ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԵՋ

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Մարսել Մարսոյի հայազգի սանը` ծագումով հայ ֆրանսիացի ժամանակակից հանրաճանաչ մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեոգրաֆ Վահրամ ԶԱՐՅԱՆ.

Դեռևս ուսանողական տարիներին` դրամատիկ թատրոնի դերասանական կրթությանը զուգահեռ, տարվել է մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի ժանրով: Խաղալով Յուրի Կոստանյանի «Գեներ», Ժիրայր Դադասյանի «Թռիչք» և «Չարի ծաղիկներ» ներկայացումներում` Երևանի մնջախաղի պետական թատրոնի կազմում շրջագայել է արտերկրում: Հրավիրվելով Գերմանիա, ապա Ֆրանսիա` Փարիզում հաճախել է Իվ Կազատիի դասական պարի խորացված դասընթացներին: Հանրահայտ մեթոդաբան և մնջախաղաց էտիեն Դեկրուի շարժման տեխնիկան է ուսումնասիրել Իվան Բաչիոչիի հետ Բելվիլի արվեստանոցում: Վարպետության դասեր է ստացել նաև Արիան Մնուշկինից, Քերոլայն Կարլսոնից և Մորիս Բեժարից: Բյուրեղացնելով կատարողական վարպետությունը Փարիզի Մարսել Մարսոյի անվան մնջախաղի միջազգային հեղինակավոր դպրոցում` ուսանել է Սորբոնի համալսարանում: «Վահրամ Զարյան» թատերախմբի հիմնարկեքով խթանել է ստեղծագործական վերընթացը և, որպես մնջախաղի ու շարժման թատրոնի վառ ներկայացուցիչ, իր ուրույն տեղն է զբաղեցրել եվրոպական արդիական թատերարվեստում:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը Ձեզ համար:

- Երբ ասում են` կյանք, հասկանում եմ մարդկային փոխհարաբերություններ, մարդը հոգեմտավոր-կենսաբանական դրսևորումների շարժման մեջ: Եվ այդ շարժումը պիտի անպայման լինի անկաշկանդ, կատարյալին ձգտող, նույն կյանքը գեղեցկացնող, իմաստավորված: Այլ կերպ ասած` մարդկային հարաբերությունները պիտի լինեն անկեղծ ու ազնիվ, որպեսզի ինձ համար հեշտ լինի ապրել ու արարել: Բայց երբ հանկարծ այդ հարաբերությունների մեջ գռեհկություն, չարություն, կեղծիք է ի հայտ գալիս, ես խուճապի եմ մատնվում, շնչահեղձ եմ լինում, սարսափելի դժվարանում եմ խաղաղ ու արդյունավետ ապրել, կապանքվում է ստեղծագործական միտքս: Տակնուվրա է լինում զգացմունքառատ ներաշխարհս: Ինձ լավ եմ զգում միայն ազատ ու բաց, անմիջական ու անկեղծ մարդկային, կյանքային, ստեղծագործական հարաբերություն ներում:

- Արդեն 15 տարի Դուք միջազգային մշակութային դաշտում հայտնի եք որպես հայկական արմատներով ֆրանսիացի արվեստագետ: Յուրատեսակ երկքաղաքացի... Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Եթե նկատի ունեք գեները, ապա նորից կծնվեի հայ: Չէի կամենա ոչինչ փոփոխվեր:Կարծում եմ` արվեստը ոչ մի սահման, իսկ արվեստագետը ոչ մի ազգություն չունի: Արվեստը համամարդկային երևույթ է: Եվ հետո, ես Հայաստանից չեմ փախել, չեմ գնացել, որովհետև այստեղ ինքնադրսևորման հնարավորություններ չեմ ունեցել: Գնացել եմ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Գուժ Մանուկյանի արվեստանոցում ուսանելուց հետո: Նախանձելի բարեպատեհ առիթ եմ ունեցել մասնագիտական կրթությունս շարունակելու հանրահայտ Մարսել Մարսոյի բացառիկ դպրոցում: Միաժամանակ, մտահորիզոնս ընդլայնելու, գիտելիքներս խորացնելու ջանադրությամբ, առավել հասուն փորձառությամբ բացահայտեցի Սերգեյ Փարաջանովի առեղծվածային, ինձ չափազանց գերող արվեստը: Գիտական հետազոտությունների մեջ խորամուխ լինելով` 2008-ին պաշտպանեցի արվեստաբանության թեկնածուական «փարաջանովյան» թեզս Սորբոնում: Թե Ֆրանսիայում, թե այլուր, երբ ճանապարհորդել եմ իմ թատերախա ղերով, միշտ ներկայացվել եմ որպես ֆրանսիացի ժամանակակից հայազգի արվեստագետ: Երբ Հայաստանում եմ լինում, չեմ ուզում, որ ինձ կոչեն սփյուռքահայ կամ ֆրանսիացի: Այստեղ իմ հարազատներն են ապրում, անկրկնելի մայրս, եղբայրներս, անհամար ընկերներս: Նրանց հետ կապերս երբեք չեն թուլացել, հարազատությունս չի նվազել` սրվելով կարոտի զգացումից: Դեպի Երևան թռչելիս արդեն օդանավում երազում եմ ինձ զգալ այնպես, ինչպես ուսանողական տարիներին, վերապրել օրերը, որոնք անցել են Վանաձորում, Երևանում մինչև 2000-ին Ֆրանսիայում հաստատվելս: Որ երկրում էլ որ հանդես գամ, ես հայ եմ մնում:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչ այժմ կբարձրաձայնեիք:

- Շատ գաղտնիքներ չունեմ: Կան բաներ, որոնց մասին ուղղակի չեմ խոսում: Չասել` չի նշանակում թաքցնել: Չասել` չի նշանակում նաև ստել: Այսինքն, իմ համոզմամբ, կան բաներ, որ երբ փորձում ես խոսքերով բացատրել` որոշակի է զգացմունքային զգացողություններդ, դրանք երբեմն դեֆորմացվում են, էապես այլափոխվում: Կա մի պատմություն, որը ոչ մեկին չեմ պատմել: Չգիտեմ, թե ինչու եմ երկար լռել այդ մասին: Գուցե ժամանակը չի հասունացել կամ առիթ չի եղել: Մութ, ցուրտ, վատ տարիներին, երբ Շիրակամուտից Վանաձոր պիտի հասնեի` թատերական ստուդիայի դասերին, ավտոբուսով մեր գյուղից թատրոն հասնելու համար ստիպված էի երեկոյան, քնելուց առաջ մեր կիսաքանդ տան բակում աճեցված մաղադանոսն ու կանաչ սոխը քաղել, կապուկներ անել: Եվ վաղ առավոտյան, մինչև դասերի սկիզբը, դրանք հասցնել Վանաձորի շուկա և ավտոբուսի տոմսի գնով ամբողջը հանձնել արդեն ծանոթ վաճառողներին: Հիմա արդեն 20 երկար ու ձիգ տարիներ հաստատվել եմ բեմում, կայացել որպես մնջախաղաց արվեստագետ, բայց երբ հետադարձ հայացքով եմ նայում այդ օրերին, անգամ ռոմանտիզմ եմ տեսնում արարքիս մեջ, գնահատում եմ որպես ինքնահաս տատման դրսևորում, փորձառություն:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Ամեն նոր ստեղծագործության բեմավորման ամբողջ ընթացքում: Առեղծվածային են խճճված կծիկի նման «քանդվող» հիմնական ասելիքը, ներկայացման կմախքը, խորքերը... Պատկերացրեք, երբեմն չի ստացվում վերծանել այդ առեղծվածը, բայց այնքան գայթակղիչ է լինում ստեղծագործական ընթացքը, որ գերադասում եմ թաքցնել հոգուս գաղտնարանում` մինչև հասունանա իր կամ իմ ժամանակը: Եթե արվեստում շարժիչ ուժ են դառնում առեղծվածները և զգացական-խոհական կարևոր լիցքեր են հաղորդում ստեղծագործությանը, ապա կյանքում դրանք երբեմն անորոշության պատնեշ են ստեղծում: Կյանքում ամենաառեղծվածայինն ինձ համար ընտանիք կոչվածն է: Ես չունեմ իմ ընտանիքը, առանձնապես չեմ էլ ձգտում, գուցե այդ պատճառով է ինձ համար դժվար ընկալելի: Բուռն սերեր ունեցել եմ, բայց, մխրճված լինելով ստեղծագործական բարեբեր միջավայրում, երբևէ չեմ մտածել ամուսնական դաշինք կնքել: Կարծում եմ` դեռ կհասցնեմ հայրանալ:

- Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը:

- Զվարճալի կամ զավեշտալի միջադեպեր շատ են եղել: Սակայն դրանք ծիծաղի պոռթկում են առաջացրել տվյալ իրադրության մեջ, տվյալ պահին: Դրանց մեծամասնությունը հիմա ժպիտով եմ միայն հիշում: Մեկն, օրինակ, իրարամերժ զգացողություններով է դաջվել մտապատկերումս: Բելգիայում «ԻԼԻԱ» մենաներկայացումս եմ խաղում, որի անվանումը կրկին երկակի իմաստ ունի: Պոետ-դրամատուրգ Ֆլորան Բրակոնի «Խոստովանությունից» հետո եմ արել, որը 2010-ին ներկայացրի Հայաստանում, Մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակներում: Բեմելիցս 10 րոպե անց լույսերն անջատվում են: Համատարած խավարում բնազդաբար կողմնորոշվելով` շարունա կում եմ շարժվել: Ենթադրում եմ, որ շուտով մանր անսարքությունը կշտկվի: Պարտավորված եմ զգում չընդհատել ներկայացումը: Սրահը նույնիսկ մի ճրագով չի լուսավորվում որոշ ժամանակ, որը հավիտենություն է թվում: Լարումս ուժգնանում է, բայց ինքնատիրապետումս չեմ կորցնում: Բեմական շարժումս ամեն դեպքում չեմ դադարեցնում: Մտքումս հանկարծ սկսում եմ «Հորովելը» երգել. «Վար վար արա, ակո˜ս արա...»: Երգելով գնում եմ դեպի կուլիսներ, հասնում դիմահարդարանոց` աստիճանաբար բարձրացնելով ձայնս, քանի որ բավականաչափ հեռանալու էի բեմից: Շատ արագ բաճկոնիս գրպանից հանում եմ վառիչս, նրա լույսով վերադառնում բեմ` առանց երգս ընդհատելու: Հոգեվիճակս աննկարագրելի է, բայց ներկայացումս ձախողել չեմ կարող: Վերջապես էլեկտրաէներգիայի սնուցման խափանումը վերացվում է, և դահլիճը ողողվում է լույսերով: Ներքին խռովքս չի հանդարտվում, քանի որ ներկայացման մաս կազմող տեսանյութի ծրագիրը չէր պահպանվել համակարգչի մեջ և մի մեծ հատված արդեն անցել էի խավարում, ապա` վառիչով: Ստիպված եմ լինում իմպրովիզային ավարտի տանել մենախաղս: Ի զարմանս ինձ` ներկայացման ավարտից հետո լսում եմ հիացական արտահայտություններ: Մանավանդ այդ անակնկալ վերափոխված դրվագը շատերը համարում էին ռեժիսորական արտասովոր գյուտ: Հանդիսատեսային ընկալմամբ ոգևորված` մի կարճատև «խավարածին» մաս սկսեցինք խաղարկել հետագա ներկայացումներում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ