Սփյուռքը վստահում է Հայրենիքին


 

- «Արի տուն». 4 տարի առաջ Սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից դիպուկ և ճշգրտորեն ընտրված այս 2 հատիկ բառը մի քանի տարվա ընթացքում գաղափարից վերածվեց կայացած ու գործուն ծրագրի և այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ «Արի տունը» դարձել է ոչ միայն Սփյուռքի նախարարության, այլև ՀՀ այցեքարտը` ուղղված սփյուռքահայ երիտասարդությանը,- այսպես է բնութագրում ծրագիրը Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆԸ:

Տարեցտարի ընդլայնվող ու կատարելագործվող «Արի տունը» սիրվեց ու արժևորվեց թե´ Սփյուռքում, թե´ հայրենիքում: Նախարարության հիմնադրման իսկ օրվանից իրականացվող այս ծրագրին 2009-ին մասնակցել են 300, 2010-ին` 600, 2011-ին 800-ից ավել սփյուռքահայ պատանիներ: Այս տարի նախապես ներկայացվել էին մասնակցության ավելի քան 1000 հայտեր: Սակայն նրանցից միայն 912-ը հյուրընկալվեցին հայրենիքում:

Ծրագրի անթերի իրականացումն, անշուշտ, անհնար է պատկերացնել առանց համագործակցության: Եվ փակման արարողության ժամանակ ինքնաբուխ ու անկեղծ էին նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ երախտիքի ջերմ խոսքերը:

- Մասնակիցները և կազմակերպիչներն են ծրագրի գլխավոր հերոսները: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն այնքան սիրով էին ընտրել այն ընտանիքները, որոնք հյուրընկալեցին մեր երեխաներին: Մեր հայրենակիցները սիրով բացեցին իրենց դռները և երեխաներին ընդունեցին իրենց հյուրընկալ հարկերում: Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր երեխաների ծնողներին, ովքեր մեզ վստահեցին: Չէ՞ որ նրանք իրենց երեխային ուղարկում են դեպի անորոշություն: Սա նշանակում է, որ լուծվել է մի շատ կարևոր խնդիր` Սփյուռքը վստահում է հայրենիքին, վստահում է հայրենի կառավարությանը, հավատում է Սփյուռքի նախարարությանը: Այդ է պատճառը, որ ծրագիրն ավելի է մեծանում ու հզորանում:

Ծրագրի` ավելի ճանաչելի դառնալուն անշուշտ նպաստել են նաև լրատվամիջոցները.

- Դուք ոչ թե միայն լուսաբանում եք, ոչ թե միայն ծրագրի մասին եք խոսում, այլ համահայկական աշխատանք եք կատարում` հայրենիքը Սփյուռքին միացնելու, Սփյուռքը` դեպի հայրենիք բերելու:

«Արի տուն» ծրագիրը պատշաճ ներկայացնելու համար «Ավանգարդ» թերթը նույնպես արժանացավ Սփյուռքի նախարարի շնորհակալագրին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ