Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՕԵԿ ԱՆԴԱՄ


 

«Օրինաց երկիրը» գրեթե տապալվեց խորհրդարանական ընտրություններում և միայն նախագահ Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսևորմամբ մուտք գործեց ԱԺ, Արթուր Բաղդասարյանը որոշեց սառեցնել կուսակցությունը, բոլոր անդամներին համարել շարքերից դուրս և զբաղվել նոր կուսակցաշինարարությամբ: Այսինքն, ինչպես վկայում են ՕԵԿ-ում, հիմա նորից են սկսել անդամագրման գործընթացները` կուսակցության անդամ դառնալ ցանկացող յուրաքանչյուր անձի համար սահմանելով երկամսյա փորձաշրջան: Կոմկուսը մեկամյա ժամկետ էր սահմանել, իսկ ահա ՕԵԿ-ը որոշել է ավելի կարճ ժամանակաշրջանում «փորձարկել» իր անդամներին: Օրերս կուսակցության փոխնախագահներից Մարգարյան Հովհաննեսը հայտարարել էր.

- Նրանք, ովքեր ցանկանում են  «Օրինաց երկիր» կուսակցության անդամ դառնալ, 2 ամիս փորձաշրջան կանցնեն` կուսակցության անդամների երաշխավորությամբ, որպեսզի այդ ընթացքում հասկանանք` ի՞նչ նպատակով է տվյալ անձը ցանկանում մտնել կուսակցություն և ինչ ակնկալիքներ ունի: Խորհրդարանական ընտրություններին «Օրինաց երկիրը»  ընդամենը  83-84 հազար ձայն էր հավաքել, դա կուսակցության գրանցված 170 հազար անդամների միայն 50%-ն էր: Այդ պատճառով կուսակցության անդամ դառնալ ցանկացող ները 2 ամիս փորձաշրջան կանցնեն, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնենք:

Կարծես թե միտումը վատ չէ, սակայն հարց է առաջանում. ինչպե՞ս պիտի երկու ամսվա ընթացքում մարդն ապացուցի, թե ինչ նպատակներով է եկել կուսակցություն, երբ ՕԵԿ-ում ակնհայտ խզվածություն կա կուսակցության վերնախավի և շարքերի միջև, երբ այստեղ կառույցների ղեկավարներն ու փոխնախագահները նշանակվում են անձամբ Բաղդասարյանի կողմից` ըստ իրենց ունեցած սոցիալական «հնարավորությունների»:

Զարմանք է հարուցում նաև հետևյալ հանգամանքը. այսօր կուսակցությունը, ըստ էության, չունի շարքային անդամներ, ովքեր նոր են հավաքագրվում, մինչդեռ ունի փոխնախագահներ, որոնց, համաձայն ՕԵԿ կանոնադրության, պիտի ընտրի համագումարը: Կուսակցությունն արդեն ոմանց առաջադրել է պետական բարձր պաշտոնների, այդ թվում նաև կրթության և գիտության փոխնախարարի: Ի՞նչ է ստացվում, ՕԵԿ-ին ոչ թե նվիրյալներ ու գործիչներ են պետք, այլ ընդամենը ծափահարողներ և ընտրությունների ժամանակ ձայներ ապահովողներ: Եվ սա ոչ թե մենք, այլ հենց իրենք են ասում, եթե մեկ անգամ էլ ուշադիր կարդանք Մարգարյան Հովհաննեսի խոսքը:

Նշենք, որ այս գործելաձևը հատուկ է ոչ միայն ՕԵԿ-ին: Շատ կուսակցություններ ոչ թե ձգտում են հզոր քաղաքական կառույցների և քաղաքական գործունեության ձևավորման, այլ միայն ու միայն ընտրազանգվածի հավաքագրման: Այդ է պատճառը, որ Հայաստանում նոր քաղաքական գործիչներ և նոր դեմքեր ի հայտ չեն գալիս: Ամեն ինչ ուզուրպացված է, ամեն ինչ կենտրոնացած է մի քանի մարդկանց ձեռքերում, որոնք էլ տվյալ կուսակցության ցուցակներով պատգամավոր են դառնում, պաշտոններ ստանում: Իսկ կուսակցության մյուս անդամներն ընդամենը «մասսովկայի» դեր են կատարում, որոնց պարտադրում են քվեարկել, «ուռա»-ներ բացականչել, ձևավորել կուսակցության առաջնորդի մեծարման խորապատկերը…