Դեռ երկար կապրեն «Հին աստվածները»


Երբ 11 տարի առաջ, Թատրոնի միջազգային օրը` մարտի 27¬ին, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման, հանդիսատեսային խանդավառության հուժկու ալիքը, հետանկախական հակաստեղծագործական վայրիվերումներում անօգնական տարուբերվող մեր մշակութային առօրյայում առաջին անգամ, խորտակեց հոգեվարքի դատապարտող կուռ կապանքները£ Մեծ էր անակնկալ հոգևոր ցնծության գոտեպնդող ներուժը£ Խորհրդային գաղափարախոսությամբ մերժված տաղանդավոր գրողի թատերգության ամենաշողշողուն գոհարը բեմ էր վերադարձվել ի նշանավորումն արարման 90¬րդ, արարչի` 130¬րդ ծննդյան միաձույլ տարեդարձների և վերակազմավորված Մայր թատրոնի նոր զարթոնքի£ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի պոետիկ բեմադրատեսիլքով և ՀՀ վաստակավոր թատերանկարիչ, երջանկահիշատակ Եվգենի Սոֆրոնովի քանդակազարդ ու դինամիկ ձևավորմամբ` գտնված էր խորհրդապաշտական դրամայի համամարդկային կենսափիլի սոփայության գեղախորունկ մեկնաբանության ոսկե բանալին£ Մարդակերտման կարողությունների անմնացորդ ներդրումով էր կենդանացնում ողջ դերասանախումբը գրչակերտ հերոսներին£ «Հազարամյակ մը մեզմե առաջ» իրականի ու պատրանքայինի շաղախով, շանթահատուկ կենսատարածքում վառվռուն թատերայնությամբ առանձնակի շեշտադրվում էին մարդկային բյուրավոր սերունդների հարափոփոխ երկրային կեցությամբ ամրագրված ճշմարտությունները£ Եվ այնպիսի ներազդու համոզչականությամբ, որ անվիճելի էին դառնում, ավաղ, ոչ միայն մեր ապրած, այլև «հազարամյակ մը մեզմե ետք» ժամանակների համար£ «Արտավազդ» ու «Վահագն» մրցանակներով պսակված ստեղծագործական հաղթանակի կենսատու լիցքերով` «Հին աստվածները» պահպանեցին հրատապ թատերագրավչությունը` տոկալով հակամշակութային հեղձուկի անարգել թանձրացման մթնոլորտում£ Տարաչափ կատարողական ներուժի ռեժիսորական հնարամիտ համադրությամբ և դերասանական խմբի ընդհանուր խանդավառությամբ, թատրոնի գլխին վերստին ճոճվող դամոկլյան սրի կուրացուցիչ փայլատակումներից անկախ, գրեթե նույն խորախորհուրդ բեմակերպարով տպավորվեց «Հին աստվածների» 100¬րդ ներկայացումը£ Հատկապես առաջին անգամ կոթողային այս թատերախաղին հաղորդակցվողին համակելով համանման զգացողություններով, որոնցով հարստացվել էր տոնաշուք առաջնախաղի հանդիսատեսի ներաշխարհը, հոգեմտավոր բարձրարժեք լիցքերով իմաստավորվել ապրած երեկոն£ Քանիցս տարբեր դիտանկյուններից, անկեղծ ոգևորությամբ ու անաչառ նկատառումներով, «Ազգ», «Իրավունք», «Ավանգարդ» և «Հայաստան» պարբերականներում (հատկապես ամենածավալուն ու մանրազնին վերջինում) լիուլի արտահայտած լինելով «Աստվածային» թատերամտորումներս` հարյուրերորդ խաղարկմանը անքթիթ ու սրդողած հետևում եմ` հանդիսատեսային անմիջական ընդունելությամբ երբեմնի գնահատությունս ճշգրտելով£ Ի սկզբանե նկատածս մաշվածության ինչ¬ինչ օրինաչափ նշանները շուտով հետին պլան են մղվում, երբ ալեկոծության տեսարանին հաջորդում է սևասքեմ Վանահոր (Լորենց Առուշանյան) և նրա լուսեղեն, ճերմակահանդերձ երկրորդ «ես»¬ի` Ճերմակավորի (Սամվել Փիլոյան) անզիջում ներքին պայքարի սոֆրոնովյան ինքնին խոսուն ու խաղացկուն միջավայրում£ Զգում եմ, թե ինչպես, նախապաշարմանը հակառակ (հանրային կարծիք անդուլ ձևավորող սնամեջ ու չարակամ «թատերամահախոսականներով»), համակ ուշադրություն է դառնում թատերարվեստի լուսաբանմամբ լրջորեն տարված սկսնակ լրագրող Թամար Գրիգորյանը£ «Մեկ քառակուսի մետր» ՆՓԱԿ¬յան 5¬րդ թատերափառատոնից ծայր առած մեր զրույցը, հուրախություն անուղղելի թատերապաշտիս, գործնականում հարկավոր սթափեցնող բովանդակությամբ է հագենում£ Թող որ ուժերի անհամաչափ բաշխմամբ նվազում էր տեղ¬տեղ ակնկալվող բանաստեղծականությունը, զգալիորեն տուժում էր երբեմն կերպավորման համոզչականությունը հուզառատության չզսպված պոռթկումներով կամ էլ ստվերվում էին տեքստի որոշ հատվածներ` խոսքի պարզ արտաբերությամբ, բայցև, զարմանալիորեն, չէր խաթարվում ներկայացման գլխավոր ասելիքի հրատապությունը, բեմադրակառույցի ընդհանուր թատերագրավչությունը£ Իր արտիստական վարպետության դասական փայլով էր հանդես գալիս Վարդուհի Վարդերեսյանը (Մարիամ իշխանուհի)` շանթյան Սիրո տաճարի «գլխավոր ճարտարապետը», ցնորածին Սեդայի (Նելլի Խերանյան)` Աստղիկ աստվածուհու երկրային երկվորյակը£ Անխոտոր պահպանել էր ներանձնավորման ցայտուն բեմաշնորհը Մուրադ Ջանիբեկյանը (Կույր վանական)£ Առանձին դրվագներում հոգեբանական խաղի անուրանալի գենետիկ հմայքով վարակում էր իր Աբեղային Վանահոր կողմից անգթաբար պատվաստված անարև ողբերգությամբ Տիգրան Ներսիսյանը£ Ինչպես և` Ալբերտ Սաֆարյանի վահագնակորով Իշխանն իր լիավյուն կենսասիրությամբ£ Ենթադրում էի «Ռուզան»¬ի հոբելյանակատարության հանգույն, հարյուրերորդ ներկայացման տիրույթում տեսնել նաև խոսքի հստակությամբ ու կատարման ինքնատիպութ յամբ աչքի ընկնող Արմեն Մարությանի վիրավոր հավք-Վանահորը և Գրետա Մեջլումյանի` քառորդ դար անթեղված սիրո բոցերում հուզախռիվ մոխրացող Իշխանուհուն£ Ասենք, գուցե կանխազգալով «վերևների» դժկամությունը այս համարձակ ու կենսունակ թատերատքնանքին արժանին հատուցելու` տաղանդաշատ բեմադրիչն ինքն էլ չէր կամեցել ինքնակամ հրապարակավ մեծարել «Հին աստվածների» հաղթական կենսունակությունը£ Միևնույն է` անբեկանելի էր «Աստվածների» հարատևության իրավունքը արդի խայտաբղետ թատերահարթակում£ «Իսկապե՞ս ձգտում ենք քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվել»,¬ մտորում ես տրտում, երբ թափուր ես տեսնում կառավարական թատերաօթյակները: Գեթ չզլանային մի ծաղկեզամբյուղով պատվել երկրի ազգային ակադեմիական թատրոնի տարեգրության մեջ մնայուն հետագիծ թողած «Հին աստվածներին»£ Երբ ծափերի որոտի հանդարտվելուց հետո շուրջս խմբված ԵԹԿՊԻ¬ի ուսանողների, հաճելի հիասթափությունից շողշողացող Թամարի ու քանիերորդ անգամ «Հին աստվածներ»¬ին անմիջականորեն հաղորդակցվելուց առավել տպավորված թատերասերների ստվարացող բազմության հետ դեռ երկար քննարկում էինք նորավարտ ներկայացման ակնառու արժանիքներն ու նկատված միանգամայն հաղթահարելի ինչ¬ինչ թերությունները (կենդանի արվեստը, անվերապահորեն, մշտախնամ նորոգման կարիք ու պահանջ է ունենում), թեթևացած շունչ քաշեցի£ Կասկածելի հոգևոր սնունդով միտումնավոր կերակրվող նոր սերունդը ավելի ու ավելի հաստատուն գիտակցությամբ է կլանվում լուրջ արվեստով£ Ուրեմն, դեռ զորեղ են «Հին աստվածները» և երկար կապրեն£ Շահվերդյանն իր կողմից, ըստ իս, անում է հնարավոր առավելագույնը£ Շանթի մաքրագործող քուրայում իրենց ունակություններն են թրծում նրա արվեստանոցում կրթված 3 սերունդների «պատվիրակները»£ Ներկայացման համապարփակ ասելիքի խորունկ ընկալմանն (կովկասյան առոգանությամբ դժվարամարս արևմտահայերենի բերումով) են ձգտում սկսնակները` լիարժեքացնելով թերըմբռնումը խաղացանկում արժանապատվորեն հաստատված «Հին աստվածների» ամեն հաջորդ դիտումից£ Թռուցիկ հայացք ձգելով երկամյա «բարեփոխումների» ակնհայտ անարդյունավետությամբ ինքնահոսի մատնված («բազմաչարչար» գեղխորհուրդն էլ, կարծես, հոգնել է «հանուն ազգի», հասարակական կարգով, «պատշաճ ստեղծագործական արդիաշունչ նկարագիրը» այս թատրոնի «կերտելուց») թատրոնի արտասովոր խիտ նոյեմբերյան խաղացանկի ազդագրին` «Աստվածների» ներշնչանքով լավատեսությամբ են համակվում£ «Գուցե «բարեփոխիչներն» ինքնակամ վա՞յր են դրել ունայնության փոսը ջանասիրաբար խորացնող իրենց բահերը, բարձրաձայնում են` թերահավատությունը չթաքցնելով»£ «Իջե°ք զգո¯ւյշ, երազներ…»,¬ կասեր Շանթն ինքը£ Շահվերդյանական «Աստվածներով»` հանուն Սիրո ու լիափթիթ կյանքի մղվող պայքարի հաղթական կորովով էին ակամա գոտեպնդվել. «Իզո՞ւր հանեցին աչքերը…»£ Դեկտեմբերի ազդագրում ընդամենը 2 անուն է նշված` «Տրամվայ «Ցանկություն»» և «Պատվի համար»£ Անորոշության թատերամառախուղը վերստին թանձրանում է£ «Իջե°ք զգո¯ւյշ, երազներ…»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ