Արշալույսները դեռԵՎս խաղաղ են


Մի քանի տարի առաջ, երբ նոր էր սկսվել ամերիկյան ռազմական ներխուժումն Իրաք, քաղաքագետները զգուշացնում էին, որ տվյալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հաջորդ թիրախն Իրանն է: Այդ ժամանակ Հայաստանում քչերն ուշադրության արժանացրին այդ կանխատեսումները: Սակայն այսօր արդեն հասարակության ակտիվ մասի ուշադրությունը ընտրական գործընթացներից գուցե առավել գամված է Իրան-ԱՄՆ հարաբերություններին. ռազմական բախում տեղի կունենա՞, թե՞ ոչ: Սա է հիմնական տագնապահարույց հարցը: Եվ դա բնական է` Իրանը Հայաստանի անմիջական, թերևս միակ հարևանն է, որի հետ բարիդրացիական հարաբերություններ են զարգանում, և Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է նաև այդ երկրի կայունությունից: Դժվար է պատկերացնել, թե տնտեսական և քաղաքական ինչ խնդիրներ կունենա Հայաստանը ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ Իրանի ներքաշվելու դեպքում: Իրան-ԱՄՆ հակասությունները սկսվեցին անցյալ դարի 70-ականների վերջերին, Իրանում իսլամական հեղափոխությունից հետո. ժողովրդավարության ջատագով գերտերությունը` ԱՄՆ-ը, չէր կարող հանդուրժել Իրանի իսլամական ֆունդամենտարիզմը: ԱՄՆ-Իրան պատերազմի հավանականության մասին են վկայում Պարսից ծոցում ամերիկյան ավիակիրների և օդուժի կենտրոնացումը, աննախադեպ լայնամասշտաբ զորավարժություննները, վերջապես` ԱՄՆ օդուժի 3 ինքնաթիռների` Իրանի օդային սահմանը խախտելու փաստը: Իրանը նույնպես քնած չէ: Նա ցամաքային զորքերի մեծ թվով ստորաբաժանումներ կենտրոնացրեց իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով: Իրանը ի պատասխան ամերիկյան սպառնալիքների, զգուշացրել է, որ ԱՄՆ-ից հարված ստանալու դեպքում համարժեք քայլերի կդիմի, մասնավորապես, կհարվածի Ադրբեջանի տարածքում ամերիկյան շահերին: Բաքու-Ջեյհան նավթամուղին, Բաքու-Էրզրում գազամուղին, Ապշերոնյան թերակղզու նավթահանքերին: Ինչո՞ւ հատկապես Ադրբեջանին. վերջինիս Իրանը դիտում է որպես սկզբունքորեն թշնամական պետություն և նրա հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու հնարավորության իլուզիաներ չունի և վաղուց ի վեր Նախիջևանում ու Թալիշստանում իր ազդեցությունը հաստատելու նպատակ է հետապնդել: Վերջերս Իրանի հայտարարությունը, թե միջազգային ճնշման աճի դեպքում ինքը կմիանա միջուկային զենքը չտարածելու պայմանագրին, ԱՄՆ-ը որպես հեգնանք գնահատեց: Այդ պայմանագրում նշվում է, որ միջուկային զենք ունեցող երկիրն այն չի տրամադրի մեկ այլ երկրի, իսկ չունեցողները կպահպանեն իրենց կարգավիճակը: Այդ հայտարարությանը քիչ անց հաջորդեց մեկ այլ` ոչ պակաս տագնապահարույց հայտարարություն. այն է` Իրանի միջուկային ծրագրերն արդեն արտադրության փուլում են: Իրան-ԱՄՆ թնջուկը չմեղմեց նաև իրանա-իրաքյան սահմանն անօրինական հատած բրիտանական ծովային 15 հետևակայիններին ազատ արձակելը: Այն ընդամենը քաղաքական PR է: Փորձագետները նշում են, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ ռազմական պատժամիջոցները հղի են տարածաշրանային պատերազմի վտանգով, իսկ այդ պատերազմը կարող են հումանիտար, բնապահպա նական աղետ առաջացնել: Բանն այն է, որ Իրանը Իրաք չէ, և նրա ռազմական պոտենցիալը շատ ավելի հզոր է: Ընդամենը 3 տարվա վաղեմություն ունեցող տվյալներով, Իրանի զինված ուժերում հաշվվում են ավելի քան 513 հազար զինծառայողներ, այդ թվում` 325 հազար ցամաքային զորքեր, որոնք զինված են արտասահմանյան, այդ թվում նաև սովետական և հայրենական արտադրության ռազմական տարբեր տեխնիկայով. տակտիկական հրթիռների 40 համակարգեր, 1325 տանկ M-47, M-48, M-60A1, «Չիֆտեն», T-55, T-59, T-62, T-72, «Սկորպիոն», ավելի քան 800 միավոր հակատանկային և 1700 զենիթային համակարգեր, այդ թվում մոտ 400 զենիթային հրթիռային համակարգեր, 633-ից ավելի ուղղաթիռ, 77 ինքնաթիռ: Իսլամական հեղափոխության պահապաններ անունը կրող կորպուսում հաշվվում են մոտ 100 հազար մարդ, 17 դիվիզիա, 15-20 առանձին բրիգադ սահմանապահ և գաղափարական մշակման զորամասեր: Նրանք ունեն 470 տանկ, 366 դաշտային հրանոթների համակարգ, 140 միավոր զենիթային միջոցներ: Իրանական օդուժում ծառայում է 45.000 մարդ, այդ թվում` 15 հազարը հակաօդային (ՀՕՊ) պաշտպանությունում: Ոչ վաղ անցյալում ռազմական մեքենաների պարկի մեծ մասը ամերիկյան արտադրության ինքնաթիռներ էին` F-4, F-5, F-14, F-15, Բոինգ-707, Բոինգ 737, Բոինգ-747 և այլն: Կան նաև ռուսական ինքնաթիռներ` Cy-24, Mu*-29: ՀՕՊ-ում կան «Երկիր-երկինք» տիպի հրթիռներ: Իրանի ռազմական արսենալի այս ոչ ամբողջական ցանկում կան նաև C-300 հրթիռային համակարգեր (տվյալները` Յուրի Սմբատյանի աշխատությունից. //www.ir.spb.ru/iruri 71.htm): Իրանաամերիկյան այս հակամարտությունը, թերևս, էլ ավելի սպառնալի տեսք է ընդունում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրման ֆոնին: Հիշենք վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած սկանդալային միջադեպը: Աբխազական հարցի քննարկմանը չէր կարողացել մասնակցել Աբխազիայի նախագահ Բաղապշը. նրան ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր չէր տվել: Անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցիչն, ընդվզելով ԱՄՆ այդ քայլի դեմ, ներկայացրեց Բաղապշի ելույթի ձայնագրությունը և լքեց նիստը: Այս ֆոնին ՌԴ արտգործնախարարի և փոխվարչապետի` միմյանց հաջորդող այցելությունները Իրանի անմիջական հարևան Հայաստան ինչ-ինչ ենթադրությունների տեղիք են տալիս. հատկապես փոխվարչապետի` Իվանովի հայտարարությունը, թե Իրանը իրավունք ունի միջուկային էներգիա ունենալու և ՌԴ-ի առաջարկության հիշեցումը Իրանին հարստացված ուրան տրամադրելու մասին, կարծես, ԱՄՆ-ին հակադարձելու ենթատեքստ է պարունակում: Այս ամենով հանդերձ, Իրան-ԱՄՆ հնարավոր պատերազմին պատրաստվելու գործուն, ակնառու գործողություններ ՌԴ-ում, թերևս, չեն նկատվում: Իսկ սա էլ կարող է վկայել, որ Ռուսաստանում հակված չեն կարծելու, որ պատերազմն այսօր կամ վաղը կսկսվի: Համենյան դեպս Իրանում արշալույսները խաղաղ են, դեռևս խաղաղ են: