Սեռահետամուտների համաճարակ


 

Հատկապես վերջին 3 ամիսների ընթացքում կանանց նկատմամբ սեռական հետամտումներն այնքան են սաստկացել, որ այդ մասին ահազանգող քաղաքացիական ակտիվիստները երևույթը որպես համաճարակ են որակում:

Ինչպես տեղեկացրել է BBC-ի ռուսական ծառայությունը` սեռական անպատվությունը շատ եգիպտուհիների համար դարձել է ամենօրյա փորձություն ու երբեմն վերածվում է խմբակային բիրտ հարձակման:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող «Եգիպտոսի աղջիկները` կարմիր գիծ» նախաձեռնության անդամներից Դանա Ֆարիդը հայտարարել է, որ պահպանողական փակ հագուստն անգամ այլևս չի պաշտպանում կնոջը. նույնիսկ դեմքը փարանջայով ծածկող եգիպտուհիները հետապնդվում են «կրքոտ այրերի» կողմից:

- Ոչ մի տարբերություն չկա: Ըստ վիճակագրության` սեռական հետապնդումների ենթարկված կանանց ու աղջիկների մեծ մասը գլխաշորով կամ փարանջայով է եղել,- պատմել են ակտիվիստները:

Դեռևս 2008-ին Եգիպտոսի Կանանց իրավունքների կենտրոնն արձանագրել էր, որ իրենց հայրենակցուհիների ավելի քան 80 %-ը ենթարկվել է սեռական հետապնդումների: Ավելին, նրանց մեծ մասը եղել են կրոնական տարազով:

Կահիրեում Ամերիկյան համալսարանի սոցիոլոգ Սաիդ Սադեկն այս երևույթը բացատրում է հասարակության կրոնական արմատականության ուժեղացմամբ և հայրիշխանա կան արժեքների գերագնահատմամբ:

- Տղամարդիկ ցանկանում են, որ կանայք նստեն տանն ու աշխատանքի չգնան,- ասել է Սադեկը:- Հայրիշխանական մշակույթը կանանց թույլ չի տալիս տղամարդուց բարձր լինել: Սակայն որոշ կանայք կրթություն և աշխատանք ունեն, մինչդեռ որոշ մարդիկ այդքան չեն առաջադիմել: Այդ պատճառով` դիրքերը վերականգնելու միակ միջոցը կանանց ուժով իրենց տեղը ցույց տալն է: Դա բեդվինների, այլ ոչ թե փարավոնների կուլտուրան է,- հիշեցրել է սոցիոլոգը (տեղեկացրել է Власти.нет -ը):