ԶԻՆՎԱԾ… առայժմ միմյանց դեմ


Նույնիսկ ՀՀ ոստիկանությունն է չափազանց մտահոգիչ թվեր հրապարակում` հանրապետությունում ապօրինաբար պահվող զենք և զինամթերքի վերաբերյալ: Համենայն դեպս, տպավորությունն այնպիսին է, թե մենք, այս անլուծելի դարձած խնդրով հանդերձ, դեռևս 90-ականների առաջին կեսում ենք մնացել, և Հանրապետության սահմանների ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության կազմակերպումը հիմա էլ թիվ 1 գերխնդիրն է իշխանությունների ու ամեն մի հայրենասեր քաղաքացու համար: Ալիկ Սարգսյանն էլ հույսը կտրել է, թե քաղաքացիների մոտ ապօրինաբար պահվող զենք-զինամթերքի հանձնման գործընթացը վերջապես ավարտ կարող է ունենալ: Նա հաստատ ճարահատյալ է «Վահան» և «Զինանոց» միջոցառումների շարք կազմակերպում` սայլը մի փոքր ավելի տեսանելիորեն տեղից շարժած լինելու համար: Մինչդեռ նման հրապարակային ակցիաները առնվազն ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի պաշտոնավարման տարիներին պետք է կազմակերպվեին, քանի որ 94-ի մայիսի կեսերից այս կողմ` Աստծո կամոք հաստատված հրադադարից հետո, հայրենիքի պաշտպանության գործին շարքային քաղաքացիների մասնակցության անհրաժեշտություն չի զգացվել, և մեր բանակը փառքով ու պատվով այս գործը կազմակերպում է: Թեպետ պատերազմը վաղուց է ավարտվել, այնուամենայնիվ, անցնող ամիսներին մարդիկ ինքնակամ 529 միավոր զենք են ոստիկանության բաժիններ ներկայացրել: Ալիկ Սարգսյանի ղեկավարած համակարգում այս թիվը հպարտությամբ ու բարձր տրամադրությամբ են արձանագրել, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն շատ ավելի համեստ է եղել` ընդամենը 196: Իր հերթին, եթե ոստիկանության զինահավաքի մի տասը տարվա տվյալներն իրար գումարենք, հաստատ շատ ավելի լուրջ թիվ կստացվի: Մինչդեռ այն իրականության միայն «պաշտոնական հատվածը», մի մասը, իրականության պատառիկը դեռևս կարտացոլի: Եթե հաշվի առնենք, որ սպանությունները գերազանցապես հրազենի գործադրմամբ են մեզանում իրականացվում, ապա դժվար չի լինի եզրակացնել, որ հանրությունը, կամ գոնե նրա մի մասը, չասենք` մինչև ատամները, բայց լավագույնս զինված է: Դիցուք, լկտիների խրախճանքներում հաճախ օդ են կրակում, լավ հարբելուց հետո էլ` միմյանց վրա… Զենքը, ինչպես շքեղ ավտոմեքենան, նույնքան շքեղ առանձնատունը, հաստ ու պինդ փողի քսակը ցուցամոլության, ուժի և հնարավորությունների ցուցադրման կարևորագույն չափանիշներ են դարձել: Ու քանի դեռ այսպես է, գլխավոր ոստիկանապետի մեկ շաբաթ առաջ հայտարարվող ասուլիսներն, անցած շաբաթվա նման, կարող են պարբերաբար հետաձգվել: Լավատեսական, հուսադրող ոչինչ էլ չկա, իսկ հանձնվող զենքի դիմաց խոշոր պարգևավճարներ սահմանելու դեպքում անգամ վիճակագրությունն ավելի խոսուն չի դառնա: Պարզ է, որ զենք ունեցողներին այն ավելի է պետք, քան փողը:Չէ՞ որ նույն փողային հարցերը նույնպես մեզանում շատ հաճախ զենքի գործուն օժանդակությամբ են լուծվում: Թեպետ ոչ միշտ է այդպես պատահում: Ահավասիկ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեր այն բացառիկ զինասերներից է, ով զենքը համեմատաբար ազնիվ մղումներով է գործածում: Նրա նոր տարերքը, ինչպես վերջերս է հայտնի դարձել, որսորդությունն է` որքան էլ անկախ ամեն ինչից` հայրենի բնության ու կենդանական աշխարհի հանդեպ անխնա վերաբերմունքը նույնպես խրախուսելի չհամարվի: Միաժամանակ անհայտ է, թե արքայական այդ վայելքին նվիրվող օրերին երկրորդ Նախագահը բադ կրակելու համար նախատեսված հրացա՞ն է գործածում, թե՞ այնպիսի զինատեսակներ, որոնք նրան ավելի հոգեհարազատ են… Պաշտոնավարման տարիներին նա միշտ էր հպարտանում Ղարաբաղի ազատագրման գործում ունեցած իր մասնակցությամբ: Նույնիսկ մի գովազդային տեսանյութ էր նկարահանվել, որտեղ զենքին փայլուն տիրապետող նախկին թիվ 1 պաշտոնյան հանրապետության զորամասերից մեկում իր անկրկնելի արհեստավարժությունն էր ցուցադրում: Այնուամենայնիվ, այս պարագայում գոնե վստահ ենք, որ Ռ. Քոչարյանին պատկանող հրացանը, ատրճանակը կամ ավտոմատը ապօրինաբար չեն նրա մոտ հայտնվել: Տարիներ առաջ զենք նվիրելը խիստ մոդայիկ էր, և նման նվիրատվությունների ցուցադրական մասն աստիճանաբար վերացավ միայն այն բանից հետո, երբ սրա-նրա մոտ հայտնվող «նվերներն» սկսեցին պարբերաբար անմարդկայնորեն մարդկային կյանքեր խլել: Հենց այնպես, անառիթ կամ ինչպես ոստիկանությունում է արձանագրվում` ոգելից խմիչքի ազդեցությամբ: Կամ էլ պարզապես այնպես, ինչպես պատից կախված հրացանն է ժամանակ առ ժամանակ անորոշ ուղղություններով «հանկարծ» կրակում:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ