Նորամուտ` անկախության 17-րդ տարեդարձին


Հայաստանի Երրորդ Հանրապետության համար պատմական Սեպտեմբերի 21-ը հետայսու կրկնակի խորհուրդ կունենա ոչ միայն իր խաղաղ կեցությունը վերագտած ողջ հայ ժողովրդի, այլև պաշտպանության համակարգի աշխատակիցների և Հայոց բանակի սպայակազմի ու զինծառայողների համար: Պաշտպանության նախարարութ յան Ժամանակակից պահանջները բավարարող, տեխնիկապես հագեցած ու հարմարավետ հոյակերտ այդ շինության շահագործմամբ նոր էջ է բացվում Հայոց Ազգային Բանակի տարեգրության մեջ: ՀՀ անկախության 17-րդ տարեդարձի կապակցությամբ իրականացվող տոնական միջոցառումների շրջանակներում, ՀՀ Կառավարության ողջ կազմը` այդ թվում նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, գլխավորությամբ ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ այցելեցին Եռաբլուր զինվորա կան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտում զոհված մարտիկների հիշատակին: Սուրբ պարտքի գիտակցությամբ այստեղ էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող ներկայացու ցիչներ, պաշտոնատար այլ անձիք, սպաներ, հյուրեր, որոնք ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Ապա միջոցառման մասնակիցները մեկնեցին սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` ներկա գտնվելու անկախության 17-ամյակի առթիվ մատուցվող սուրբ պատարագին` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որից անմիջապես հետո մեկնեցին ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր` մասնակցելու վերջինիս բացման հանդիսավոր արարողությանը և համալիրի օծմանը: Միջոցառումը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որն իր խոսքում մասնավորապես ասաց. - Մեծարգո Նախագահ, Վեհափառ Հայրապետ, Պարոնայք գեներալներ, սպաներ, հյուրեր. Այսօր մեզ համար կրկնակի տոն է, քանզի Հայաստանի Հանրապետության անկախության օրը բացվում է ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց շենքը: Հուզիչ և պարտավորեցնող է այս պահը, երբ պաշտպանության նախարարությունը ՀՀ անկախության 17-րդ տարեդարձը նշանավորում է իր նորամուտով: Մայրաքաղաքի հյուսիսային բարձունքներից մեկում շուքով խոյացած այս համալիրը արժանապատվություն է ներշնչում և խորացնում հավատն առ այն, որ իսկապես կայացած պետություն ունենք, որը մտահոգ է նաև սեփական բանակի բարեկեցությամբ: Կարծում եմ անվիճելի է, որ հայ զինվորականը նվաճել է արժանապատիվ պայմաններում ծառայելու այդ իրավունքը: Անհրաժեշտ է նշել, որ այս համարձակ նախագծի հեղինակը Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն է, ով դեռևս 90-ականների սկզբներին, լինելով պաշտպանութ յան նախարար, մտահղացել և ձեռնամուխ է եղել Հանրապետությունում նախադեպը չունեցող այս հսկայածավալ համալիրի կառուցման դժվարագույն գործին, որն ավարտին հասցվեց այսօր: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` զորքերի կառավարումը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելու համար: Այս շենքն արտացոլում է պաշտպանության նախարարության ենթակառույցների օպտիմալացումը. այն հնարավորություն է ընձեռում խուսափել ամբողջ Երևանում և նրա շրջակայքում ցրված բազմաթիվ շենք-շինությունների շահագործման, սպասարկման և զանազան այլ` կրկնվող գործառույթների իրականացման անհրաժեշտությունից: ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների կենտրոնացումը մեկ համալիրում խորհրդանշում է նաև ՀՀ զինված ուժերի ինտեգրված ղեկավարման համակարգը, որը նույնպես ՀՀ Նախագահի` որպես ռազմական ոլորտի փորձառու ղեկավարի բազմամյա գործունեությամբ հաստատված նախաձեռնությունն է և որն առաջիկայում կհաստատվի «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Հարկ է հիշեցնել, որ բանակաշինությունն ավարտուն չի կարող լինել և ժամանակի յուրաքանչյուր փուլ նոր հրամայականներ է առաջադրում: Հայաստանի Հանրապետութ յան գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ ներկայումս լուրջ բարեփոխումներ են իրականացվում պետության ռազմական կառույցում, որի արդյունքում կունենանք էլ ավելի հզոր և կատարելագործված բանակ, որն ընդունակ կլինի չեզոքացնել Հայաստանի Հանրապետությանը և Արցախին սպառնացող ցանկացած ագրեսիա: Վստահեցնում եմ, որ մեր հետագա արդյունավետ աշխատանքով ևս ապացուցելու ենք, որ արժանի ենք պետության այսպիսի հոգատարությանը: Ավարտելով խոսքս, թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին, Կառավարությանը, համալիրի շինարարությանը մասնակցած շինարարներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ներդրել այս հրաշակերտ կառույցն իր ավարտին հասցնելու գործում: Շնորհավորում եմ բոլորիս, ինչպես նաև շնորհավորում եմ ՀՀ անկախության 17-րդ տարեդարձի կապակցությամբ : Շնորհավորական ուղերձ հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Տերունական աղոթքով օրհնելով նորամուտը: Այնուհետև հանդիսավոր արարողության մասնակիցները` Հանրապետության Նախագահի գլխավորությամբ, շրջայց կատարեցին համալիրում: Շրջայցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչին հաջորդեց հանդիսավոր քայլերթ` ՀՀ ԶՈՒ պատվո պահակախմբի և ՀՀ ԶՈՒ ռազմանվագախմբային ծառայության կատարմամբ, որոնք էլ եզրափակեցին միջոցառումը` ներկաներին ցուցադրելով գեղարվեստական հետաքրքիր վարժություններ զենքի կիրառմամբ: ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումները զորքերի ղեկավարումն արդեն իրականացնում են նոր համալիրից: