ՈԳՈՒ ԱՄՐԱՑՈՒՄ` ՀԱՎԱՏԻ ԼՈՒՅՍՈՎ


Այս տարի Փրկչի համբարձման օրը կրկնակի խորհրդով նշանավորվեց երեք արժանավոր հայորդյաց համար. ՀՀ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ մայոր Վլադիմիր Գասպարյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը և մանրաքանդակագործ Էդուարդ Տեր¬Ղազարյանը Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններ ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսից£ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ` 2010¬ի Ջրօրհնեքին Մայր Աթոռի Սբ. Խաչի քավոր դառնալու փաստն անտարբեր չթողեց ոչ մեկի£ Մարդկանց, հատկապես զինվորների հարազատների համար այդ իրողությունը լրացուցիչ, բայց անչափ կարևոր մի հավաստիք էր, որ նախարարը ևս այդ կերպ Տիրոջ բարեգթությունն է հայցում հայրենյաց պաշտպանների համար£ Եվ, իհարկե, կարևորում է ճշմարիտ հավատքի սերմանումը զինծառայողների հոգիներում£ Շատ չանցած` դրանում համոզվեցին բոլորը` երբ Ս. Օհանյանը Խաչը զորամասեր տարավ. մանավանդ` սահմանամերձ... Արդ, մայիստասներեքյան այս Համբարձման օրը Պաշտպանության նախարարը Հայոց բանակի մի խումբ սպաների կողքին էր` նաև Մայր Աթոռի Վեհարանում£ Ու վստահ է, որ մարդկանց հոգիներում հավատի սերմանումն «անկասկած` դեպի միավորում է տանում». դեպ միասնականություն, ինչը մեր օրերի հրամայականն է դարձել£ Վեհարանի Հանդիսությանց դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարքի նախագահությամբ և թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանության ու բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ կայացած շքանշանների տվչության արարողության ժամանակ, մեծարյալներից երկուսին` Վլ. Գասպարյանին և Զ. Բալայանին ներկայացրեց հենց ինքը` նախարար Սեյրան Օհանյանը£ - Զորի Բալայան և գեներալ¬մայոր Վլադիմիր Գասպարյան. մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ սրբորեն ծառայում են մեր հայրենիքին ու եկեղեցուն£ Նրանք լավագույն օրինակ են հատկապես մատաղ սերնդի համար£ Այս կյանքում նրանք անում են ամեն ինչ` հավիտենությունը վայելելու համար,¬ նշեց նա` ավելի հանգամանորեն անդրադառնալով մեծարյալների անցած ուղուն, նրանց կատարած մնայուն գործերին£ Էդ. Տեր¬Ղազարյանի արվեստին ու բացառիկ տաղանդին անդրադարձավ կենսաբանական գիտությունների թեկնածու Ա. Պետրոսյանը£ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի հնչյունների ներքո հանդիսասրահ բերված Հայրապետական սրբառատ կոնդակներն ընթերցեցին Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը£ Հայրապետական սրբատառ կոնդակով Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհվեց «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանն` ի գնահատութ յուն ժողովրդին ու Հայ Առաքելական եկեղեցուն մատուցած ծառայությունների£ Նրան ուղղված կոնդակն, հիրավի, Հայ բարձրաստիճան սպայի նվիրումի ամփոփ գնահատանքը կարելի է համարել. - Հայրապետական մեր օրհնությունն ու մաղթանքն ենք բերում Ձեզ` Առաքելական մեր սուրբ եկեղեցու հավատավոր զավակին£ Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Դուք անխոնջ նվիրումով տասնյակ տարիներ ազնիւ ծառայություն եք մատուցում մեր երկրին ու հարազատ ժողովրդին: Հայաստանի անկախությունից հետո Դուք մասնագիտական Ձեր կարողությունները, հարուստ փորձառությունն ու հմտությունները հոգու նվիրումով ի սպաս եք բերում մեր երկրի իրավապահ համակարգի և Հայոց Բանակի կայացմանն ու զորացմանը: Ձեր նախանձախնդիր ու արդյունաշատ ծառայության խոսուն վկայություններն են պետական պարգևներն ու բարձր կոչումները: Այսօր ուրախ առիթ ունենք անդրադառնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին, որ արտայայտությունն են առ Աստված Ձեր անկեղծ հավատի: Դուք որդիական սիրով գովարժան օժանդակություն եք բերել Գեղարդավանքի, Հաղարծինի, Կեչառիսի վանական համալիրի, Կոտայքի մարզի Ակունք գիւղի Սբ. Կարապետ եկեղեցու նորոգությանն ու բարեզարդմանը` Ձեր բարի գործերով օրինակ դառնալով հայորդյաց համար: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ զօրավոր է մեր ժողովրդի զավակների նախանձախնդրությունը` հնագույն մեր սրբավայրերի շինության ու պահպանության նկատմամբ, որոնք դարեր շարունակ աստուածային օրհնություն են սփռում նուիրական մեր հողին£ ...Ի խորոց սրտի աղոթքով հայտնում ենք, որ բարին Աստված իր հանապազ օրհնության և թող միշտ քաջառողջ ու երջանիկ պահի և պահպանի Ձեզ ու Ձեր ընտանյաց անդամներին` առաջնորդելով եկեղեցաշեն ու հայրենանվեր նորանոր իրագործումների£ Թող Ձեր հարկը շնորհընկալ լինի երկնապարգև բյուր բարիքների և առատ ողորմության£ Հազիվ թե այլևս ովևէ մեկն անտեղյակ է Գեներալի այս «թուլությունից», որն իրականում Հայ Մարդու արժանապատվություն է` բարձրացնել խոնարհված եկեղեցիները և նորոգելով` զերծ պահել դրանք ժամանակի խունացումից£ Ինքն այդ մասին պատմել չի սիրում և այդ թեմայով բոլոր հարցերի պատասխանն սկսում ու ավարտում է կատակախառն գրեթե նույն խոսքերով` - Իմ ու Տիրոջ գործերին մի° խառնվեք£ Իհարկե` չի° կատակում£ Պարզապես` «աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախը» բարեսիրության պատգամը նրա համար սկզբունք է, իսկ բազմաթիվ խոսքերի փոխարեն իր ջանքերով ամեն մի եկեղեցու նորոգումը` հոգու պահանջ£ Նրա մասին Պաշտպանության նախարարի կարծիքը լսելով, ակամա խորանում է ակնածանքդ ու մեծանում է վստահությունն այն կառույցի հանդեպ, որը երաշխավորն է մեր երկրի անառիկության£ Ոգու ամրացում` հոգևորի լույսով և սիրելու ու ներելու հզորություն£ Ինչպես Սեյրան Օհանյանը նշեց. - Վլադիմիր Գասպարյանն իր էությամբ նվիրված առաջամարտիկ է£ Իր ծառայությունը, քրտնաջան իր աշխատանքը նա սկսել է ոստիկանությունում և որպես հմուտ մասնագետ, որպես իր գործի վարպետ, համապատասխան ներդրում ունի այդ բնագավառում£ Մեր հայրենիքի վտանգի պահին նա ներգրավվել է ազատագրական պայքարում և մինչև հիմա ծառայությունը շարունակում է ՀՀ Զինված ուժերում£ Նրա շնորհիվ է, որ տարեցտարի բանակում ամրապնդվում է կարգապահությունը£ Նրա շնորհիվ է, որ վերջին տարիներին Հայաստանի Զինված ուժերում նկատելի է սերն առ Աստված, սերն` առ Հայ Առաքելական եկեղեցին£ Բոլորիս քաջ հայտնի է, թե ինչ աշխատանքներ է նա կատարում` աջակցություն ցուցաբերելով մեր Եկեղեցուն և ամրապնդելով շատերի հավատքը առ Աստված£ Շնորհավորենք ու երախտագիտության խոսքեր ասենք նրան£ Ես սա ասում եմ ոչ միայն որպես պաշտպանության նախարար, այլ նաև որպես 2010 թ. խաչքավոր. որպես հայ մարդ, ով նույնպես քրիստոնեական ճշմարիտ հավատքի կողքին է և հոգևոր ծառայությունը կարևորելով` մեծ աշխատանքներ է տանում` ՀՀ Զինված ուժերում սերն առ Աստված խորացնելու համար£ Իսկապես, «նշանակետը» ճիշտ է ընտրված` սեր և ուժ, ուժ ու սեր. անտարանջատելի միասնություն` մեկը մյուսով զորացող£ Ինչպես Նժդեհն էր պատգամում` - Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատություն ունի, ում ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան... Քրիստոսը սիրում էր, որովհետև ուժեղ էր. նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր£ ...Նա զոհաբերվեց, որովհետև գաղափարի հերոս էր£ ՆԱՍԱՏԱՐ ձեռք որոնող եկեղեցիները նորոգելու նրա անկեղծ մղումն աննկատ չմնաց. չէ՞ որ ժողովուրդը երբեք չի սխալվում£ Եվ հանձին Հայոց բանակի բարձրաստիճան սպայի ճանաչելով նաև աստվածանվեր զավակին, 63 հազար հավատացյալներ միակամորեն Վլ. Գասպարյանին անցյալ տարի ընտրեցին Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի ատենապետ£ Ու այսօր նա առավելագույն պատասխանատվությամբ է վերաբերվում Սուր և Խաչի խորհրդին£ Երկուսը միացյալ` հայրենիքի, ժողովրդի պաշտպանվածության երաշխիքն են, ազգի լինելիության առհավատչյան£ Հենց այս համոզմունքով էլ գեներալը պնդում է, որ զինվոր ու զինվորական դաստիարակողը նախևառաջ հասարակությունն է, բանակը` նրա հայելին£ Իսկ դաստիարակվելու գրավականը գիտակցականությունն է ու սիրել կարողանալը£ Արարիչը բոլորիս պարգևել է այդ ունակությունը, որը, սակայն, նիրհում է նեղ¬անձնական շահի տենդով բռնկված հոգիներում£ - Կարելի է առանց վերապահումների ասել, որ հասարակության բոլոր շերտերն առկա են բանակում£ Բնականաբար նաև նրանք, ովքեր կարծում են, թե «զոռբայությամբ» կարող են «իշխել» մյուսներին և փորձում են իբր իրենց «դիրքը հաստատել»£ Մենք, իհարկե, ծառայության 2 տարիների ընթացքում, նրանց հասկացնում ենք, որ հոռի բարքերը բանակի համար չեն£ Բայց զորացրվելուց հետո արդյո՞ք բոլորն են հրաժարվում վատ սովորություններից,¬ ասում է Վլ. Գասպարյանը` ընդգծելով, որ զորակոչից¬զորակոչ բարեփոխվող մեր բանակում դրականը չնկատելու համար առնվազն հոգով կույր պետք է լինել£ Ի դեպ` վերջերս զինվորներն ինքնատիպ մի թանկ նվեր ստացան. զինվորական համազգեստի գունավորված կազմով Նոր Կտակարանը, որը հարմար է միշտ գրպանում պահել և ցանկացած պահի ընթերցել ու վերընթերցել£ Հուզախառն էր տոնական մթնոլորտը£ Ու ներկաները կիսում էին մեծարվողների հուզմունքը և հպարտությունը£ Գեներալ-մայոր Վլ. Գասպարյանը, իրեն բնորոշ անմիջականությամբ բարձրաձայնեց, թե որքան ավելի է պարտավորեցնում այս գնահատանքը. - Ոչինչ պատահական չի լինում. պատահական չեմ համարում նաև` որ հատկապես այս սուրբ օրը` Համբարձման տոնին եմ արժանանում բարձր այս պարգևին£ Վստահեցնում եմ, որ այսուհետ ևս շարունակելու ենք մեր գործը` բարձրացնելու ենք մեր հավատո հանգանակ բոլոր տաճարները. բարձրացնելու ենք միասին£ Դրանք մեր ժողովրդի պատմական անցյալի վկաներն են, մեր հավատի առհավատչյան£ Իսկ եթե չենք հիշում անցյալը, հաստատուն չի կարող լինել ներկան և երաշխավորված` ապագան£ Աստված թող օրհնի Հայ Առաքելական եկեղեցին£ Աստված օրհնի հայ ժողովրդին£ Հավարտ արարողության` ներկաներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բաշխեց Նորին Սրբությունը. - Բոլորիս հոգին այս պահին ցնծություն է ապրում, որովհետև մեր ժողովրդի բազում արժանավոր զավակներից երեք հոգու` տիարք Վլադիմիր Գասպարյան, Զորի Բալայան և էդուարդ Տեր-Ղազարյան, այսօր այստեղ ենք բերել Մեր գնահատանքի խոսքն ասելու և նրանց կուրծքը զարդարելու Առաքելական մեր Մայր Եկեղեցու պատվո բարձր շքանշաններով: Բոլորիս էլ քաջածանոթ են նրանք և ներկայացնելու կարիք չունեն: Հայրապետական կոնդակներում արդեն ներկայացվեցին երեք մեծարյալները, և Մենք այս պահին կուզեինք անդրադառնալ նրանց երեքին էլ բնորոշ մի հատկության` խիզախության` մտքի ոգու և գործունեության խիզախության: Մեկն իր գործով, իր գիտելիքներով ու փորձառությամբ իր անուրանալի նպաստն է բերում հայրենի մեր երկրի զորացմանը, մյուսն իր գրչով գաղափարական ներշնչանք է հաղորդում մեր զավակաց և երրորդն իր աստվածապարգև տաղանդով զարմացնում է համայն աշխարհին իր արվեստի գլուխգործոց գործերով: Եվ այդ խիզախությունը, որ լավագույնս դրսևորվել է նրանց գործունեության մեջ, բարի օրինակ է մեր մատաղ սերնդի, մեր երիտասարդների, պատանիների և մանուկների համար, ովքեր իրենց բարի ընթացքով ու կենցաղավարությամբ պիտի ընդօրինակողը լինեն արժանավոր մեր հայորդյաց: Թող Տերն օրհնի Ձեզ, կենաց բազում արևշատ տարիներ ու ներշնչանքներ պարգևի և Սուրբ Հոգու շնորհներն առատաբար հեղի մեր երկրի ու ժողովրդի վրա£