2011ի խորհրդանիշը` արևելյան աստղագուշակով Դեղին մետաղյա ճագարը (կատուն)


Ո՞ւմ տարին է 2011ը և ի՞նչ սպասելիքներ ունենանք նրանից: Հին Չինաստանի օրացույցով` 2011ի խորհրդանիշ ճագարը կամ կատուն մետաղյա են: Նախորդ անգամ այս կենդանակերպն «իշխել» է 1999թ., որը բավական տխուր իրադարձություններով նշանավորվեց: Եվ` ոչ միայն Հայաստանում: Հիշենք Հարավսլավիայի պատերազմը, Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունները: Մեր երկրում իշխանությունը գլխատվեց, ՌԴում` նախագահ Ելցինը վաղաժամ հեռացավ պաշտոնից: Բայց տնտեսությունը փլուզումից դուրս գալու նշաններ ցուցաբերեց: Ըստ աստղագուշակների` գալիք տարին, բարեբախտաբար, համատարած աղետների տարի չի լինելու: Ավելին, անդադրում և անսանձ Վագրին փոխարինում է ավելի հանդարտ կյանքի երաշխավորը: Արդյունավետ կլինեն բանակցություններն ու գործարքները, նվազագույնի կհասնեն բախումները: 2011ի Ճագարկատվի տարում մարդկությանը պետք է ուղեկցի շրջահայացությունը. թե° շարքային քաղաքացիները, թե° քաղգործիչները պետք է հեռատեսություն ցուցաբերեն, ընդհուպ մինչև երկչոտություն` իրենց յուրաքանչյուր քայլի հետևանքների համար: Ճագարները դիվանագետ են ու նվիրված, ինչը հույս է ներշնչում աշխարհը կառավարողների ողջամտության հանդեպ: Ճագարն ու կատուն ռոմանտիկ են, ինչը թույլ է տալիս վստահ լինել, որ այդ տարվա բոլոր ամուսնությունները երջանիկ ու ամուր կլինեն: Կատուն քաոս չի սիրում և կայուն հարաբերությունների կողմնակից է: Հաջողություններ կարող են ակնկալել հատկապես գիտության, արվեստի բնագավառի մարդիկ, հոգևորականներն ու գյուտարարները: Ճագարն ընտանեսեր է, պտղաբերության և հանդարտության մարմնավորում: Իսկ դա ազդանշան է ընտանեկան հարաբերություններում կասկածներ ունեցողներին. հրաժարվեք ձեր կասկածամտությունից, այն տեղին չէ: Ընդհակառակը, գալիք տարին ընտանեկան հարաբերությունների ամրապնդում է խոստանում` բոլոր առումներով: 2011ին ծնվողները նվիրված ու բարի կամքի տեր կլինեն, բայց` փոքրինչ թեթևամիտ, ինչը կվերանա տարիքի հետ, և նրանք ամեն կերպ կձգտեն անկախության: Կատուճագարի տարին ոչ այնքան գործողությունների կամ եռուն գործունեության, որքան մտորել-խորհրդածելու և ապագային նախապատրաստվելու համար ժամանակահատված է: Հատկապես ո՞ւմ կժպտա 2011ը` ցույց կտա ժամանակը: Բայց չմոռանանք, որ ժամանակը միշտ էլ մեր քայլերի, մեր պահվածքի ու գործերի հանրագումարն է: Լա՞վ արդյունքներ ենք ուզում, ուրեմն մեր ինքնադրսևորումների նկատմամբ ուշադիր լինենք և փորձենք այնպես ապրել, որպեսզի նպաստենք բարության շատացմանը, խաղաղության ամրապնդմանը: Աշխարհը կանգուն է սիրո շնորհիվ. չզլանանք սիրել մերձավորին, շրջապատի մարդկանց, մեր ապրած ամեն օրը…