2. Հայրենիքը արյան մորմոք է, ոգու կարոտ


(Սկիզբ` «ԱՎԱՆԳԱՐԴԻ» թիվ 34-ում) (Լրագրողի մտորումներ) Սերնդեսերունդ նահատակվածների այդ արյունը եղավ այն սրբազան շաղախը, որը ձևավորեց մեր ազգային նկարագիրը, մեզ տվեց ազգային կերպարանք, ազգային մտածողություն, յուրահատուկ մի հոգեկերտվա°ծք: Այդ ազգային հոգեկերտվածքի պրիզմայի միջով նայելիս մարքսյան դասակարգային պայքարի տեսությունը, գոնե իմ աչքում, մի խոշոր ճաք է տալիս, բախվելով այնպիսի մի երևույթի, ինչպիսին…ազգային մտածողությունն է, ազգային դաստիարակությունը: Եվ սա միայն մեր առավելությունը չէ, մեզ իբրև ազգային հավաքականություն բնաջնջել փորձած ու մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված մեր ոսոխների…«ծառայությո¯ւնն» է: Դարեդար մեզ վրա սուր քաշած մեր բազում թշնամիները մեզ միշտ դիտել են իբրև… հավաքակա¯ն հակառակորդ: Ձգտել են կտրել մեր արմատից` առանց դասային ու դասակարգային խտրականության: 1915-ին մեր կենաց ծառը հատել փորձող թրքական կացինը պատուհասում էր մեզնից յուրաքանչյուրին հենց միայն նրա համար, որ մենք…հա¯յ էինք ծնվել: Հայ լինելը…թր քաց բարբարոս պետության մեջ հանցանք էր համարվում, և դա քիչ չնպաստեց, որ ամեն հայի մեջ մենք…բախտակից ու արյունակից տեսնենք, նաև` ապավինենք իրար: Քանզի պատմական դառը փորձով համոզվեցինք` թշնամին ընդհանուր է, բոլորինս` անկախ մեր դասային ու դասակարգային պատկանելության, անգամ անկախ թուրք պետությանը մեր ժողովրդի մեծ զավակներից յուրաքանչյուրի մատուցած վիթխարի ծառայությունների: Առանց պոլսահայ մտավորականության փայլուն դեմքերի` թուրքերը դեռ մինչև հիմա էլ չէին ունենա ոչ կինո, ոչ թատրոն, ոչ ճարտարապետական կոթողներ, ոչ իրավագիտություն, ոչ հազար ու մի այլ բաներ: Անամոթաբար յուրացրին դարերով մեր /ոչ միայն/ ժողովրդի ստեղծած նյութական, բարոյական ու մշակութային արժեքները, որովհետև իրենք արարել չգիտեին, իրենցը միայն ավարառությունն էր ու ավերումը: Նույն ծերուկ Մարքսը մի առիթով ասել է. «Թուրքերի միակ արտադրաեղանակը…թալանն է»: Այո, թալանը: Ինչպես ամեն մի ավարառու ելուզակ` թուրքերն էլ անընդունակ եղան գնահատելու այն ժողովրդի հանճարը, որն արարել էր իրենց կողմից թալանվող բարիքները: Իբրև յուրահատուկ «երախտագիտություն»` նրանք ոչնչացրին այդ բարիքներն ստեղծող միլիոնավոր մարդկանց, գազանաբար ջախջախեցին իրենց ավազակային պետությունը քաղաքակրթութ յան ճանապարհով տանել փորձող հազարավոր Գրիգորզոհրապների հանճարեղ գլուխները… Թուրք էին` արեցին: Ինչպես 1911-ին երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության ծրագրում էին արձանագրել` «կայսրությո¯ւնն էին օսմանացնում»: Դա նշանակում էր մի ամբողջ ժողովրդի բռնի ոչնչացում ու տեղահանություն` «հայկական խորթ տարրը անհետ ու անճետ ընելու համար»: Սալոնիկի հիշյալ կոնֆերանսում այդպես էր բանաձևել երիտթուրք պարագլուխների քաղաքական քարտուղար դոկտոր Նազըմը: Իսկ եռապետներ Թալեաթը, էնվերն ու Ջեմալը դրանից ընդամենը 4 տարի անց մոլագար եռանդով ձեռնամուխ եղան «կայսրության օսմանացման» այդ դիվային ծրագրի գործնական կիրառմանը: 1915-ի սեպտեմբերի 9-ին ներքին գործերի նախարար Թալեաթը Հալեպի նահանգապետին հղեց այսպիսի մի հրեշավոր հեռագիր-հրահանգ.«Ջեմիեթի հրամանով կառավարությունը որոշել է բնաջնջել Թուրքիայում ապրող բոլոր հայերին…Որքան էլ սարսափելի լինեն բնաջնջման մեթոդները, չնայելով խղճի զգացմունքներին, վերջ տվեք նրանց գոյությանը…Օրորոցում չթողնեք ոչ մի երեխա…»: Այս անգթությունն է հայ ժողովրդին թուրք մարդակերների մատուցած միակ «ծառայությունը»: Սրանով նրանք նպաստեցին, այո, այո, նպաստեցին, այն էլ առանց որևէ չակերտի, մեր ազգային մտածողության հետագա արմատակալմանը: Զորացրին մեր ազգային հավաքականության համախմբումի գիտակցությունը… /շարունակելի/

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ