Հարավ-կովկասյան հավասարում` բազմաթիվ անհայտներով


Բազմիցս ենք փաստել, որ աշխարհը սկսել է շատ արագ փոխվել: Մեր` հարավ-կովկասյան տարածաշրջանում առկա գործընթացներին հետևելիս դժվար չէ նկատել ու հասկանալ` դրանք գրեթե բոլորն էլ հիմնականում միևնույն դրդապատճառներն ունեն: Դիցուք` արևմուտքն ու արևելքն իրար կապող Հարավային Կովկասում էներգետիկ ծրագրեր են իրականացվում: Եվ ընդհանրապես գազն ու նավթն այսօր աշխարհում շատ հարցեր են որոշում: Եվ պատահական չէ, որ գազի ու նավթի առկայությունից է կախված, թե աշխարհի հզորներն ինչ դիրքորոշում, քաղաքական ինչ ուղեգիծ կարող են ունենալ այս տարածաշրջանի տվյալ երկրի հանդեպ: Այսպես. եթե մինչև հիմա եվրոպական երկրներն Ադրբեջանի համար կարևորում և առաջնային էին համարում այնտեղ ժողովրդավարության հաստատումն ու մարդու իրավունքների պահպանումը, ապա այսօր այդ մասին գրեթե չեն էլ խոսում: Արևմուտքն այնտեղ հսկայածավալ ներդրումներ է կատարել և շահագրգռված է` արևելքի գազը րոպե առաջ անխափան Եվրոպա հասցնել: Անցած շաբաթ անգլիական մամուլը բացասաբար արտահայտվեց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` Անկարա կատարած այցի և Թուրքիայի հետ կնքված պայմանագ րերի, հատկապես Սև ծովի հատակով գազատար անցկացնելու վերաբերյալ: Այդ հրապարակումներում նշվում էր, որ Թուրքիան լավագույնս է օգտվում իր աշխարհագրական նպաստավոր դիրքից: Ընդ որում, այս երկրի այդ առավելության մասին խոսվում էր ոչ առանց չարության: Դե ինչ, Անգլիայի խանդը ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման հանդեպ, թերևս, ունի իր հասկանալի պատճառները: Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը վերացնելուն կամ գոնե թուլացնելուն միտված «Նաբուկո» գազատարի շինարարությունը դեռ չսկսված` հզոր հակահարված ստացավ ռուս-թուրքական հիշյալ պայմանագրից: Եվ ընդհանրապես, կարելի է ասել, որ հատկապես 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից մեկ տարի անց Արևմուտքը կարծես ավելի մեղմ տոնայնությամբ է սկսել խոսել Կրեմլի հետ և թերևս ընդունում է, որ Ռուսաստանը այսօր վերականգնել կամ վերագտնում է գերտերություն համարվելու իրավունքը: Թվում է` օգոստոսյան անդորրը խանգարող էական ոչինչ չի կատարվել, որը կարող էր ինչ-որ առումով անհանգստացնել Հայաստանին: Պարզապես հայտնի դարձավ, հետո էլ հերքվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ուզում է դառնալ Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Իհարկե, անձի պաշտոնի փոփոխությամբ նրա ներկայացրած պետության քաղաքականությունը չէր փոխվում: Պարզապես բացահայտորեն ադրբեջանամետ Բրայզան արդեն ի պաշտոնե պետք է վերահսկեր նաև տարածաշրջանում էներգետիկ ծրագրերի անխափան աշխատանքը: Չնայած` համանախագահները բոլորն էլ համամիտ են, որ մադրիդյան նորացված սկզբունքներում հաջողվել է համատեղել և° տարածքային ամբողջականության պահպանման, և° ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները, սակայն դեռևս կարծես չի հասկացվում, թե տարածքների առումով կոնկրետ ինչ զիջումներ է ակնկալվում հայկական կողմից: Հարցնող չկա՞, թե ինչո՞ւ միայն հայկական կողմից և այն էլ` ազատագրված հայկական տարածքների բռնադարձմամբ: Սովետական «հայրերի» նվերը, իսկապե՞ս ադրբեջանական են համարում մարդկությանը ինքնորոշում քարոզող գերտերությունները: Ի՞նչ «գրավյալ» տարածքի մասին է խոսքը` դիցուք, Աղդամի պարագայում, որովհետև հայկական վերահսկողության տակ է այդ շրջանի միայն մի մասը: Բացի այդ, Աղդամի շրջակայքում են Քրիստոսի ծննդից առաջ I դարում կառուցված Տիգրանակերտ քաղաքի ավերակները: Ինչպե՞ս պետք է լուծվի այդ հարցը: Իհարկե, Նախիջևանի հայկական գերեզմանոցի խաչքարերի հանդեպ գործադրված ադրբեջանական վանդալիմզից հետո այդ երկրի տարածքում հայկական մշակութային հուշարձանների պահպանման մասին խոսք լինել չի կարող: Եվ ընդհանրապես, անհասկանալի է նաև անվտանգության միջազգային երաշխիքների խնդիրը: Բրայզան ասում է, թե միջազգային խաղաղապահները լավ կլինի, եթե անզեն լինեն: Սակայն, անցած 15 տարիների փորձը ցույց է տվել, որ անվտանգության ամենավստահելի երաշխիքը ԼՂՀ պաշտպանության բանակն է և այն, որ ռազմավարական նշանակության կարևոր բարձունքներն այդ բանակի վերահսկողության տակ են… Ինչ-որ առումով հետաքրքիր իրադարձություններ են կատարվում մեր անմիջական մյուս հարևանի` Թուրքիայի ներսում: Այս երկիրը, ինչպես հայտնի է, լուրջ խնդիրներ ունի գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունների հետ: Եվ 2009-ին լրանում է Թուրքիայում քրդերի ազգային-ազատագրական զինված պայքարի 25-ամյակը: Այդ առնչությամբ քրդերը (և ոչ միայն նրանք) սպասում են, որ մոտ օրերս Աբդուլա Օջալանի անունից հանդես կգա նրա փաստաբանը և կհրապարակի թուրք-քրդական հաշտեցման ճանապարհային քարտեզը: Ասում են, թե այդ քարտեզում հիշատակվում է նաև Դիարբեքիրը: Անցած շաբաթվա վերջին էլեկտրոնային լրատվամիջոցները հայտնեցին, որ վարչապետ Էրդողանը հանդիպումներ է ունեցել քրդերի, ինչպես նաև մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, և` որ Թուրքիայում սկսել է քննարկվել այդ խնդիրը: Սա առաջացրել է ազգայնամոլների դժգոհությունը, և վերջիններս ասել են, թե դրանով սկսվում է Թուրքիայի մասնատումը: Այն, որ վերոհիշյալ 25-ամյա տարելիցի առնչությամբ քրդերը դարձյալ ակտիվանում են, տարօրինակ չէ: Մտահոգվելու տեղիք է տալիս փոքրամասնությունների հետ Էրդողանի հանդիպումները: Խնդիրն այն է, որ չի բացառվում` Թուրքիայի իշխանությունները հատուկ կազմակերպած լինեն այդ հանդիպումները` Եվրոպայի աչքին հերթական անգամ թոզ փչելու համար, թե տեսեք, տեսեք` մենք փորձում ենք կատարել ժողովրդավար լինելու ձեր պահանջը և փոքրամասնությունների հարցը կարգավորել ենք ցանկանում: Այս սցենարն իրականությանը, թվում է, համապատասխանում է: Հատկապես, երբ հաշվի ենք առնում այն տեղեկատվությունը, ըստ որի հիշատակված` թուրք-քրդական հաշտեցման ճանապարհային քարտեզը ստեղծվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից: Իսկ Միացյալ Նահանգները մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին: Իսկ թե ինչ դուրս կգա հարավ-կովկասյան այս բազմաթիվ անհայտներով հավասարումից, և այդ անհայտներն ինչ նոր անակնկալներ կմատուցեն Հայաստանին` թերևս նշմարելի կլինի աշնանը: