ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ԳՆԱՑ` ՄԵՂՄ ԺՊԻՏԸ ԴԵՄՔԻՆ


Լուսաբացին երկնառաք բարի լույսը շարունակում էր տարածվել ու արթնացնել Նորքի 6-րդ զանգվածի բնակչությանը: Լուսաբացի հմայքը ամբողջանում ու գեղեցկանում էր թիվ 163 դպրոց շտապող երեխաների զվարթ ծիծաղով, որտեղ սովորել է Հակոբ Օհանյանը: Ազնիվ ու տառապանքի օրերից հյուսված հուշերի մեջ էր ծվարել Օհանյան ընտանիքը: Այս թաղամասն աչքի է ընկել ազատատենչ ու հերոս քաջերով , ովքեր առոչինչ համարեցին մահն ու գնացին: Այդ քաջերից էր Հակոբ Օհանյանը` Հրանտ ու Լենա Օհանյանների 3-րդ զավակը: Նա գիտեր, որ պետք է պայքարեր` մահվան դեմ կռիվ տալով, իսկ այդ կռվում ընկնում էին քաջեր, որոնց նախնիները հերոսներ էին: Այստեղ է մեր ազգի ոգեղենությունը, չի երկնչում մեր ոգին: Նրա երակներով հերոս բայազետցիների արյունն էր հոսում. նրա նախնիները Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից էին գաղթել: Պատմության ու պատմական երկերի սիրահար Հակոբը մտովի գծեց ու գծագրեց իր երկրի աշխարհագրական քարտեզը և մի օր էլ պոռթկաց. «Գնում եմ Ղարաբաղ, որոշել եմ, կհաղթենք, հետո էլ մեր պապենական հողերը կազատագրենք»: Կարծես սիրտն ու հոգին կապանքներից ազատվեցին, երբ պոռթկաց վերջին ճիգով: Հասավ մարտադաշտ, բայց չհասցրեց երկար «վայելել» կռվել-պայքարելու հաճույքը… Տառապանքի մաշող ալիքը հասցրել էր անթաղ հուշերով պատել Հրանտ ու Լենա ամուսիններին: Նրանց ակոսապատ հայացքներում հառաչանքից մաշված խոսքերի բեկորներ էին: Արդեն մոռացել էին շատ ու շատ մանրամասներ, պատմությունը կցկտուր էր ու հոգոցախառը: Ցավով էի հարցեր տալիս, որպեսզի Հակոբի անցյալից հուշեր պատմեին, բայց մայրական արցունքներն ստիպում էին վերապրել անցյալն ու վերաձևել նրանց հիշողության գզրոցը. - 1985 թվականն էր, որ Հակոբս ուսումը շարունակեց մարզադպրոցում: «Սպարտակ» ընկերությունում սկսեց հեծանվային սպորտով զբաղվել: Մասնակցել է քաղաքային, միութենական, հանրապետական մրցումներին` զբաղեցնելով մրցանակային տեղեր և արժանացել թանկարժեք նվերների ու պատվոգրերի: Որդիս նպատակ ուներ ռազմական կրթություն ստանալ: Էդպես էլ չհասցրեց… Էնքան հոգատար էր, ուշադիր: Երբ աշխատում էի, երեկոյան ուշ էի տուն գալիս: Ամեն օր նա ինձ տուն էր ուղեկցում,- հպարտությամբ ու գորովանքով եզրափակեց մայրը: Հայրը` Հրանտը, ով որդու մահից հետո ընդմիշտ կորցրեց ուրախությունը, տարիների տառապանքին հենված` լրացրեց կնոջ միտքը. - Հակոբս ուզում էր մյուս որդուս` Հայկիս պես զինվորական դառնալ, բայց երազանքն անկատար մնաց, իսկ ցանկությունը նրան տարավ մինչև Ղարաբաղ: Եթե երեխան խելացի, լսող եղավ, ծնողի համար էլ ուրիշ ուրախություն չի կարող լինել: Երբեք մեզ չնեղացրեց որդիս: Նրա «չլսելը» ինքնակամ Ղարաբաղ գնալն էր: Նրանք հասցրել էին ճաշակել սպասումի ու անհանգստության համը: Ամեն անգամ սրտի թրթիռով էին սպասում Հայկի տունդարձին, երբ մեկնում էր մարտական գործողության: Անհանգստությունից ինչքան է բաբախել նրանց սրտերը, քանի անքուն գիշերներ են լուսացրել: Կարծես դա քիչ էր` վրա հասավ Հակոբի մեկնելու լուրը: - Հակոբը Հայկի հետ շատ էր խոսում, ի¯նչ էր ասում, ի¯նչ էր հարցնում… Բայց երբ իմացա, որ գաղտնի դիմել է զինկոմիսարիատ, էլ չկարողացա նրան ետ պահել, գնաց` մեղմ ժպիտը դեմքին: 21 տարեկան որդիս ե՞րբ էր հասցրել էդքան տեղեկանալ Ղարաբաղյան կռվից… Շատ ինքնամփոփ ու լռակյաց էր: Հայոց աշխարհի վրա գարուն էր բացվել, մարտական թեժ գործողություններ էին Ղարաբաղում: Հայկը ծանր վիրավորվեց թիկունքից… Հասունացել էր պահը. Հակոբը նետվեց` վրեժն ու կարոտը չկարողանալով զսպել հորդահոս հոգում: Լռակյաց տղան ակամա դարձավ վրիժառու: Սկզբում նրանց խումբը տարան Ստեփանակերտ` զորավարժությունների, բայց շատ շտապ օգնող ջոկատ էր պետք: Հայոց քաջերը եղան Շուշիում. որոշ ժամանակ անց Աղդամի մոտ ադրբեջանաբնակ ՈՒմուդլու գյուղում իրավիճակը սրվեց: Ապրիլի 24-ը բախտորոշ էր լինելու շատերի համար: Ամեն տարի թշնամին փորձում էր այդ օրը «նշանավորել» իր հարձակումներով: Այդ օրը նրանք հատուկ էին պատրաստվել, որ մերոնց անակնկալի բերեին: Սկսեցին խաչաձև կրակ արձակել` առյուծասիրտ քաջերին սարսափեցնելու նպատակով: Մերոնք ետ մղեցին գրոհը…Օրն էր հատուցման, պոռթկումի… Երբ ամեն ինչ «խաղաղվեց», տղերքը նկատեցին, որ առաջին տեղատարափն իր վրա էր վերցրել Հակոբը… Հայորդին իր մեջ ամփոփեց հարազատների կարոտած ժպիտը, առմիշտ նոտագրվեց երգը թախծոտ, որ ծվարել էր նրա աչքերում: Սերն է կյանքի ապրեցնող զարկերակը, իսկ նա ամուր բռնեց այդ զարկերակը` վախենալով երբևէ կորցնելուց. վերագտածը գուցե այն չլիներ: Իսկ տանեցիները հետո հասկացան նրա հանգիստ-անհանգստությունը, մեղմ հայացքում թաքնված փոթորկուն հոգու ալեկոծումը: Ամիսներ անց Հակոբի սիրած աղջիկը երբ զանգահարեց, չգիտեր իրականությունը. ճշմարտությունն ասելու տառապանքը Հայկին բաժին հասավ… - Հակոբս եղբոր հետ շատ էր կիսվում, ի¯նչ էր հարցնում եղբորից, չգիտեմ,- դեռ արձագանքում է ծնողի հոգում…