ՁՆԱԳՆԴԻԻ ՆՄԱՆ ԳԼՈՐՎՈՒՄ ՈՒ...…


 

Գիտության ու գիտնականի ֆինանսավորման խնդիրը մեր երկրում ձնագնդիի է նմանվել: Արդեն քանի˜ տարի այդ ձնագունդը գլորվում, գլորվում ու` չգիտես ուր և ինչի է հասնում: Երբեմն բախվում է ինչ-որ ժայռի, ու շատերիս համար անսպասելի` բացահայտվում են «ինչ-որ բաներ», որոնք հաստատում են, որ մենք վաղուց մնացել ենք միամիտի կարգավիճակում: Մինչդեռ ոմանք հասցրել են և´ գիտության ֆինանսավորումից օգտվել, և´ բարձր աշխատավարձեր ապահովել...… Բայց, ավելի լավ է, առարկայացնենք մեր խոսակցությու նը, որպեսզի քնարական կամ հրապարակախոսական զեղումներն իրենց տեղը զիջեն հստակությանը:

Վերջերս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ գիտության ֆինանսավորման ոլորտում հայտնաբերվել են մեծաթիվ խախտումներ, մասնավորաբար թեմաների կրկնակի-եռակի ֆինանսավորումներ: Այդ հայտարարությանը հաջորդեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի վախվորած հերքումը: Ակադեմիայի նախագահը նաև ասաց, թե մի քանի դեպք է եղել, երբ գումարները վերադարձվել են: Ապա հանդես եկավ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ու բոլորիս «ականջներին լապշա կախելով»` հին ու մաշված երգերը երգեց:

Ծանոթանալով նրա մեկնաբանություններին` գիտական աշխարհում խորապես զայրացան, որովհետև ՎՊ նախագահը չէր զրպարտել, հին տվյալներ չէր հրապարակել:

Նա բացահայտել էր շատ վաղուց անազնիվ խաղերի կենտրոն դարձած կոմիտեի գործունեությունը, ուր, իսկապես, միևնույն թեման ֆինանսավորվում է մի քանի անգամ և մի քանի աղբյուրներից: Գլխավորապես ֆինանսավորվում են Սամվել Հարությունյանի մտերիմները, կամ էլ նրանք, ումից քաշվում է այս նախագահը: Վերջինիս դեմ շատ վաղուց են բողոքում գիտնականները, սակայն նա շարունակում է մնալ իր պաշտոնում: Այն պնդումները, թե Ակադեմիան և ԳՊԿ-ն գործում են թևանցուկ և սեփական նախասիրություններով են լուծում գումարների հատկացման հարցերը` հաստատվում են: Ավելին, բացահայտվեցին փաստեր, որոնք մեկ անգամ ևս վկայում են, որ այս ոլորտում տիրում է բացահայտ ամենաթողությունը, որ շատ գիտնականներ զրկված են ֆինանսավորումից, և գրեթե միշտ միևնույն մարդիկ են ստանում դրամաշնորհները: Ավելին, դրամաշնորհներ ստացած թեմաների գերակշռող մեծամասնությունը պետք չէ գիտությանը. դրանք որևէ տեղ չեն ներդրվում, որևէ մեկին պետք չեն: Մինչդեռ քիչ չեն գիտական այնպիսի գյուտերն ու թեմաները, որոնք կարող են մեր երկրին միլիոնավոր դոլարների օգուտներ բերել: Բայց դրանք երբեք Սամվել Հարությունյանի «քիմքին» հաճո չեն, որովհետև գիտության մեջ էլ կան «մոնստրներ», ովքեր խժռում են բոլոր գումարները` ունենալով Սամվել Հարությունյանի «դաբրոն»:

Զարմանալին այն է, որ Սամվել Հարությունյանը շատ հանգիստ մեկնաբանում է.

- Նախկինում 710 մանր թեմաներից մնացել է 130-ը, որոնք լուրջ ֆինանսավորվում են: Ինչ վերաբերում է գիտության ֆինանսավորման ավելացմանը, 2013թ.-ին այն կաճի մեկ միլիարդով: Այն խնդիրը, որ գիտաշխատողների մի մասը ստանում է 40.000 դրամ, իր բացատրությունն ունի. բարձր աշխատավարձ ստանում են միայն որակյալ գիտնականները` 150-200.000 դրամ:

Ո՞վ է որոշում որակյալ գիտնականներին, ո՞վ է ատեստավորում նրանց: Պարզվում է` չկա նման համակարգ: Ուրեմն, հենց Սամվել Հարությունյանն ու գիտության ֆինանսական միջոցները կամայական տնօրինելու գործում ճարպկացած որոշ անհատներ են այս «չափորոշիչները» բերել` շատ տաղանդավոր գիտնականների պարտադրելով ապրել աղքատի կարգավիճակում: Դե, իսկ ոմանք տարին բոլոր շրջում են արտասահմաններում, ձեռք են բերում շքեղ բնակարաններ...

ԳՊԿ նախագահը նաև երիտասարդ գիտնականների մասին է մտածում` ասելով, որ ծրագրերի մասնակիցների 30 տոկոսը երիտասարդ գիտնականներ են: Մեղմ ասած, Սամվել Հարությունյանի հիշատակած թիվը չի համապատասխանում իրականությանը:

- 1993 թվականից հետո Հայաստանում ընդունված էր միայն թեմատիկ ծրագրերի ֆինանսավորման տարբերակը և բացակայում էր բազային ֆինանսավորումը: 2005 թվականին հայտարարվեց, որ ծրագրերի վրա ծախսվող գումարի 60 տոկոսը լինելու է բազային, 40-ը` թեմատիկ: Այնպես ստացվեց, որ օրինակ, 10 հոգիանոց նույն խնդրով զբաղվող խմբի անդամներից 6-ին մտցրեցին բազային ծրագրի մեջ, չորսին` թեմատիկ: Ակնհայտ է, որ թեմատիկ և բազային ծրագրերի կրկնություն պետք է լիներ. եթե փակեին թեմատիկ ծրագրերը, բազմաթիվ երիտասարդ աշխատողներ կմնային առանց աշխատանքի, գիտական համակարգն ամբողջությամբ կխախտվեր, ուստի, կայացվեց ճիշտ որոշում` խնդիրը լուծել փուլ առ փուլ,- ասում է գիտպետկոմի նախագահը:

Կարծես շատ գեղեցիկ է խոսում, հատկապես անդրադառնում երիտասարդ գիտնականներին, բայց մի միտք ներքև արդեն հերքում է ինքն իրեն:  

- Բայց դա բավարար չէ` նրանց արտասահման գնալուց ետ պահելու համար: Միաժամանակ, Հայաստանում նրանց պահելն էլ ճիշտ չէ, քանի որ գիտնականները սոցիալական խնդիրներ ունեն: Այդուհանդերձ, արտասահմանի վաստակաշատ երիտասարդ գիտնականները կներգրավվեն Հայաստանում անցկացվող գիտական աշխատանքներում:

Այս վերջին միտքը կարդացողը կարող է միանգամից Սամվել Հարությունյանին մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա ոչ միայն շատ հանգիստ է վերաբերվում երիտասարդ գիտնականների արտահոսքին, այլև նրանց մղում է հեռանալ: Մի՞թե այդ երիտասարդների մեջ չկան որակյալ գիտնականներ, որպեսզի նրանք էլ 150-200 հազար դրամ աշխատավարձ ստանան: Իհարկե´ կան, բայց Սամվել Հարությունյանը նախընտրում է այդ գումարները տեսնել թոշակառու, գիտության համար ոչինչ չանող մարդկանց գրպաններում: Մանավանդ` ինքն ակադեմիկոսության ախորժակ ունի, իսկ այդ մարդիկ կարող են վաղը քվեարկել իր օգտին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ