Ընդդիմության խոսնակի դե՞րն են ստանձնելու


Անցյալ շաբաթ Հայաստան ժամանած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակությունն այցելությունից ընդամենկ մի քանի օր անց արդեն ներկայացրեց իր դիտարկումներից բխող եզրակացությունները: «Ընտրական խախտումներին և ընտրություններին առնչվող բռնության հետ կապված անպատժելիության մթնոլորտը Հայաստանում անթույլատրելի է»: Թե ինչպես Հայաստանում գտնվելու ընդամենը չորս օրում դիտորդները «հայտնաբերեցին», որ բռնություններ և ընտրակեղծիքներ կատարողներն անպատիժ են մնացել, դժվար է ասել: Բռնության և ահաբեկչության դեպքերը արձանագրվել են վերջին շաբաթներին, իրավապահ մարմինները դրանց բացահայտման ուղղությամբ ավելորդ ժամանակ չեն կորցրել, և ոչ մեկը ոչ մի փաստ չունի, թե ոճրագործները չեն հայտնաբերվելու ու չեն պատժվելու: Հետևաբար, այս պահին խոսել անպատժելիության մթնոլորտի մասին, նշանակում է արդեն իսկ կանխակալ կանխատեսումներ անել ապագայի մասին: Իսկ դա, ինչպես բոլորս գիտենք, ընդդիմության ոճն ու ձեռագիրն է: Այս «ոգով» շարունակելու դեպքում արևմտյան դիտորդները, ինչպես ասում են, շատ հեռուն կարող են գնալ: Համենայնդեպս առաջին տպավորությունն այնպիսին է, որ վերջիններս պատրաստվում են նույնությամբ կրկնել հայաստանյան ընդդիմության մեծամասամբ մերկապարանոց քննադատությունները ոչ թե կատարվածի, այլ հնարավոր կատարվելիքի մասին: Հետաքրքիր է նաև ԵԽԽՎ դիտորդների հայտնած մտահոգությունը առ այն, թե ժողովուրդը անտաբեր է քաղաքական գործընթացների հանդեպ և գտնվում է է ապատիայի մեջ: Ստացվում է, որ մեկ- երկու օրում դիտորդները հասցրել են «պեղել» նաև մեր ժողովրդի տրամադրություններն ու հոգեվիճակը: Պարզ է, որ նրանք «ականջները կախ» լսել են հայոց արմատականների բողոք-տրտունջները, և ամեն ինչ միտումնավոր ընդունել «հալած յուղի» տեղ: Ոչ հռետորական հարց. արդյոք, եվրոպական դիտորդները մտադրվել են ընդամենը ընդդիմության խոսնակի հույժ կարևոր առաքելությո՞ւնը իրականացնել: Շուտով կպարզվի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ