«Մենք այս կյանքում վարձակալներ ենք»


Ջիվան ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային 14 մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, հարյուրավոր փառատոների մասնակից, Կանադայի ակադեմիայի երաժշտական բաժնի ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի: Մեր ազգային նվագարանն աշխարհին սիրելի դարձրած Վարպետի բարությունը ճշմարտում է այն տեսակետը, որ արվեստագետի համար անչափ էական է ներքին շիտակությունը: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Կյանքում դժվարություններն ամենուր և ամեն օր էլ կան: Պետք է դրանք հաղթահարես. եթե դժվարության առաջ խեղճացար, այն քեզ կուլ կտա: Հաջողություններ էլ են շատ եղել, և դրանցից գլխապտույտ չեմ ունեցել` ինձ թույլ չեմ տվել շփանալ, քանի որ դա դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբն է: Երկուսն էլ հավասարաչափ ուղեկցել են ինձ. ծանր մանկություն ապրելով` ունեցել եմ ստեղծագործական ձեռքբերումներ: Կյանքը հավասարակշռում է ճակատագրի բոլոր` թե° դրական, թե° բացասական անակնկալները: Եվ այսօր ո°չ տխրությունը, ո°չ էլ ուրախությունը ինձ հանկարծակիի չեն բերում, չեն զարմացնում: Ուրախության ժամանակ պետք է ուրախանաս, իսկ տխրության պահերին` հիշես բանաստեղծի հայտնի խոսքը` «Մենք մահինն ենք, մահը` մերը»: Վիշտը չպետք է կլանի քեզ: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Միայն հայ. ես սիրահարված եմ իմ ազգին… Սակայն երբևիցե չեմ մտածել, որ եթե ես հայ եմ, ապա աշխարհի ամենախելացին եմ: Խելոք ազգեր շատ կան. ֆրանսիաց ները, գերմանացիները, իտալացիները և այլք: Ընդհանրապես` համակրանքի առումով էլ ինձ համար վատ ազգ գոյություն չունի. կա վատ մարդ: Ամեն ժողովրդի մեջ մարդկային երկու տեսակներն էլ կան: Եթե մարդը «որակ» չունի` ինչ ազգի ներկայացուցիչ էլ լինի, թեկուզ երկնքից իջած, չես կարող նրան սիրել: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձաձայնեիք: - Ես գաղտնիք չունեմ. իմ բոլոր խաղաթղթերը միշտ բաց են եղել: Ինչ-որ մտածել եմ` խոսել եմ, ինչքան ունեցել եմ` ծախսել եմ: Բնավորությունս այդպիսին է. 100-ը աշխատելով 200-ն եմ ծախսել: Թվաբանական տեսանկյունից ասածս անհնար է, և կհարցնեն. այդ ինչպե՞ս: Իմաստը հետևյալն է. չեմ մտածում, թե վաղն ինչ կունենամ: Այսօրվա աշխատած գումարով այժմյան կարիքներս պետք է հոգամ` լինի դա խնջույքի սեղան, թե` գույք: Վաղն, Աստծո հաջողությամբ, լավն եմ ակնկալում: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց կուզենայի, որ մեր որոշ պետական այրերին չթվար, թե պաշտոնն իրենց հայրական ունեցվածքից ստացած ժառանգություն է: Այն քեզ վստահում են, որպեսզի ժողովրդի կյանքը բարեկեցիկ դարձնես: Ու ինձ թվում է, որ մեր երկրի նախագահն էլ այդ ցանկությունն ունի և անում է ամեն հնարավորը` այն իրականություն դարձնելու համար: Նրա վարվեցողությունն է իմ մեջ ձևավորել այս կարծիքը. առանց իմ խնդրանքի` իր իսկ ցանկությամբ եկավ` 7 ժամ ցուրտ դահլիճում նստելով, իր ներկայությամբ պատվեց հոբելյանական երեկոն: Սա տարիքն ու վաստակը գնահատող վերաբերմունք է, իսկ նման ուշադրությունը շոյում է ինքնասիրությունդ, ինչի համար շնորհակալ եմ: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Առեղծվածները շատ են: Օրինակ` այսօրվա կյանքը. մարդիկ իրար չեն հասկանում: Չեմ կարողանում ընկալել հարստանալու մերօրյա մրցակցությունը, խաբեությանը տուրք տալը. ինչպե՞ս կարելի է դիմացինին խաբելուց հաճույք ստանալ: Իսկ ԱՆՈ՞ՒՆԴ: Ինձ համար առաջնայինը հեղինակությունն է, որն աշխարհի հետ չեմ փոխի: Մարդու իսկական սեփականությունը անունն է, պատիվը: Մնացածը ժամանակավոր է. մենք այս կյանքում վարձակալներ ենք, ժամկետը լրացավ… Բայց մարդիկ կան, ովքեր ոչնչի առջև չեն կանգնում` միայն թե հարստանան: Դա իրենց ոճն է: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Մանկությունս ծանր պայմաններում է անցել. 7 տարեկան եմ եղել` մայրս մահացել է, հայրս` գնացել ռազմաճակատ: Երեք երեխա մնացել էին որբ ու անօգնական: Մեկ հորաքույր ունեի, ում տանը մեկ-մեկ հաց էինք ուտում, իսկ մեծամասամբ անոթի էինք անցկացնում օրերը: Փողոցներում նվագում էի, որ օրվա հացի գումար վաստակեմ: Կորցրել եմ ծնողներիս, եղբորս, քրոջս: Դա անմոռանալի է: Դրա համար էլ այժմյան փորձություններն ինձ համար մի տեսակ կյանքի «մանրադրամ» են, որովհետև իմ իսկական կյանքն ապրել եմ: Երեկվա կյանքն իմ պատմությունն է, այսօրվանը` Աստծո նվերը, իսկ թե վաղը ինչ կլինի, չգիտեմ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ