«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ Է


 

Ընդդիմադիր քաղաքական դաշտի մնայուն ուժերից մեկի` Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության մասին վերջերս չեն գրում. դրա շուրջ լռություն է տիրում: Մինչդեռ կուսակցությունն արդեն սկսել է իր հետևողական աշխատանքները` առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար: «Հանրապետությու նը» դեռևս հրապարակային հայտարարություն չի արել իր թեկնածուի մասին, սակայն միանշանակ որոշումն արդեն իսկ կայացվել է. թեկնածուն կուսակցության առաջնորդն է:

Եթե թեկնածուի հարցում այլ կարծիք այլևս չի լինի, ապա այսօր «Հանրապետությունը» լուրջ մտորումների մեջ է` գտնելու համախոհներ, լուծելու իր առաջադիր խնդիրներից մեկը` Արամ Զ. Սարգսյանին հռչակելու ընդդիմության միասնական թեկնածու: Եվ հենց սա է ամենադժվարին խնդիրը: Արդեն հայտնի է, որ ընդդիմություն համարվող «Ժառանգությու նը» հանդես է գալու սեփական նախագահացուով` հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի: ՀԱԿ-ը նույնպես կամենում է սեփական թեկնածու առաջադրել, սակայն տակավին չի կարողանում կողմնորոշվել, թե ո՞ւմ: Չի բացառվում, որ ՀԱԿ-ԲՀԿ ալյանս տեղի ունենա, որին գուցե նաև միանան այլ ուժեր: ՀՅԴ-ն գուցե սատարի «Ժառանգությանը»: Իսկ ահա «Հանրապե տությունը» չունի քաղաքական գործընկերներ, ուղեկից ուժեր:

Անտարակույս, ոչ ոք չի բացառում, որ նրան սատարելու ցանկություն հայտնի «Ազատ դեմոկրատները», որը սակայն չունի ընդգծված ընտրազանգված, չունի ճանաչում. այն լղոզված է «Ժառանգությանը» և սեփական քաղաքական ուղեծիր ունենալու խնդրից բավական հեռու է: Ուրեմն, «Հանրապետությունն» այժմ փորձում է հենվել փոքր-ինչ լյումպե նացված և բողոքող ընտրազանգվածի վրա` քաջ գիտակցելով, որ հենց այս ուժերը կմիանան իրեն:

Մեզանում շատ հաճախ են խոսում այն մասին, թե իշխանությունները հաղթում են ընտրությունների ժամանակ, որովհետև օգտագործում են վարչական ռեսուրսները: Որքան էլ դա մոտ լինի իրականությանը, այնուհանդերձ կա մեկ այլ հանգամանք. 4 կամ 5 տարի իշխանությունները ժողովրդի հայացքի ներքո են, նրանց աշխատանքները դառնում են տեսանելի, մինչդեռ ընդդիմությունը միայն ընտրությունների ժամանակ և միայն քննադատություն ու տեսական խոստումներ է հնչեցնում` վերածվելով կա´մ ցուցադրական, կա´մ սոսկ նախընտրական ուժի…

Լ.Մ.