Նախագահացուին պինգվինները չեն սիրել


 

Ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, ներկայումս Հանրապետական կուսակցության կողմից երկրի նախագահի պաշտոնի հավակնորդ Նյուտ Գինգրիչը, պարզվում է` հատուկ թուլություն ունի կենդանաբանական այգիների հանդեպ: Քաղգործչի այդ հոբբին, սակայն, օրերս չար կատակ է խաղացել նրա հետ (գրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Միսսուրի նահանգի ՍենթԼուիսում Ազգային հետևակային ասոցիացիայի համագումարում իր ելույթից առաջ նախագահացուն այցելել է տեղի գազանանոց: Մասնավոր զբոսաշրջության ժամանակ, երբ այցելուներին թույլատրվում է մոտիկից ծանոթանալ կենդանիների հետ, 68-ամյա գործչին անախորժ միջադեպ է պատուհասել: Սկզբում Գինգրիչը հաջողությամբ հեռու էր մնում վայրի կատուների վանդակից: Նա հեշտորեն անցել է նաև կոկորդիլոսների տեռարիումից: Բայց Մագելանյան պինգվիններն անտարբեր չեն մնացել հանրապետականի հանդեպ. նրանցից մեկը նետվել է դեպի նա և ամբողջ ուժով կտցահարել նրա ձեռքը:

- Նյուտը գազանանոցների մեծ երկրպագու է, և այդ միջադեպը ոչ մի կերպ չի ազդել կենդանիների հանդեպ նրա վերաբերմունքի վրա,- հավաստել է քաղգործչի նախընտրական շտաբի աշխատակիցներից մեկը:

Դե, եթե Գինգրիչը մարդկանց էլ այնքան սիրի, ինչպես կենդանիներին, ուրեմն ամերիկացիների բախտը կբերի: Իսկ եթե նախագահի թեկնածուն միասեր է ու իր սիրտն արդեն նվիրել է կենդանիներին, նրա պաշտոնավարմանն ապավինող մարդիկ երևի խանդով կլցվեն: Խանդը դեռ ոչինչ. միայն թե մարդկանց հետ նա չվարվի այնպես` ինչպես վանդակներում փակված կենդանիների: