Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի վաստակավոր լրագրող ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է


Մարտի 1-ի դեպքերը հետաքննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը իսկական սենսացիա եղավ հասարակության համար: Այս անգամ այդ նիստում քննարկման առարկա դարձավ նույն դեպքերն ուսումնասիրող հասարակական հանձնաժողովի պատրաստած 25 րոպեանոց տեսաֆիլմը, որը Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովին էր տրամադրել նախկին բարձրաստիճան պետական պաշտոնյա, ներկայիս «նեղացյալ» Սուրեն Աբրահամյանը: Ի դեպ, ինքը, հրավիրված լինելով, խորհրդարանական հանձնաժողովի նիստին չէր ներկայացել: Սենսացիան, անկեղծ ասած, ամենևին էլ անսպասելի չէր: Տեսաֆիլմի դիտմանը որպես փորձագետ մասնակցող ՀՀ դատական բժշկության գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը հայտարարեց, թե տեսաֆիլմի այն կադրը, որտեղ իբրև թե մարդու ծնոտ է երևում, մոնտաժված է: Ըստ նրա, իրականում դա ոչ թե մարդու, այլ խոճկորի ոսկոր է: Կա նաև կենդանիների, ենթադրաբար` գառան կամ հորթի լեզվի կտոր, որ փորձ է արվում ներկայացնել որպես սպանված մարդու մարմնամասեր: Բացի այդ, իբրև թե ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում գտնվող պատի վրա երևացող արյան հետքերը իրականում դյուրավառ հեղուկի հետքեր են: Պատը, ըստ ֆրանսիական դեսպանատան աշխատակիցների ցուցմունքների, ոչ մեկի կողմից չի մաքրվել, մաքրման հետքեր նույնպես չեն հայտնաբերվել: Հետևաբար, կատարվել է ակնհայտ կեղծիք` հասարակությանը հրահրելու և լարվածությունը պահպանելու նպատակով: Ինչ վերաբերում է ոստիկանական մեքենայով ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկելու կադրերին, ապա հետաքննության տվյալներով` վրաերթը իրականացրած մեքենայի ղեկին եղել է ոչ թե ոստիկան, այլ` առայժմ անձը չպարզված և դեպքի վայրից փախուստի դիմած անհայտ մի երիտասարդ, որի հեռանալուց հետո այլ ցուցարարներ մեքենան հրկիզել են: Հնարավո՞ր է, որ այդ ամենը ճիշտ է: Միանգամայն հնարավոր է: Նրանք, ովքեր կազմակերպել ու հրահրել էին մարտիմեկյան խելահեղությունը, կարող էին իրենց ապահովագրելու համար նախապես պատրաստել նման սադրանք: Այսինքն, մորթված կենդանու կտորներ բերել ու դնել ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքի պատի տակ, այնուհետև հրավիրել «Ա1+» օպերատորին, թե` սրանք ոստիկանների կողմից սպանված մարդու կտորներ են, տեսագրի°ր: Բանից անտեղյակ օպերատորը կարող էր հավատալ այդ հեքիաթին ու տեսագրել: Եթե պետական իշխանությունը հեղափոխական ճանապարհով բռնազավթելու փորձը հաջողվեր, այդ կադրերը, առանց որևէ փորձաքննության, պետք է հրամցվեին հասարակությանը, թե տեսեք` ի¯նչ ռեժիմից ենք ձեզ փրկել: Եվ պիտի սկսվեր մի իսկական արյունարբու հաշվեհարդար` անցանկալիների հանդեպ: Բոլոր հեղափոխությունների համար դա սովորական երևույթ է: Եվ սարսափելի է նույնիսկ մտածել, թե քանի¯- քանի քաղբանտարկյալ էր հայտնվելու` եթե բռնի ուժով հաստատվեր այն մարդկանց իշխանությունը, ովքեր այսօր ամենից ավելի բարձր են գոռում քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին… Բայց այդ փորձը տապալվեց: Եվ միամտություն է ենթադրել, թե կազմակերպիչները հաշվի չէին առել նաև տապալման հնարավորությունն ու չէին պատրաստվել` առ ի դեպս նույն կադրերը որպես իրենց «արդարացման» միջոց օգտագործելու, իրենց հետքերը քողարկելու համար: Դեռ ամիսներ առաջ ենք «Ավանգարդի» ընթերցողներին ներկայացրել այն տեսակետը, որ երկրում հեղափոխական խելահեղություն հրահրած դրսի ուժերն ու ներսի կազմակերպիչները ամենից ավելի քիչ են շահագրգռված մարտիմեկյան դեպքերի իրական պատկերի բացահայտմամբ: Նրանք արել և անելու են ամեն ինչ` իրականությունը խեղաթյուրելու, ցանկացած, նույնիսկ ամենաօբյեկտիվ ու ամենաբարձր մակարդակի մասնագետների կողմից կատարված փորձաքննությունների արդյունքների հանդեպ անվստահություն սերմանելու, հասարակության խռովահույզ հոգու խաղաղությունը վերականգնելուն խանգարելու համար: Էժանագին ամբոխավարության, ստախոսության, հասարակական քաոսի, իշխանությունների հանդեպ մեթոդաբար ներարկվող ատելության, մաղձի ու թույնի, անվստահության ու կասկածամտության խորացման մեջ է այդ մարդկանց փրկությունը: Իրենց համար դա շատ բնական, անգամ տրամաբանական վարքագիծ է: Միամիտ պիտի լինել` հավատալու համար, թե ողբերգության կազմակերպիչներից մեկն ու մեկի չեղած խիղճը հանկարծ կարթնանա ու նա կդիմի հասարակությանը, թե ես պետական հանցագործ եմ, ես ձեզ հասցրել եմ ինքնավերահսկումը կորցնելու վիճակի, օգտագործել եմ ձեր այդ վիճակը և առաջնորդել խելահեղ արարքների` ոստիկանության հետ բախումների, ավտոմեքենաների հրկիզումների, խանութների թալանի…Իմ անսանձ ու անսահմանափակ իշխանաբաղձությունն է մարտիմեկյան դեպքերի գլխավոր պատճառը, ձեր զավակները զոհվել են իմ իշխանաբաղձությանը հագուրդ տալու համար, ներեցեք ինձ… Աներևակայելի է: Եվ միանգամայն երևակայելի, երբ նույն հակապետական ու հակաժողովրդական խելահեղությունը կազմակերպած իրական հանցագործներին սպասարկող մամուլը ոչ թե վայնասուն, այլ արդեն իսկական մի կաղկանձ է բարձրացնում: Այս անգամ արդեն` Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի աշխատանքը վարկաբեկելու, հետաքննության ձեռք բերած ապացույցները հերքելու, անգամ փորձագետի ոչ միայն խիղճը, այլև մասնագիտական հմտությունը կասկածի ենթարկելու համար: Այդպիսի սպասարկուներից մեկը հանձնաժողովի նիստի հենց հաջորդ օրը մամուլում ցինիկաբար գրել էր, թե փորձագետն այդ ինչպե՞ս է կարողացել տարբերել մարդու և խոճկորի ոսկորները, լեզուն հանել` կանգնել է հայելու մո՞տ, որ համեմատի, թե հայտնաբերվածը մարդո՞ւ լեզու է, թե՞ հորթի… Միգուցե ատելությունից ու մաղձից կուրացածների, մոլորվածների կամ այլ շահագրգռություններ ունեցողների համար այս կարգի «առարկությունը» համոզիչ թվա: Սակայն ինքն իրեն հարգող որևէ մեկը չի կարող նման «փաստարկը» լուրջ ընդունել: Միանգամայն համոզիչ է թվում նաև վրաերթ կատարած մեքենայի ղեկին ոչ թե ոստիկան, այլ անհայտ ցուցարար նստած լինելու վարկածը: Միակ տրամաբանական առարկությունն այս դեպքում այն է, թե ինչու՞ էր ոստիկանությունը տևականորեն հերքում վրաերթի փաստը, ինչն արդեն անառարկելիորեն հաստատված է: Բայց հաստատված է նաև այլ բան: Բուն դեպքի օրը և դրանից հետո երկար շաբաթներ հասարակության մեջ ներարկվում էր մի նողկալի սուտ, թե իբր զոհվածները ոչ թե 8-են, հետագայում` 10-ը, այլ, իբր, 59-ը, 88-ը, 121-ը, 170-ը…Կարծես թե 8 կամ 10 զոհը «քիչ» էր: Ո՞ւր են են այդ կարգի ասեկոսեներ տարածողները, ինչու՞ թեկուզ մեկը հրապարակ չի գալիս և չի ասում` ներիր ինձ, ժողովուրդ, ես քեզ խաբել եմ, թունավորել, հրահրել… Կանգ առնելու ժամանակն է: Նույնիսկ` վաղուց անցել է: Հարկավոր է հնարավորություն տալ իրավապահ մարմիններին, նաև խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին` լիովին բացահայտելու կատարված ողբերգության իրական պատկերը: Դրա համար, թերևս, արժե հրավիրել միջազգային բարձր հեղինակություն ունեցող փորձագետ ների, որպեսզի այլևս որևէ մեկը չհամարձակվի պնդել, թե փորձագետը մարդու և կենդանու ոսկորներն ու լեզուն իրարից չի տարբերում…