Իսկ ինչո՞ւ ոչ


 

Ամերիկաների գագաթնաժողովի ավարտը պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է կոլումբիական Կարտահենա քաղաքի կուբայական LΖ HΖvΖnΖ գիշերային ակումբում (հաղորդել է Reuters-ը):

Հեգնանքի բերումով` Կուբան միակ երկիրն է, որ չէր հրավիրվել գագաթնաժողովին: Պետություններն էլ հավակնոտ անհաշտություններ ունեն: Ամերիկան պնդել էր, որ համաժողովին մասնակցելու համար Կուբան նախ պետք է երկրում բարելավի քաղաքական ազատությունները: Էկվադորի նախագահն էլ առաջարկել էր չեղյալ համարել իրենց հավաքը` եթե Ազատության Կղզին այնտեղ չէ: Ավելի կտրուկ արտահայտվել էր Բոլիվիայի առաջնորդը`

- Եթե Կուբային չվերադարձվի ֆորումին մասնակցելու իրավունքը` սա Ամերիկաների վերջին գագաթնաժողովն է:

Այսպես թե այնպես` ԱՄՆ-ը չէր ցանկացել, և Կուբան չէր մասնակցել: Բայց ահա Հիլարի Քլինթոնը հատկապես կուբայական ժամանցավայրում էր որոշել լիցքաթափվել` պարելով ու գարեջուր վայելելով:

64-ամյա պետքարտուղարն այնտեղ ժամանել է կեսգիշերից հետո` անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Հետո բարի տերը պատմել է, որ նրա համար նախապես սեղան է պատվիրված եղել, բայց բարձրաստիճան հյուրի անունը գաղտնի է պահվել մինչև վերջին պահը:

Սկզբում տիկինը միայն ջուր է պատվիրել: Բայց երբ նրան շրջապատողներից մեկն առաջարկել է տեղական գարեջուր փորձել, նա հաճույքով համաձայնել է: Քիչ անց արդեն պարահրապարակում նա սկսել է պարել կուբայական հանրածանոթ GuΖntΖngΗerΖ երգի հնչյունների ներքո` գարեջրի շիշը ձեռքին:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարից հատկապես գոհացել է նրա սեղանը սպասարկող մատուցողը: Նա նշել է, որ Քլինթոնն այդ գիշեր հանգիստը վայելել է 10 հոգու հետ, ովքեր բավական առատաձեռն են գտնվել` 40 դոլար «թեյավճար» բաշխելով: Իր ներկայությամբ Հիլարին գիշերային ակումբը զարդարել է մոտ մեկուկես ժամ: