Ոսկե աշուն` հանդարտ ձմռան ակնկալիքով


Աշուն է: Լրատվամիջոցները, հատկապես քաղաքական ոլորտում գործող լրագրողները կանխագուշակում և փորձում էին հավաստիացնել, թե ներքաղաքական զարգացումները խոստանում են սենսացիաներով առատ աշուն: Սակայն այսօր արդեն կարող ենք արձանագրել` սկսվել, իր իրավունքների մեջ է մտել Հայաստանում տարվա եղանակներից, թերևս, ամենագեղեցիկը` թավշյա աշունը: Երևանում էլ քաղաքականի փոխարեն շինարարական թեժությունն է իշխում` ժամանակավոր անհարմարություններ մատուցելով անցորդներին: Պարույր Հայրիկյանի նախաձեռնած սրճարանային հանդիպումներն էլ ոչինչ չտվեցին: «Ագրարային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախկին ԱԻՄ-ական Արամ Հարությունյանի խոսքերով` Պարույր Հայրիկյանն արդեն անցած էտապ է… Գուցե դա՞ էր ընդդիմության սրճարանային հանդիպումների անարդյունավետության պատճառը: Թե՞ այն, որ ինչպես սրճարանային հանդիպումներից հեռու մնացած ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հետո ասաց. «Սրճարաններում սուրճ խմելով ու քվեարկելով, միասնական թեկնածու չեն ընտրում»: Բոլոր դեպքերում, Հանրապետության նախագահի` ընդդիմության միասնական թեկնածու չկա ու, ինչպես երևում է, չի էլ լինի: Ճիշտ այնպես, ինչպես խորհրդարա նական ընտրություններում ընդդիմադիր միասնական ճակատ չստեղծվեց: Ու առաջիկա` Նախագահի ընտրությունների սցենարն էլ արդեն գրեթե տեսանելի է: Ինչո՞ւ: Ավետիք Իսահակյանը կասեր` տառապանքս փորձ ունի: Հայաստանի ու հայ ժողովրդի տառապանքն էլ առնվազն այս հարցում հաստատ` նույնպես փորձ ունի: Մայրաքաղաքային, այժմ արդեն նաև սրճարանային դարձած հայրենի ընդդիմությունը հիմա նորից հիշել է` մայրաքաղաքից բացի նաև մարզերում` հազար ու մի դարդ ու ցավի տեր բնակչություն կա, որին էլեկտորատ, այսինքն, ընտրազանգված ` մոդեռն, ասել է թե` ժամանակակից անունն են տվել: Կհիշի ու մեկ մեկու հերթ չտալով, նախագահացուներն իրենց կուսակցական վերնախավով, տեսախցիկները գրկած օպերատորներին հետևները գցած կվազեն միայն ընտրությունից ընտրություն հիշվող խեղճ ընտրազանգվածի դուռը` իրենց գոյությունը մի կերպ արդարացնող (՞) քվեների գոնե մի չնչին տոկոս մուրալու: Իսկ որպես նախընտրական ծրագիր ի՞նչ առաջարկելու, ի՞նչ են խոստանալու, ի՞նչ են ասելու… «Նոր ժամանակներ»-ի նախագահ Արամ Կարապետյանը, որ հայտարարել է` ոչ մեկի հետ չի միանալու, ի՞նչ նոր բացահայտումներ է անելու Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղեկավարած, իր խոսքերով, հանցավոր վարչախմբի հանցավոր գործունեության մասին: «Իմպիչմենտ»-ն ու «Այլընտրանքը», «Հանրապետությունը» ինչպե՞ս են ձայնակցելու մոսկովյան լրատվամիջոցների կողմից հայաստանյան ընդդիմության լոկոմոտիվի տիտղոսը ստացած ՆԺ նախագահին, եթե նա միայնակ է գնալու մարտի, ինչպես հպարտ վերջին մոհիկան: Թերևս, ասելիքի պակասից չնեղվի «Ժողովրդական» կուսակցության նախագահը: Գուցե այդ օրերին ԱԼՄ-ով ավելի հաճախ հեռարձակվեն Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում նրա մենահամերգի, տարբեր մարզերի բնակիչների հետ Սևան ու տեսարժան վայրեր կատարած այցելությունների մասին պատմող տեսագրությունները… …Այդ նախընտրական իրարանցման մեջ գուցե չհիշվի, որ պաշտոնական Բաքուն չդադարեցնելով Ղարաբաղը հետ նվաճելու հոխորտանքները, այնուամենայնիվ ստիպված եղավ ընդունել հայ մարզիկներին… Գուցե: Ի դեպ , անցած շաբաթ ՀՅԴ-ն գումարեց իր ընդհանուր ժողովը… Շուշիում: Ինչպես դաշնակցականներից մեկն ասաց, ընդհանուր ժողովը Շուշիում անցկացնելը Սփյուռքի ուշադրութ յունը Ղարաբաղի, նրա խնդիրների վրա հրավիրելու նպատակ ուներ: Ժողովի արդյունքում որոշվել է նոյեմբերին հրավիրել ՀՅԴ արտակարգ ընդհանուր ժողով, որը և ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի Վահան Հովհաննիսյանին կամ Արմեն Ռուստամյանին: Ժողովին հրավիրված ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հորդորել էր ՀՅԴ-ին ներկայիս պահին ավելի շատ տուրք տալ ռոմանտիզմին: Գուցե նա նախարարական պորտֆելները պահպանելու նպատակով իշխանությունների հանդեպ ՀՅԴ-ի ռևերանսնե՞րն էր հայության համար վտանգավոր պրագմատիզմի դրսևորում համարում … Գուցե: Ինչևէ: Քաղաքական դաշտում քիչ թե շատ անակնկալն անցած շաբաթ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցն էր Արտաշատ: Ի՞նչ էր դա: Երկարատև ու համառ լռությունից դուրս գալու փ՞որձ, քաղաքականություն վերադառնալու նպատակով իր հանդեպ հասարակության տրամադրվածության ստուգու՞մ: Թե՞ տուրք էր իր թեկնածությունը Նախագահի ընտրություններում առաջադրելու վերաբերյալ Վանո Սիրադեղյանի հորդորներին: Հիշեցնենք` վերջերս շրջանառվող լուրերը, թե Վ. Սիրադեղյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպել են Վրաստանում, ոչ ոք չի հերքել: Ինչևէ: Ի՞նչ փոփոխություն կարող է առաջացնել Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումն ընտրություններում: Համենայն դեպս, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը հավաստիացնում է` Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումը կարող է որոշ փոփոխություններ մտցնել ՀՀկ մարտավարությունում, սակայն ընտրությունների արդյունքի վրա չի ազդի… Երևանում ոսկե աշուն է: Քաղաքական դաշտում առկա նախընտրական տրամադրություններին, միմյանց հաջորդող ասուլիսներում կուսակցությունների ներկայացուցիչների առայժմ ինքնավստահ, բայց ավելի շատ թերհավատություն առաջացնող հայտարարություններին անհաղորդ տղամարդիկ շարունակում են ավանդական նարդին: Գյուղի աշխատավորը հավաքում է բերքն ու հաշվում բնության տարերքի վնասները: Թոշակառուն տերողորմյայի քարերը հարյուրերորդ անգամ շարելով, փորձում է հաշվարկել` հունվարից 60 տոկոսով ավելացող կենսաթոշակը կհասնի՞ օր-օրի թափ առնող գնաճին: Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ Ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կուսակցության և իր հասցեին հնչող քննադատություններին. - Եթե ասեմ, որ հիացած եմ, կարծում եմ` դուք ինքներդ չեք հավատա: Բայց ընդհանուր առմամբ դրանց վերաբերվում եմ կառուցողական ու հանգիստ: ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ բայց չանտեսենք եղածը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ևս նույն կերպ է վերաբերվում քննադատությանը` - Եթե դա համապատասխանում է իրականությանը: - Իրատեսակա՞ն եք համարում նախագահի միասնական թեկնածուի հայտնաբերման հնարավորությունը: - Այդ մասին բազմիցս խոսել եմ և նշել, որ թեև այդ հնարավորությունները տեսականորեն տատանվում են, բայց գործնականում դրանք սպառվել են: - Հանրապետական խմբակցությունը միաձայն դեմ քվեարկեց ՀՅԴ-ի ներկայացրած «Թիկնազորային ծառայության մասին» օրենքի նախագծին: Ինչո՞ւ: - Մենք ՊԱՊ համալիրի նորմաներ չենք հանձնում, որ ամեն ինչի ետևից վազքով գնանք: Եթե հիշում եք, մենք հայտարարեցինք, որ մտահոգվում ենք այդ խնդրով: Այդ մասին խոսել ենք Կառավարությունում և պատրաստ ենք համապատասխան քննարկումներ կատարել: Ես չեմ ցանկանում ստվերել մեր գործընկերների ներկայացրած փաստաթուղթը, բայց կարծում եմ, որ պետք է ավելի համալիր կանոնակարգենք դաշտը: Հանրապետական կուսակցությունն այդ հարցի առնչությամբ ունի բազմաթիվ առաջարկություններ և բազմիցս խոսել է այդ մասին այն ժամանակ, երբ դեռևս հարցի շուրջ այսպիսի խմորումներ չկային: Միանշանակ համոզված եմ. յուրաքանչյուր փաստաթուղթ` շահագրգիռ կողմերի լայն քննարկումների արդյունքում է դառնում կատարյալ: Ես ողջունում եմ ՀՅԴ-ի առաջարկը: Որպեսզի այդ օրենսդրական նախաձեռնությունը շահի, մենք մեր կոալիցիոն գործընկերոջն առաջարկում ենք միասին աշխատել: - ՀՅԴ-ն կարծես թե չի արձագանքում միասին աշխատելու Ձեր կոչերին: - Այո, Դուք իրավացի եք: Մենք այդ հարցը կրկին քննարկել ենք ՀՅԴ խմբակցության ղեկավարի հետ և մոտ օրերս կստանանք նրանց պատասխանը: - «Ժառանգություն» խմբակցությունը թերագնահատեց 2006 թ. բյուջեի հաշվետվությունը` ներկայացնելով, թե իբր բազմաթիվ դրույթներում անհամապատասխանություններ կային: - Կարծում եմ` խոսքը տեխնիկական վրիպակների մասին է: Իսկ եթե անհամապատասխանություններ կան, թող իրենք հրապարակավ խոսեն այդ մասին: Մենք կքննարկենք և կփորձենք պատասխանել կամ բացատրելի դարձնել: - Ինչպե՞ս եք գնահատում 2006-ի բյուջեն: - Բյուջեն ընդհանուր առմամբ կատարված է: Որոշակի նախադրյալներ են ստեղծվել տնտեսության առաջընթաց ապահովելու գործում: Էական տեղաշարժ է արձանագրվել մակրոտնտե սական ցուցանիշների բարձրացման առումով: Զգալի է դարձել համախառն արտադրանքի ներկրման աճը` 13,4 %, ինչը հնարավորություն է ընձեռել` կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում որոշակի ներարկումներ ավելացնել: Դրա լավագույն երաշխիքը ազգաբնակչության եկամուտների 16 տոկոս աճն է: Հարկ է նշել, որ բյուջետային աշխատողների աշխատավարձը ավելացել է 28 %-ով: Մեծ ուշադրություն է հատկացվել Կրթության ոլորտին: 138 դպրոցներից վերանորոգվել են 117-ը: Մոտ ապագայում, կարծում եմ, դպրոցաշինության, դպրոցների ջեռուցման լուրջ խնդիրներ չենք ունենալու: Առողջապահության բնագավառում մենք առաջին անգամ 2006 թ. ծրագրավորեցինք և փորձեցինք կազմակերպել առաջին բուժօգնություն պետպատվերի սահմաններում: Լուծեցինք 65 տարին լրացած անձանց ատամնաբուժական անվճար ծառայությունների մատուցման խնդիրը: - Ի՞նչ բացթողումներ եղան: - Պետք է փաստեմ, որ դրական տեղաշարժերի կողքին կան նաև թերություններ: Մտահոգիչ է ներքին համախառն արդյունքի ներկրման և արտահանման անհամամասնությունը` (3 և 22 տոկոս): Այս փաստերն արձանագրվում են, և պետք է ուշադիր լինենք, որպեսզի հետագայում կարողանանք հնարավորինս կարգավորել դիսբալանսը: Ներկրման կառուցվածքը դիտարկելիս պետք է մեկ ուրախալի փաստ նշել. սարքերի, հոսքագծերի, մեխանիզմների բլոկը մեծ տեղ է գրավում ներկրման դաշտում: Դա իրոք ձեռքբերում է, քանզի Հայաստանում չկա նմանատիպ արտադրություն: Շինարարության բլոկում բնակարանաշինության ցուցանիշը 4,5 տոկոս է: Սա կարևորագույն փաստ է, վստահորեն ասելու, որ լուրջ նախադրյալներ են ստեղծվում արտադրության ակտիվացման համար: Գյուղատնտեսության ոլորտում նորմալ և բարենպաստ պայմաններ պետք է ստեղծել լոկոմոտիվի համար: Ասել է թե, մեծ ուշադրություն պետք է դարձնել վերամշակող ձեռնարկութ յուններին: Համալիր մոտեցում, մատչելի վարկեր տնտեսվարողներին. այս սկզբունքը կխթանի գյուղատնտեսության զարգացումը: Կարծում եմ` մեր բոլոր դիտարկումները տեղ կգտնեն 2008-ի բյուջեում: Կատարված փոփոխությունները թերևս տեսանելի չեն լինի, բայց հաջորդ տարիների բյուջեների մեջ իրենց դրական ազդեցությունը կունենան:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ