ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների, Բուզանդի, Ֆիրդուսի եւ Նորքի այգիներ փողոցների եւ հարակից տարածքների այն բնակիչներին, ովքեր հողամասերի կամ բնակարանների հետ կապված խնդիրներ ունեն եւ տեւական ժամանակ ու պարբերաբար այդ խնդիրներով դիմել են համապատասխան պետական մարմիններին եւ մինչ այժմ լուծում չեն ստացել: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Վարչապետը, լսելով բնակիչներին, նրանց խնդիրները բաժանել է երկու մասի` քաղաքացիներ, ում բնակարաններն արդեն իսկ իրացվել են եւ համապատասխան պայմանագրեր չեն կնքվել, փոխհատուցման խնդրիները չեն լուծվել, եւ քաղաքացիներ, ովքեր դեռեւս ապրում են առաջիկայում իրացման ենթակա իրենց բնակարաններում: Վարչապետը նշել է, որ կողմնակից է հօգուտ քաղաքացու իրատեսական եւ ողջամիտ լուծումների: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր գործ պետք է առանձին ուսումնասիրվի, միաժամանակ ավելացնելով, որ, իհարկե, բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ շաբաթում լուծել: Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ ինքը կողմնակից է դեռեւս չիրացված տարածքներում քաղաքացիների համար նոր բնակարանների կառուցմանը: Նկատի ունենալով խնդիրների մեծ ծավալը, ինչպես նաեւ նախընտրական շրջանում զանազան շահարկումներից խուսափելու նպատակով, Սերժ Սարգսյանը խոստացել է նրանց հետ մեկ անգամ եւս հանդիպել խորհրդարանական ընտրություններից հետո` մայիսի կեսերին, իսկ մինչ այդ հանձնարարել է Երեւանի քաղաքապետին` այս ընթացքում ընդունել քաղաքացիներին, քննարկել հնարավոր լուծումները եւ ամրագրել փոխադարձաբար ընդունելի մոտեցումներ: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն ընդունել է Երեւանի Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի «Մասիս-3» բնակկոոպերատիվի ներկայացուցիչներին: Վերջիններս վարչապետին ներկայացրել են խնդրի նախընթաց պատմությունը, ըստ որի` «Մասիս-3» բնակկոոպերատիվը ձեւավորվել է 1986թ.-ին, ընդգրկել է 120 փայատեր ընտանիքներ: Շենքի կառուցումը դադարել է 1992թ.-ին, պատրաստվածության աստիճանը կազմում է շուրջ 80%: Բնակկոոպերատիվի անդամները 2006թ. ապրիլին դիմել էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` շենքի ավարտմանը պետական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից կատարվել է շենքի հիմնակմախքի տեխնիկական զննումը, որի եզրակացության եւ առաջարկությունների հիման վրա նման շենքերի միակ մասնագիտացված կազմակերպության կողմից մշակվել են շենքի կառուցումն ավարտելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ըստ նախահաշվի` պահանջվում է 454 մլն դրամ, որից 164 մլն-ը կառույցի սեյսմազինվածության աստիճանի բարձրացման համար: Շենքում առկա է 30 ազատ բնակարան: Վարչապետը բնակիչներից փորձել է ճշտել, թե ինչ աջակցություն են ակնկալում պետությունից եւ իրենք իրենց կողմից ինչ մասնակցություն կարող են ունենալ բարձրացված խնդրի լուծմանը, որից հետո նա խոստացել է մեկ անգամ եւս հանդիպել բնակիչների հետ` արդեն որոշակի լուծումներ գտնելու նպատակով: n Վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է նաեւ «Հայկական ավիաուղիներ» ՓԲ ընկերության նախկին աշխատակիցների խմբին, որոնք եւս իրենց աշխատավարձերի պարտքերի խնդրով պարբերաբար դիմել էին համապատասխան պետական մարմիններին: Քանի որ խոսքը մեծ գումարների մասին է, վարչապետը փորձել է պարզել նախկին օդաչուների պատկերացումները խնդրի լուծման ձեւերի վերաբերյալ եւ խնդիր է դրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի առջեւ` հնարավորինս կարճ ժամկետում գտնել այնպիսի լուծումներ, որոնք չեն հակասի օրենսդրությանը: