավելի քան հազար օր կառավարման ղեկն ստանձնած երկրի վերնախավը ինքնահաշվետվության նման գործնական մեթոդը կյանքի կոչելու լիարժեք իրավունքն ունի: Ավելին, կարելի է նույնիսկ խոսքը ոչ թե իրավունքի, այլ անհրաժեշտության մասով շարունակել: Կադրային զինանոցն, իհարկե, աղքատիկ չէ ու երբևէ աղքատիկ չի էլ եղել: Սակայն խնդիրը (եթե չասենք` գերնպատակը) ակնհայտ է, որ առավել պրոֆեսիոնալներին ընդգրկելու շրջանակում է: Ի վերջո, հանրությունը միշտ է դժգոհ եղել բոլոր իշխանություններից (և դա, թերևս, օրինաչափ է), սակայն անուրանալիորեն գնահատվել է նաև տեսանելի աշխատանքը, ընդգծվել օգտակարն ու կարևորը: Եվ ներկայիս պաշտոնանկություններն ու նշանակումներն, անշուշտ, հենց օգտակարի ու կարևորի տեսակարար կշիռը մեծացնելու նպատակն ունեն: Իսկ ինչ վերաբերում է դեռևս հեռու թվացող ընտրական բուն գործընթացներին, ապա ներկա վերափոխումներն այսչափ ուղղակիորեն տեղի ունենալիք ընտրություններով պայմանավորելն ավելի շատ շանտաժի է նմանվում: Եթե իրականում ընտրական մտահոգություններն իշխանությանը դրդած լինեին կադրային վերափոխումների, ապա համապատասխան նախաձեռնությունը կդրսևորվեր ոչ թե հիմա, այլ ուղիղ մեկ տարի հետո: Ընտրությունների ընթացքի վրա նման եղանակով ներգործելու հնարավորությունն այդ շրջանում, անկասկած, ավելի մեծ կլիներ: Իսկ այս պարագայում նման միտում ակնհայտորեն չկա: