Մայր օրենքի «զավակներն» են թերի ու պռատ


Ակամա մի հումոր ծնվեց. Աստված էս ամառն այսքան կիզիչ դարձրեց, որպեսզի «թեժ» գարուն-աշուն-ձմեռ խոստացողները իսկական «թեժության» այրոցը զգան, իսկ այդ խոստումների հետ հույսեր կապողները համոզվեն, որ ոչ մի կանոնաշեղում (անոմալիա) չի քաղցրացնում դառը կյանքը: Կանոնաշեղումը ոչ թե ընդդիմանալն է իշխանությանը, այլ այն, որ դա ընդամենը կեցվածք է: Շինծու կեցվածք:

Սա` իմիջիայլոց: Եվ եթե ավելի լուրջ` քաղաքական օրակարգում այսօր Սահմանադրության բարեփոխումների թեման է: Առաջարկությունը հնչելու առաջին պահից, երբ դեռ նույնիսկ ինչ-որ տեքստ էլ չկար, որոշ ուժեր իբր «նախազգուշացրին», թե դա արվում է, որ գործող իշխանությունը վերարտադրվի: Ու շատերը չմտածեցին, որ Հայաստանի նման երկրներում գործող իշխանությունները միշտ էլ կարող են վերարտադրվել. այն պարզ պատճառով, որ լծակներ ունի: Բայց սա չէ էականը: Մեր պարագայում` քաղարենայում քիչ թե շատ նկատվող բոլոր ուժերն էլ եղել են իշխանության մեջ. ի՞նչ են արել ժողովրդի համար: Նրանցից յուրաքանչյուրը, երևի, ձեռքի մատները ծալելով ինչ-որ թվարկումներ կանի: Բայց արվածն արդյունքով է չափվում, իսկ այդ արդյունքը երկու տասնամյակից ավելի է` չի բարվոքվում (մեղմ ասած):

Սահմանադրությունը բարի ցանկությունների գեղեցիկ շարադրանք է, սակայն դրա հիման վրա ստեղծվող օրենքնե՞րը... Գործող Սահմանադրությունից հրաժարվել չցանկացողներին հարցնենք` այդ օրենքների դեմ ժամանակին պայքարե՞լ եք, հիմա պայքարո՞ւմ եք: Թե՞ դրանք ձեզ չեն խանգարում: Ձեզ համար ընդամենը «սիրելի ընտրող» դարձած ժողովրդի´ն են խանգարում: Օրինակնե՞ր: Որքան ուզեք:

= Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում… (հոդված 33.2):

Իսկ ո՞վ է այդ իրավունքի երաշխավորը: Վերջին տարիների ծառատունկերից հետո հրապարակված թվերը եթե գումարենք` Երևանը պետք է ծառաստան լիներ: Բայց կիզիչ արևից պաշտպանվելու համար նույնիսկ երբեմն ծառ չես գտնում և սրդողած ուզում ես շոյել անցյալ հարյուրամյակից ծերացող ծառերը, որ հանկարծ դրանք էլ «չորոշեն» չորանալ: Կամ. և´ գործող Մայր օրենքում (հոդված 16), և´ բարեփոխված տարբերակում (հոդված 26) մի ձևակերպում կա.

= Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում` միայն հետևյալ դեպքերում.

…5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով:

Այսինքն, եթե իրավասու մի մարմին նպատակադրվում է անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնել, ծնողը պետք է ազատազրկվի՞, թե՞ դաստիարակ չական հսկողության հանձնելն է ազատազրկում …

Կամ.

= Հոդված 38. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով:

Եթե յուրաքանչյուր ոք իրավունք ունի, ուրեմն բուժհիմնարկները պարտավոր են: Բայց… եթե գրպանդ լիքն է:

Վերջերս տեղի ունեցած մի միջադեպ վերստին անտերունչության ցավ առաջացրեց: Վթարի ենթարկված անժառանգ թոշակառու մի կնոջ «Շտապօգնության» մեքենայով Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էին հասցրել: Մինչև նրա հարազատների գալը` ոչ մի բուժօգնություն (բարեբախտաբար` վնասվածքները վտանգավոր չէին): Հետո միայն բուժզննում են կատարում և պահանջում 40 հազար դրամ: Այդ մարդկանց համար դա դաժան դատավճիռ էր: Իհարկե, ի վերջո հաջողել էին խնդրել-ա ղերսել, և 40 հազարը դարձել էր 20 հազար: Սակայն ոչ մի փաստաթուղթ. որևէ գնացուցակ չէր ներկայացվել ու նույնիսկ դրամարկղում գումարը մուտք անելու կտրոն չէր տրվել: Իսկ «Թեժ գծից» բացատրում էին, որ եթե նա որոշակի միավորներ (բալեր) ունեցող նպաստառու չէ, հիվանդության կարգ չունի` հիվանդանոցն է որոշում` որքան վճարի: Մանավանդ` սպառնալիքներն էլ հետը. «Չմուծեք, հիվանդին դուրս չենք գրի»:

Երկու օր անց, երբ հիվանդի հարազատները գնացուցակ և ՀԴՄ կտրոն էին պահանջել, տրվել էր 15.000 «դրամանոց» կտրոն:

Տեսնես Սուրբ Գրիգոր Լուսավորչի հոգին օրը քանի՞ անգամ է ալեկոծվում` իր անվանակիր հիվանդանոցի չմեղմվող ախորժակից: Առժամանակ առաջ մեկ ուրիշին էլ կեսգիշերին այնտեղ էին տարել արևահարվելու հետևանքով: Ինչպես ընդունված է ասել` «սիստեմա» էին միացրել և վաղ առավոտյան պահանջել 20 հազար դրամ: Դարձյալ` ոչ մի գնացուցակ, ոչ մի ՀԴՄ կտրոն:

***

Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող որևէ ատյան, որևէ պատգամավոր գոնե 1-2 անվճար հիվանդանոց ունենալու օրինագիծ ներկայացրե՞լ է: Պետբյուջեն բավականաչափ գումարներ հատկացնում է մասնավոր դարձած բուժհիմնարկներին` պետպատվերով ամենատարբեր բուժումների, առողջապահական փաթեթների համար: Սակայն դրանք ոչ բոլորին են հասանելի: Այդ գումարներով պետական անվճար հիվանդանոցներ ունենալու դեպքում ոչ միայն անվճարունակ խավերը չեն վախենա բուժվել, այլև մասնավորը կզսպի «թվեր կրակելու» գայթակղությունը` հիվանդ կորցնելու մտավախությամբ:

Մանավանդ`

= Օրենքը սահմանում է յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքը ,- ավետում է Սահմանադրությունը:

Ուրեմն ո՞ր օրենքով են հիվանդանոցներն այսքան հափրել: Պետությանը առողջ քաղաքացիներ են պետք: Իսկ առողջությունը գրպանի պարունակության հետ չի´ կարելի պայմանավորել:

Մի խոսքով, եթե պայքարել, ապա` ընդունվող օրենքների դեմ, որոնք որքան «բարեփոխվում», այնքան նսեմացնում են «շարքային» քաղաքացիների արժանապատ վությունը: Առավել ևս` Սահմանադրության պահանջ է`

= Մարդու արժանապատվությունն անխախտելի է: