«Ուղեղի արդուկվածությունն ամենավտանգավոր բանն է...»


Պարույր ՍԵՎԱԿ. - Վարպե°տ, ասում են` մայրենի լեզվին է վերապահված ազգապահպանության դժվարին գործը£ - Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն իրենց հողով, այլև` լեզվով, երբեմն ավելի իրենց լեզվով, քան նույնիսկ հողով£ Մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է£ Արդեն միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փառատոնը` ապացուցելով, որ ի զորու է լիապես արտահայտելու ինչպես պատմություն, այնպես էլ օրենսդրություն, ինչպես հրապարակախոսություն, այնպես էլ բանաստեղծություն, ինչպես բուսական ու կենդանական աշխարհ, այնպես էլ երևակայություն-տեսիլք և կանխատեսություն-մարգարեություն£ Եբրայեցոց «Սուրբ գիրքը», իսկապես, մի Ամենամատյան էր գիտության և արվեստի բազում բնագավառների£ Լեզուն, լինելով մտածողություն, նաև գործիք է, իսկ այդ գործիքն ապրում է բանալիս և բանալով, հակառակ դեպքում փտում է կամ ժանգոտում£ - Օտար բառեր գործածելն այսօր կարծես ժամանակի «հրամայակա՞նն» է դարձել£ - Օտար բառ գործածելը դարձել է մի տեսակ կիրթ լինելու, զարգացվածության, խելքի նշան, կարծես թե թասակի տեղ գլխարկը, գլխարկի տեղ շլյապա դնելով` պիտի փոխվի գլուխը կամ նրա պարունակությունը£ Ուղեղի արդուկվածությունն ամենավտանգավոր բանն է աշխարհում£ - Բառերն էլ մարդկանց նման գաղտնիքներ ունեն. կարո՞ղ է վրեժխնդիր լինել բառը£ - Ամեն բառ իր գաղտնիքն ունի£ Բառեր միշտ կան, միայն գտնողներն են քիչ£ Եվ այդ քչերն էլ բանաստեղծ են կոչվում£ Բառեր շատ կան, բայց, դժբախտաբար, բառերի մի մասը քնած է (և ոչ երբեք մեռած), ուստի և հարություն տվող է պետք£ Բառերի մյուս մասը պարզապես լռում է, ուստի և խոսեցնել է պետք£ Իսկ բառերի երևի գերակշիռ մասը պարզապես շատ և անհարկի գործածվելուց մաշվել է անտեղի, ուստի և նրանց նախնական իմաստը վերականգնել ու փրկել է պետք£ Կա մի չորրորդ ճանապարհ էլ. նոր բառերի ստեղծման ուղին է, որ կարող է բացվել, իհարկե, միայն նրա առջև, ով գիտի քնած բառերին հարություն տալ, լռածներին խոսեցնել և մաշվածներին` վերաթարմացնել£ Բառն էլ վրեժխնդրության իր զգացումն ունի և այն էլ ահավո¯ր. իրեն տանջամահ անողին ինքն է մահացնում` չընթերցվելով ու չմտապահվելով£ Բառը նման է նորահաս աղջկա, ով միշտ հագած-կապած է, կոճկված ու ամոթխած, զգույշ ու խրտչուն£ Եվ նրան մերկ կարող է տեսնել այն տառապյալը միայն, ով սիրում է նրան իր կյանքից առավել և որին` երջանիկին, այդ պատճառով էլ սիրում է ինքը` բառը£ - Վարպե°տ, մի առիթով ասել եք` կգա ժամանակը, որ հայտնի կդառնա նաև ծաղկագետ Պարույրը£ - Մինչև հիմա ինձ ճանաչել են որպես բանաստեղծ£ Բայց կգա ժամանակը, որ երևի ոչ պակաս հայտնի կդառնա նաև ծաղկագետ Պարույրը£ Ես հսկայական գրականություն եմ ուսումնասիրել և գիրք եմ գրելու ծաղիկների մասին£ Այդ ժամանակ նոր կզգաք, որ կա նաև մի ուրիշ, հետաքրքիր, անծանոթ աշխարհ£ Ես կգրեմ, թե ծաղիկներն ինչպես են սիրում, թախծում, քնում, արթնանում, ժպտում, խոսում միմյանց հետ£ Մինչև այդ բոլորը չիմանաս, բնությունը չես սիրի£ - Ո՞վ է ժողովուրդը ժամանակի հոլովույթում£ - Ժողովուրդը մարդկանց ինչ¬որ խմբակ չէ£ Ժողովուրդ կոչվածը կույր չէ, բայց նա ինքնատես չէ ու չի էլ կարող լինել, քանի որ ժողովուրդը անձ չէ, որ կանգնի հայելու առաջ ու տեսնի իր կան ու չկան£ Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է` նայելով իր այն զավակներին, ովքեր սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայկականը£ Ժողովուրդն է ստեղծում նրանց` ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիկ բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը` ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից£ Այս վերտառումով էլ` ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում£ Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, աշխարհի ատոմային ռումբերն էլ գլխին թափեն, չի մեռնի£ Իսկ ով բռնել է մեռնելու (ինքնասպանության) ճանապարհը, աշխարհում և ոչ մի Աստված էլ նրան չի կարող փրկել£ Երբ մենք պարտվել ենք, պարտվել ենք ոչ այն պատճառով, որ թշնամին մեզանից ուժեղ է եղել, այլ մենք չենք ուզեցել հաղթել, չենք դրսևորել մեր հոգու ու կամքի ողջ կարողությունը£ - Ո՞ւմ պետք է ծառայի արվեստագետը£ Ինչպիսի՞ն պետք է լինի ճշմարիտ արվեստագետի «դիմանկարը»£ - Արվեստագետի կոչումն է ոչ թե ծառա դառնալ, այլ` ծառայել. ծառայել ժողովրդին (և ոչ թե չարաշահել նրա անունը), ծառայել ժամանակին (և ոչ թե օգտվել օրերի ավարից), ծառայել աշխարհին (և ոչ թե աշխարհի անցողիկ տերերին), ծառայել հողին (և ոչ թե ժամանակավոր հողատերերին)£ Ամեն մարդ ունի նայվածք£ Բայց արվեստագետը նա է, ով ունի նաև հայացք (այս բառի փիլիսոփայական իմաստով)£ Իսկ ով ունի այդ հայացքը, արդեն փնտրում է ոչ թե կյանք, այլ կյանք իմաստ£ Ճիշտ է` ժողովուրդն է բոլոր բարիքների ստեղծողը£ Ամեն բան նրանից է գալիս, ամեն բան նա է տալիս, բացի թերևս ճաշակից£ Արվեստի մեջ առաջնորդվել ժողովրդի ճաշակով` նշանակում է չծառայել ժողվորդին, որովհետև արվեստագետը, ով նույն ժողովրդի զավակն է, ժողովրդի հանդեպ ամենից առաջ ունի մեկ պարտավորություն` նրա ունեցած ճաշակը հղկել, նոր ճաշակ ներշնչել նրան£ Արվեստագետի սրբազան պարտքն է բոլոր հնարավոր միջոցներով ժողովրդին բարձրացնել դեպի արվեստը, և ոչ թե արվեստը իջեցնել ժողովրդի մակարդակին£ Ընդհանրապես, ոչ այնքան հայելի է պետք արվեստագետին, որքան` ապակեպատ լուսամուտ, որպեսզի անդրադարձնի ոչ թե իր սեփական դեմքը, այլ ցույց տա աշխարհը£

Մարգարիտա ԳԱՍՊԱՐՅԱՆ