ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՈԳԻՆ


Այն, որ ազգի ոգին երիտասարդության մեջ է ավելի կենսունակ, համոզվում ենք, երբ հանդիպում ենք գրագետ, բանիմաց ժամկետային զինծառայողների: Ժամկետային զինծառայողներ Պերճ և Լևոն Ավետիսյանները կայացած երիտասարդներ են: Պերճ ԱՎԵՏԻՍՅԱՆ - Ծնվել եմ Երևանում` հայեցի գերդաստանում: Ինձ համար կարևորն արդարությունն է, առաջնային են օրենքը, բանականությունը: Մարդկային հարաբերություն ներում կարևորում եմ շիտակությունը: Կարևոր գործոն է հարգանքը պետության նկատմամբ: Ամեն ոք ապրելով տվյալ երկրում, պետք է կատարի իր պարտականությունը` որդեգրելով անշահախնդիր գործելաոճ: Զորամասում զինծառայողը չպետք է բավարարվի իր ֆիզիկական ներկայությամբ. որևէ ներդրում պետք է անի: Մեկ տարի առաջ էր` մայոր Լալայանին առաջարկեցի զորամասում գրադարան ստեղծել: Ողջունեցին առաջարկս. սկսվեց հետաքրքիր ու դժվար գործընթաց: Միանշանակ` կար մտահոգություն. դա խոսք էր` ուղղված նաև հասարակությանը: Եթե ավելի անկեղծ լինեմ` մերօրյա երիտասարդներն այդքան էլ ընթերցասեր չեն: Փորձել եմ այնպիսի գրականություն ձեռք բերել, որ առավել անհրաժեշտ է զինվորի համար: Սկսեցի հանրագիտարաններից, հետո պետք էր գեղարվեստական գրականություն ունենալ, քանի որ ավելի նախընտրում են դասականների գործերը: Այնուհետև գրադարանը հարստացավ ճարտարապետության, մշակույթի, քաղաքագիտության վերաբերյալ գրականությամբ: Մտադրություն ունեմ իրավաբանությանը նվիրված ձեռնարկներ ձեռք բերել, որովհետև զինվորի համար կարևոր են իրավական գիտելիքները: Պետք է օրինապաշտ լինի զինվորը, որպեսզի կարողանա պաշտպանի իր հասարակութ յունը: Գրադարանում կարող են ուսումնասիրել քաղաքագիտություն, սոցիոլոգիա, լեզվաբանություն, գրականագիտություն: Հանրային գրադարանից վերջերս ստացանք 172 կտոր գիրք: Երբեմն ունենում եմ հետաքրքիր ընթերցողներ, նրանք հիմնականում նախընտրում են գեղարվեստական գրականություն: Երբեմն ինքս եմ գրականությունն առաջարկում` հաշվի առնելով նրանց նախասիրությունները: Պետք է նաև ծանոթ լինել զինծառայողի հոգեբանությանը: Շուտով զորացրվելու եմ, ղեկավարությունը կորոշի` ով կտնօրինի նորաստեղծ գրադարանի հետագա աշխատանքները: Կարծում եմ` զորամասերում պետք է կարևորել մարտարվեստի ուսուցումը. այդ դեպքում զինվորը ֆիզիկապես ու հոգեպես ուժեղ ու առողջ կլինի: Ավարտել եմ կոնսերվատորիան, երաժիշտ եմ: Սակայն զորացրվելուց հետո այլ նպատակներ ունեմ, ցանկանում եմ ընդունվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը: Այս տարիների ընթացքում հասկացա, որ ընտրածս մասնագիտությունն իմ էությունից չի բխում: Ես ինձ տեսնում եմ իրավագիտության ոլորտում: Երիտասարդներին մաղթում եմ առողջություն: Անկախ ամեն ինչից` առողջությամբ է պայմանավորված մարդու զարգացածությունը: Լևոն ԱՎԵՏԻՍՅԱՆ - Ետպատերազմյան շրջանում կյանքի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: Առաջընթաց կա: Կան երիտասարդներ, ովքեր հիասթափված են, ամեն ինչի նկատմամբ դարձել են անտարբեր: Կան նաև տգիտության մեջ խարխափողներ: Բայց իմ կարծիքով արդեն շատ են խելացի, ինքնավստահ երիտասարդները. ովքեր նաև փորձում են լինել տեղեկացված, ինչը ողջունելի է: Անշուշտ, չենք կարող շրջանցել այն բացթողումը, որ հասցրեց մի անջրպետի, և մարզային կյանքը դատարկության մատնեց: Մշակութային կյանքը կենտրոնացավ միայն մայրաքաղաքում: Մտահոգիչ է նաև մեկ այլ հանգամանք. այդ անտարբերություն-անուշադրությունը հանգեցրեց նրան, որ հանրակրթական դպրոցներում առավել խելացի մանկավարժների քաղցը խորացավ, իսկ հիվանդագին երևույթի դեմ պայքարելը դժվարացավ: Մանկավարժը պիտի լինի հոգեբան. այսօր շատ ուսուցիչներ կան, ովքեր չեն տիրապետում իրենց իսկ ընտրած մասնագիտությանը: Մեկ այլ մտահոգություն ևս ունեմ. երիտասարդները բարդութավորված են: Դա առկա է զորամասում: Շատերի համար զինծառայությունը կարող է դառնալ ինքնահաստատման միջոց: Եթե հրամանատարության կողմից ճիշտ մատուցվի` ինչ է հայրենասիրությունը, ու վերաբերմունքը լինի համապատասխան, բավարար լինելու դեպքում հայրենասիրական ջիղը կարթնանա (մեր ազգն, իսկապես, հայրենասեր է): Այնուամենայնիվ, այսօր շարունակում են խուսափել զինծառայությունից: Շատ անգամ հասակակիցներիս ասել եմ, թե ծառայությունը որքան կարևոր է: Կան երիտասարդներ, ովքեր հոգեբանորեն, էությամբ արդեն հասուն անձինք են, պարզապես նրանք չեն ցանկանում հակառակվել օրենքին: Միանշանակ չպետք է ասել, թե անձը կայանում է բանակում: Իմ կարծիքով, բանակը պետք է համապատասխան միջոցներ ունենա, որպեսզի մասնագիտություն ունեցողները գիտելիքը կիրառելու հնարավորություն ունենան` ռազմական գիտելիքներից զատ: Պարզապես ցանկալի կլիներ, որ է°լ ավելի ուշադրություն դարձնեին անձի հոգեբանությանը` կարևորելով անհատական մոտեցումը: Մաղթանքս ուղղում եմ երիտասարդներին. թող լինեն վճռական, ինչը բարձրացնում է մարտական ոգին: Ցանկանում եմ ոգու ամրություն, համբերություն ու նաև նյութական ապահովություն, որի բացակայությունից բազում չարիքներ կարող են լինել:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ