ԵՐԿԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ


ՄԵՐ ժամանակներում երկատվածությունն իրականությունն ամենաամբողջացնող բնորոշիչներից է: Թեպետ որևէ մեկն իրերն ու երևույթները բյուրեղացված, իդեալականին շատ մոտ չի էլ ձգտում տեսնել, սակայն իրականությունն իր հերթին այնպես է երկատում ցանկացած երևույթ ու գործընթաց, որ հավասարման նշաններ փնտրելը գոնե ելակետային հավասարության առումով` անգամ անիմաստ է դառնում: Նայեք` ուր կուզեք. ասենք քաղաքական դաշտին: Մի մասն այստեղ այնպես է տաքացել, որ շատ հաճախ արդեն ինքնատիրապետումը կորցնում է` իշխանափոխության թեմայով գիշերը տեսած երազը մեկ-երկու շաբաթ կամ թե նույնքան ամիս հետո սպասվող իրականությանն ագուցելով: Մյուս մասն էլ իրատեսորեն խորհուրդ է տալիս ավելի հաճախ նայել օրացույցին: Եվ իրոք, իշխանական քաղաքական ուժերը, սովորաբար, փոփոխությունների հավանականությունը տեսնում ու հնարավորությունը «ընձեռում» են միայն ընտրական գործընթացների շրջանակներում… Հայտնի ու կրկնվող և նույնքան էլ հակասական այս տեսակետներում միակ ուշագրավը, թերևս, կարծիքների հակասականությունն է, ինչն էլ տվյալ պարագայում և տվյալ իրավիճակի համար երկատվածության գրեթե դասական դարձած օրինակ է ներկայանում: Սակայն մեզանում այս երևույթն էլ դադարել է սոսկ նախընտրական առանձնահատկություն լինել. հակասականությունը վաղուց մեր ամենօրյա անբաժան ուղեկիցն է դարձել: Տարօրինակ է, բայց նման իրավիճակներն է°լ ավելի սրված են ներկայանում առաջին հայացքից պարզագույն, իսկ պայմանականորեն «հավերժական» համարվող խնդիրների շուրջ: Հիմա էլ մեր կենցաղին նայենք: Տպավորությունն այնպիսին է, թե տնտեսական ճգնաժամը շրջանցել է մեր հանրապետությունը: Համենայն դեպս, ավելի բուռն հանգստյան սեզոն դժվար է վերհիշել, և այս շաբաթներին ծաղկման գագաթնակետին հասած զբոսաշրջային բիզնեսն էլ իր հերթին է ասվածն ապացուցում: Հակառակ ամեն օր ու ժամ բոլորի տեսածին ու լսածին, հարցին, թե այս տարի որքան գումար են մեր հայրենակիցները տրամադրել ամառային հանգիստը կազմակերպելու գործին, հարցվող ների ճնշող մեծամասնությունը նշել, է, որ այս անգամ այդպես էլ հնարավորություններն ու ցանկությունները չեն համընկել: Լավագույն դեպքում արձակուրդային մեկամսյակը տանը տնային հանգստին են «նվիրել»: Գուցե հենց սա էլ չարյաց փոքրագույնն է, քանի որ կարող էր պատահել նաև այնպես, որ տանը հանգստացող քաղաքացին հանկարծ որոշեր երեկոյան Երևանը վայելել ու հետն էլ ինչ-որ զվարճանքի վայրում հայտնվել: Այս դեպքում փոքր չէ հավանականությունը, որ մարտաֆիլմային բախումների ամենաուղղակի մասնակիցը կամ լավագույն դեպքում ականատեսը դառնա: Այնպես որ` զվարճանքն ու հանգիստը մեզանում շատ հաճախ ռիսկի տարրեր էլ են պարունակում: Իսկ ոմանց համար առօրեական լինելու չափ սովորական դարձած «հերթական միջադեպից» հնարավոր չեղավ խուսափել նաև նախորդ շաբաթ: Բարեբախտաբար այն «հերթական ողբերգությամբ» չավարտվեց, բայց հո մոտ էր երկատվածությունն ամբողջացնելուն` զվարճանքը ողբերգությամբ եզրափակելուն: Իհարկե, լավ ապրելակերպին երբեք էլ ընդդիմացողներ չեն լինի, բայց «շան գլուխը» բոլորովին այլ տեղ է թաղված, քանի որ հաճախ դրա մասին պատկերացումներն են խեղված ու բոլոր հնարավոր նորմերից շեղված ներկայանում: Մեր մի ստվար հատվածի պարագայում զվարճանքն սկսվում է այն կետից, որտեղ ավարտվում են տանելի ու թույլատրելի նորմերը: Իսկ արդյունքը կամ ավելի ճիշտ հետևանքն այստեղ ոչ միայն կանխատեսելի է, այլ, ինչպես վերևում ակնարկեցինք` մեր ժամանակների ու մեր իրականության բաղադրիչներից է վաղուց: Առավել ճարպիկներն, իհարկե, երբևէ երևանյան զվարճավայրեր չեն հաճախում, հրապարակային ցանկացած երևույթից խուսափում են: Նրանք տեղում «զվարճանում», ինքնադրսևորվում, ինքնաիրացվում են «չար» աչքից հեռու` նախընտրելով ողջ էներգիան վատնել ասենք որևէ եվրոպական երկրում: Բայց «զվարճանքի» սահմանագծերը, իհարկե չնչին տարբերություններով, ամենուր նույնն են: Ահա թե ինչպես է ստացվում, որ տեղական սկանդալներից ինչ-որ կերպ խույս տալով` մեր «երևելիները» շատ հաճախ «եվրոպական մակարդակի» անախորժ պատմությունների կենտրոնում են հայտնվում: Այս տարի այս ամենին գումարվեց նաև խոստումնադրժությունը, երբ սրանք, հավանություն տալով տեղական հանգստի անփոխարինելի տարբերակին, այնուամենայնիվ, դարձյալ եվրոպական ծովափերը նախընտրեցին: Այս պարագայում որևէ մեկը (բնականաբար աչքաչափով) չի կարող կշռել ու հաշվել վատնվող միջոցների անպատկերացնելի չափերը: Իսկ երկատվածության անտանելիությունն ու դրա հաղթահարումը պարզ է, որ նմաններին անհասանելի է ու չի հետաքրքրում: