ԴԵՐ ԶՈՐԻ ԱՐՆԱԾՈՐ ԱՎԱԶՈՒՏՆԵՐԸ


ՄԵՐ ռուսական թատրոնի լեփ¬լեցուն հանդիսասրահին հղված ամերիկաբնակ հայ դերասանուհու կրակոտ խոսքի ցավագին շեշտադրումները մինչ բուն ներկայացումը սրեցին հետաքրքրությունը նոր թատերամտահղացման հանդեպ£ Իր իսկ հեղինակած «Գրիգոր Զոհրապ. Գողգոթայի ճանապարհին» վավերապատումը Մարի Ռոզ Աբուսեֆյանը սկսեց վերապրել Հայոց ցեղասպանության դառնակսկիծ անցքերի յուրահնար խմբավորմամբ£ Վարուժանի, Սևակի, Սիամանթոյի ձերբակալությունների իրողությունը ներկայացնելով ընտանեկան իրարանցման սրտառուչ ոլորտում` կերպավորեց Դանիել Վարուժանի կնոջ` Արաքսու, ապա Զոհրապի կողակցի` Կլարայի տագնապները£ Սևակի կնոջը` Յանիին ներանձնավորված, «հանդիպեց» Գերմանիայի դեսպան Վանգենհայմի հետ£ Զոհրապի օրագրից, Շամտաջյանի «Չանղըրըյեն վերյիշումներ»¬ից, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգնթաուի, պրոֆեսոր Տատրյանի ու Պերճ Զեյթունցյանի գործերից քաղված բնութագրական փաստերի ներդաշնակ շաղախով իրար կապակցեց Զոհրապի ու Արշակ Չոբանյանի փարիզյան հանդիպումը, Թալեաթ-Վանգենհայմ, Զոհրապ-Թալեաթ բախտորոշ առանձնազրույցները£ Տասնամյակներով հանիրավի մոռացությունից արժանապատվորեն ազատագրեց թուրքական մեջլիսի երեսփոխան Վարդգես Սերինգուլյանի անունն ու գործը` վերարժևորելով ինքնակամ իր խաչելությանը հպատակվող Զոհրապի անցած վերջին` Գողգոթայի ճանապարհի անդավաճան ուղեկցի դերակատարությունը£ Չհամակերպվելով փախուստի բազմակի հնարավորությունների մերժման պատմական փաստերի հետ` Ուրֆայի հերոս Մկրտիչ Յոթեղբայրյանի Զոհրապին մեկնված օդում կախված մնացած փրկության ձեռքը հետահայաց ափսոսանքով սեղմեց£ Վայրագությունների պատկերավոր վերապատումով կենդանացրեց 95 տարի առաջ կատարված հայասպանդի ահասարսուռ դրվագները£ Երբեմն անկարող զսպելու զգայական գերպրկման ցայտումները` դերասանուհին, կարծես անհույս դեգերելով պատմական անամոք մնացած եղեռնալաբիրինթոսում, նորից ու կրկին պատմական անարդարության դեմ իրենում երբևէ չմարած ցասումն էր փոխանցում դահլիճ£ Ակնհայտորեն նպաստավոր չէր մեծ սրահը մտերմիկ երկխոսության լիարժեք կայացմանը, բայց ափսոս, որ հայահենք այս կարևորագույն հանդիպմանը առավելապես միջին ու ավագ տարիքի նրա ժամանակակիցներն էին մասնակցում£ Ըստ իս, առավել նպատակասլաց իրագործում կգտներ Հայ դատի երդվյալ պատգամախոս-դերասանուհու ստանձնած դժվարին առաքելությունը, եթե քանիցս խաղարկման հնարավորություն գտներ կամերային միջավայրում և հատկապես նոր սերնդին վարակեր յաթաղանված նախնիների տխուր ժառանգությանը տեր կանգնելու համազգային պարտքի զգացումով£ Ունենար բեմի վրա իրեն հավասար խաղընկեր, անհամեմատ կուժգնանար դրվագային թատերապատումի ներգործուն ուժը, սահուն անցումներով կպահպանվեր ներկայացման տեմպոռիթմը, կձերբազատվեր միկրոֆոնի զգալի կապանքումից£ Այդուհանդերձ, Դեր Զորի արնածոր ավազուտներից մազապուրծ փրկված տատի զարհուրելի պատմություններով մեծացած դերասանուհին ականատեսի համոզչականությամբ էր ներգործում հայաստանյան միակ խաղարկման հանդիսատեսի մտքի ու սրտի վրա£ Իր արտիստական հմայքով ու օրախնդիր թեմայի խորագիտությամբ` արժանավայել հասարակական բարձր հնչեղություն հաղորդում արևմտահայության զանգվածային բնաջնջման ոճրագործության աղաղակող փաստի միջազգային ճանաչման ու դատապարտման ծայրահեղ անհրաժեշտությանը£ Խարխլելով հանդիսատեսի նախնական համոզմունքը` անհնար է Եղեռնի թեմայով 2 գործողությամբ մենաներկայացման անսայթաք կայացումը, Մարի Ռոզ Աբուսեֆյանը ոչ միայն հավաստում է արտիստական իր կարողությունների ու փորձառության զորեղ ներուժը, այլև անմնացորդ նվիրումը շուրջ 3 տասնամյակ ծավալվող հայապահպան հավատամքին£ Կանացի իր փխրուն ուսերին պատվով կրելով ծանրագույն հոգևոր¬բարոյական այդ բեռը` շրջում է հայաշատ գաղթօջախներով£ Ներքին փոթորիկներին անսալով` հայ մշակույթի երևելի գոհարների սեփական մեկնաբանությունները ներկայացնում նաև անգլերենով£ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ստացած կրթությունը հարստացնելով երկարամյա գործունեությամբ` Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած դրամատիկական և Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Արշալույս» նորարարական թատրոններում, «Հայֆիլմ»¬ում և հեռուստառադիոպետկոմի գրական¬թատերական հաղորդումներում` Մարի Ռոզ Աբուսեֆյանը քայլ առ քայլ մոտեցել է ինքնարտահայտման լավագույն, իր նկրտումներին հարիր կառույցի կենսագործմանը£ 1983¬ից մշտական բնակություն հաստատելով Սան Ֆրանցիսկոյում` շուտով ձևավորել է իր մենաթատրոնը£ Գրական-թատերական նախասիրություններին հագուրդ տալուն զուգընթաց օժանդակել է Համազգայինի, Հայ Դատի և ՀՕՄ¬ի բարգավաճմանը` դառնալով հայ պահանջատիրության բանագնացը ինչպես ինքնաստեղծ մենաներկայացումներով, այնպես էլ հրապարակախոսական հոդվածներով£ Մոտ մեկուկես տասնյակ անուններ ներառող իր խաղացանկում` «Այս երեկո Տերյանի հետ», «Կարսից Տրոյա», «Մոռանա՞լ Եղեռնը», «Կոստան Զարյան» և այլն, աննախադեպ թատերասխրանքի նշանակություն է ձեռք բերել «Մուսա լեռան 40 օրը»£ Ֆրանց Վերֆելի ծավալուն երկի հիմնական ասելիքը խտացնելով 21 տարբեր հերոսների կերպարների սեղմ փոխհարաբերություններում` Մարի Ռոզ Աբուսեֆյանը 1987¬ից ի վեր հաջողությամբ խաղարկել է այն Լոնդոնում և Տորոնտոյում, Մոնրեալում ու Աթենքում, Կիպրոսում ու Բեյրութում£ Տատի սրտաճմլիկ պատմությունների իրական հետքերը գտնելով Դեր Զորում` Մարկատեի բլուրներից բյուրաբյուր նահատակների ոսկորներն է ժողովել, խմբերով կենդանի հրկիզվածների զգայացունց աղաղակները քարայրներից լսել£ Եվ, գլխիկոր ու ամոթահար, զինվորագրվել բարբարոսաբար բնաջնջված հայրենակիցների արդար դատի պաշտպանությանը£ Ժամանակ առ ժամանակ բանաստեղծական քնարը հնչեցնելով` կյանքի գերագույն նպատակն է դարձրել մայր հայրենիքի ամենացավոտ խնդիրների հանգուցա լուծմանը իր լուման ներդնելը£ Անցյալ տարի հայաստանցի իր հայրենակիցների հոգու լարերը թրթռացնելով Պարույր Սևակի և Սուլամիթայի սիրո պատմության քնարաշունչ վերամարմնավորմամբ` այժմ առաջնորդում է նրանց արևմտահայ տաղանդաշատ մտավորականների անցած Գողգոթայի ճանապարհով` աներևույթ կանգնելով վավերապատումի գլխավոր հերոսի` Գրիգոր Զոհրապի կողքին£ Ստեղծագործելու անմար կրքով ու հայրենանվեր մտասևեռումներով առլեցուն հայուհին վերստին սթափության ահազանգ է հնչեցնում, համազգային դրոշի ներքո մեկտեղվելու կոչնակ£ Հետևենք նրա օրինակին£ Յուրաքանչյուրս մեր ճիշտ ընտրված տեղում, ունեցած ամբողջ ներուժով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ