ՓՈԽՎՐԵԺ

Անահիտ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


 

Արտաքինն անգամ անհարիր է թվում պատերազմին: Չնայած, հենց այդ մասին խոսք է լինում, նույնն է ասում.

- Ես իմ վրեժը լուծել եմ, խիղճս հանգիստ է...

- Բա տղանե՞րդ:

- Տղաներս իրենք գիտեն: Դեռ ջահել են: Կհասցնեն...

Առաջին բոթը Սումգայիթից Բաքու հասավ: Մտերիմ ընկերուհուն` Անժելային, որ ութ ամսվա հղի էր եղել, բանուկ փողոցում մերկացրել էին, պղծել, ողջակիզել:

Արմենիքենդի իրենց շենքում, բացի ադրբեջանցի մի ընտանիքից, մնացածը հայեր էին: Խելք-խելքի տվեցին, շշերը քարյուղ լցրին, պատրույգներ հարմարեցրին, տանիքում հերթապահություն սահմանեցին: Հենց հրոսակները հայտնվում էին, պատրույգը վառում, ցած էին շպրտում: Հավատալու չէր, բայց այդպես էր` կացիններով, սուրսայր ամրաձողերով զինված ոհմակը ընկրկում, չքվում էր: Ինչքա՞ն ժամանակ:

ԱՅԴ երեկո ամուսինը` Վիկտորը անտրամադիր տուն եկավ: Չպատմեց, թե ինչեր է տեսել փողոցում: Առանց պատմելու էլ` խողխողվողների թառանչները ամբողջ գիշեր չէին լռում: Երեխաներին փաթաթված մի կերպ լուսացրին, առավոտյան դուռը կողպեցին, փողոց իջան, որ տաքսի նստեն, հասնեն օդանավակայան: Ռուս հարևանները թաքուն զանգել, ասել էին, որ իրենց Հայաստան տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռներ են Բաքու ժամանել:

Արմենիքենդի բանուկ մայրուղում տաքսիները իրար ետևից կանգնում էին, բայց վարորդները տեսնում էին, որ հայեր են, չէին վերցնում, դուռը շրխկացնում, հայհոյելով հեռանում էին:

- Սրա վերջը լավ չի լինելու,- ասաց Վիկտորը:

Հանդիպակաց խաչմերուկից հրոսակախումբը մեղվապարսի պես մայրուղի ներխուժեց: Տասներեք հոգով շրջապատեցին, կացիններն ու սակրերը փայլատակեցին:

Վիկտորը խնդրեց.

- Ինձ ինչ ուզում եք արեք, կնոջս, երեխաներիս խնայեք:

Անահիտը մեկնեց տան բանալին, որ չգիտես ինչու հետն էր վերցրել.

- Մենք ա´յ, այն դիմացի կցաշենքում ենք ապրում, գնացեք, եղած-չեղածը տարեք, ձեզ լինի:

Մեկը խլեց բանալին, ճշտեց մուտքը, հարկը, բնակարանի համարը, մյուսներին գլխով արեց: Տասներեք հոգով հարձակվեցին Վիկտորի վրա, լայնշեղբ դանակներով մարմինը ծվատեցին, հետո մեկը գլուխը կտրեց ու մազերից բռնած ճոճեց Անահիտի աչքերի առաջ...

Աստծո ամենազոր կամքն էր` հռնդյուն լսվեց, ծուխ ու մուր ժայթքելով մի զրահամեքենա հայտնվեց, ու դեռ կանգ չառած զինվորներից մեկը բացեց թուջե կափարիչը:

- Քույրիկ չվախես,- ձայնեց,- ես հայ եմ, հիմա դրանց հերը կանիծեմ:

Մի կրակահերթը ցաքուցրիվ արեց ելուզակներին:

Երևանում, կենտրոնական հրապարակում իմացավ, որ ծնողներն էլ են փրկվել, Բագրատաշենում տեղավորվել: Բարի մարդիկ իրենց գումարով տաքսի վարձեցին, տեղ հասցրին: Սաշան արդեն հինգ տարեկան էր, իրեն տղամարդու պես էր պահում, բայց Սերյոժան երեքն էլ դեռ չէր լրացրել, ուզում էր պապիկին ու տատիկին պատմել, թե ինչպես իրենց աչքի առաջ հայրիկի գլուխը կտրեցին, չէր կարողանում: Վախից պապանձվել էր: Անահիտն, իհարկե, դեռ չգիտեր, որ նա հինգ տարի համր է մնալու, առավոտ շուտ զարթնել, իրերն էր հավաքում:

- Աղջի, էդ ո՞ւր,- զարմանում է մայրը:

- Սլուցկ` Լյուբայենց տուն,- խուսափողական պատասխանում է:

Անահիտ Մարտիրոսյանը դեռևս Բաքվի թիվ 253 ռուսական դպրոցում սովորած տարիներին հեռանկարային վազորդ էր, մարզական կարգ, հաջողություններ ուներ` ճապուկ մարմնի, ճկուն շարժումների համար անունը Մաուգլի էին դրել: Նա համամիութենական մրցաշարերում էր մտերմացել Լյուբայի հետ, հետո ընտանիքներով ծանոթացել, հաճախակի իրար այցելել, հյուրընկալել էին:

«Թող գնա,- մտածեց մայրը,- գուցե մի քիչ ցրվի, փոխվի: Եթե այսպես երկար տանջվի, չի դիմանա»:

Անահիտը ավտոբուս է նստում, հասնում Երևան: Հարցնելով գտնում է կամավորականների մոտակա հավաքակայանը: Իր բախտից պարզվում է, որ հրամանատարը Արկադի Տեր-Թադևոսյանն է` Կոմանդոսը:

Չսափրված, խիտ հոնքերով, խիստ հայացքներով տղամարդկանց ոլորաշար: Միակ կինն ինքն է: Բոլորը տարակուսանքով, թե՞ հեգնախառն քմծիծաղով են նայում իրեն: Երանի հերթը շուտ հասնի: Հասնում է: Կոմիսարն էլ է տարակուսում: Ի՞նչ է ուզում այդ վտիտ, դալկադեմ կինը:

- Ամուսնացա՞ծ եք, երեխաներ ունե՞ք:

Անահիտը լսել է` իրենից առաջ արձանագրվողներին տվել են այդ հարցը, գիտի, թե ինչ պիտի պատասխանի:

- Ոչ, ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ:

Արձանագրողը ելքը գտնում է.

- Ուրեմն` գնացեք, ամուսնացեք: Պատերազմում ի՞նչ պիտի անեք:

Ուսապայուսակից հանում է փաստաթղթերը.

- Բաքվի քարյուղարդյունաբերության բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելիս ես բուժքույրական դասընթացներ եմ ավարտել, մասնագիտական որակավորում ստացել:

Կոմիսարը հրում է վկայականը: Ստիպված է լինում ասել ճշմարտությունը.

- Մեր ազատամարտիկներին նայեցեք, ձեր երեք-չորս քաշն ունեն: Եթե վիրավորվեն, ինչպե՞ս պիտի մարտադաշտից հանեք:

Արկադի Տեր-Թադևոսյանը ակամա լսում է երկարող խոսակցության վերջին մասը: Միջամտում է.

- Ասում եք` Բաքվո՞ւմ եք բարձրագույն կրթություն ստացել: Ադրբեջաներեն գիտե՞ք:

- Մայրենի լեզվի պես,- հպարտանում ու ամաչում է Անահիտը:

- Արձանագրե´ք,- հրահանգում է Կոմանդոսը,- նման մարտիկներ մեզ շատ են պետք:

Տասներկու կամավորականներ կողք-կողքի տեղավորվել են ուղղաթիռի մետաղե նստելատեղերին, ու այն խիտ հոնքերով, խիստ հայացքներով տղամարդիկ, որոնք հավաքակայանժում հեգնախառն քմծիծաղով էին նայում, անսպասելի ջերմությամբ են համակվում ջոկատի միակ կնոջ նկատմամբ:

- Պատրաստվե´լ վայրէջքի:

Կողքի ազատամարտիկը բոթում է թևը.

- Կյանքումդ անկարգելով թռե՞լ ես:

- Իհարկե, ես մարզական...

Ազատամարտիկը հասկանում է, որ չի թռել:

- Հետս կթռնես:

Չէ, չէր հեգնում: Իրեն օգնեց, ուղղաթիռի մետաղե որկորից անվտանգ գետին իջան:

Մարաղան առաջին գյուղն է, որի համար կռվել էր, որը պաշտպանել էր Անահիտը: Այդ պատճառով էր ամիսներ անց սիրտը ցավում, ոչ մի կերպ չէր համակերպվում Մարաղայի եղեռնագործության հետ, որն իրենց Հարությունագոմեր ու Պողոսագոմեր տեղափոխվելուց հետո, 1992-ի ապրիլի 10-ին տեղի ունեցավ: Այդ ժամանակ ադրբեջանցիներն արդեն բանակ ունեին, հրթիռահրետանային գնդակոծությունից հետո ներխուժել էին գյուղ, 51 հոգու կտտանքներով սպանել, 49 խաղաղ բնակիչի էլ պատանդ վերցրել ու հրկիզելով, հողին էին հավասարեցրել բարեշեն ու բարետես, սուրբ Աստվածածին եկեղեցիով հայտնի Մարաղան: Ասում են` պատանդներից շատերը դեռ կան, ադրբեջանցիները ճորտացրել, ցմահ տաժանակրության են դատապարտել:

***

Մարաղայի ճակատամարտում զինակիցները հասկացան, վերջապես հասկացան, որ ինքը ռազմադաշտից վիրավորներ հանելու, վերքեր վիրակապելու համար չի եկել Արցախ: Հրամանատարները նրան թեթև զենք` կարաբին տվին, զինընկերները կրակել սովորեցրին:

Մի օր էլ Ստեփանակերտից դաշտային հեռախոսով զանգահարեցին, հայտնեցին, որ կենտրոնական զորակայանից շտապ իրեն են կանչում: Անահիտը նախ չհավատաց` «Կենտրոնական զորակայանում ինձ հետ ի՞նչ գործ ունեն»: Բայց ռազմական հրաման էր, պիտի ենթարկվեր: Զինամթերք փոխադրող բեռնատար հանդիպեց, թափք բարձրացավ, մի կերպ Ստեփանակերտ հասավ: Տարօրինակ էր` կենտրոնական զորակայանում իրեն ճանաչում, ավելին` սպասում էին: Թե ինչպես էին իմացել սխրանքների մանրամասները` չհասկացավ: Հանձնակատարն անմիջապես դահլիճանման մի սենյակ առաջնորդեց, բարձրաստիճան սպան ոտքի ելավ, հոր նման ուսը գրկեց:

- Ողջո´ւյն «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտին:

Ժպտում է լայն, հայրաբար:

Պարզվում է` մի քանի օր առաջ Ռուսաստանից շիկամորուս ռուս կամավորականներ են եկել, հայտարարել են, որ «Սուրբ Խաչ» ուխտի նվիրյալներ են, ուզում են հայերի հետ, հայերի կողքին կռվել, հարկ եղած դեպքում իրենց արյունը հեղել Սուրբ Խաչի պաշտպանության համար: Կենտրոնական զորակայանում նրանց ընդունել, տեղավորել, բայց այնքան էլ լուրջ չէին վերաբերվել: Համենայն դեպս ոչ մի հրամանատար չէր ուզել իր ջոկատը վերցնել: Բայց քանի որ հավատացյալ ռուսները համառել են, կենտրոնական զորակայանում որոշել են առանձին ջոկատ կազմավորել, Անահիտին էլ հրամանատար նշանակել: Եկվորները չեն ծխում, չեն խմում, ոչ թե հայհոյել, իրար կոպիտ խոսք էլ չեն ասում: Անահիտը ամենահարմարն է: Մանավանդ որ` ռուսական կրթություն ունի: Բարձրաստիճան սպան հանձնակատարին հրամայում է ներս կանչել «Սուրբ Խաչի» նվիրյալներին:

Նրանք իրար հետևից մտնում ու ձախ ձեռքները կրծքների խաչին դրած, աջով պատվի էին առնում, զեկուցում.

- Շարքային Կուզմին Վիկտոր Տիմոֆեևիչ` «Սուրբ Խաչի» նվիրյալ, Պենզայից:

- Շարքային Վիրնադիս Վլադիմիր Ֆրիդրիխովիչ, «Սուրբ Խաչի» նվիրյալ, Նովգորոդից:

- Շարքային Կունելկին Սերգեյ Նիկոլաևիչ, «Սուրբ Խաչի» նվիրյալ, Կույբիշևից:

- Աբդուլլաև Թիմուր Ռուստամբաևիչ...

- Սպասեք, սպասեք,- բարձրաստիճան սպան զարմանքը չի կարողանում սքողել, ընդհատում է,- դուք ի՞նչ առնչություն ունեք սուրբ խաչի, քրիստոնեության հետ...

- Պարոն գնդապետ,- ձգվում է կամավորականը («Հավատացյալ է, բայց սպայական աստղերից գլուխ հանում է»` մտածում է Անահիտը),- թեև ես մահմեդական, ազգությամբ ուզբեկ եմ, բայց մայրս հայուհի է, ես նրան շատ եմ պարտական, եկել եմ, որ...

«Անահիտ» ջոկատի լուրը տարածվում է բոլոր ճակատներում: Նախկին մարտընկերները խումբ-խումբ գալիս, ցանկություն են հայտնում նրա հրամանատարությամբ կռվել: Թե այսքանից հետո ինչո՞ւ է մռայլ ու դժգոհ` գլխի չեն ընկնում:

***

Գյուղը Թարթառի աջ ափին էր, անտառածածկ բարձունքում: Ետևում էին մնացել Հարությունագոմերը, Պողոսագոմերը, Չլդրանը, Կիչանը: Զոհվել էին Սարգսյան Գագիկը, Պետրոսյան Միրոնը, «Սուրբ Խաչի» նվիրյալներից` Ալեքսանդր Մելեխինը, Վլադիմիր Անդրիանովը, Պավել Շմելևը:

Հակառակորդը, որ 1993-ի հենց տարեմուտից սկսել էր նահանջել, Դրմբոնում անսպասելի դիրքավորվեց ու սկսեց կատաղի դիմադրություն ցույց տալ: Գյուղը, գյուղի տարբեր թաղերը, առանձին տներն անգամ առավոտվանից մի քանի անգամ ձեռքից ձեռք անցան: Թշնամու դիպուկահարները պատսպարվել էին Ղլբենին խաչ սրբավայրի խաչքարերի հետևում ու մտածելով, որ հայերը իրենց քրիստոնեական խորհրդանիշները, դարավոր հնությունները չեն ռմբահարի, իրենց ապահով էին զգում: Հրետակոծությամբ էլ չգոհանալով, մերթընդ մերթ խաչքարերի ետևից դուրս էին գալիս, հասակով մեկ կանգնում, ձեռնառումբեր էին շպրտում հայկական դիրքերը: Դրմբոնը կարևորագույն ռազմավարական հենակետ էր, մինչև Մարտակերտ հազիվ երեսուն կիլոմետր էր մնացել: «Տղերքը»` ինչպես խանդաղատանքով կոչում էր նա հայ ու ռուս կամավորականներին, իրեն առաջին գիծ չէին թողնում, և Անահիտը, որ հրամանատարական բարձունքից հեռադիտակով հետևում էր գրոհին: Մեկ էլ անսպասելի այլայլվեց, չզգաց, թե ինչպես հեռադիտակը մատների արանքից ցած սահեց: Ճանաչեց ասկյարներից մեկին, որը խաչքարի հետևից գլուխը հանել, հիշոցներ արձակելով իրենց կողմը երկու-երեք նռնակ միանգամից էր նետել: Նա չէ՞ր, որ Արմենիքենդի խաչմերուկում` Վիկտորին... Չէ´, սխալվել չէր կարող, ոչ միայն դեմքն էր հիշում, լավ ճանաչում էր, հարևան թաղում էր ապրում` հայրը ադրբեջանցի, մայրը հայուհի էր:

- Ջոկատ, իմ հետևից...

Կարաբինը ուսից իջեցրեց, բլրից ցած սուրաց: Մարտիկները տեսնելով, թե ինչպես է իրենց հրամանատարը ուղիղ խաչքարերի դաշտ խոյանում, անակնկալի եկան, հետևեցին նրան: Ճարճատեցին ինքնաձիգները:

- Հակառակորդին չոչնչացնել, գերի վերցնել...

Դրմբոնի աշխարհազորայինները հանդիպակաց բարձունքում էին դիրքավորվել, իջան ու քանի որ տեղանքը լավ գիտեին, աննկատ շրջանցեցին սրբավայրը, հակառակորդին աքցանի մեջ առան: Ադրբեջանցիները նախ կրակն ընդունեցին, բայց հետո զգալով, որ զուր զոհեր են տալիս, վիրավորներին մարտադաշտում թողեցին, ճողոպրեցին: Այն էլ վերջին պահին, մեծ դժվարությամբ: Տասնչորս հոգի գերի ընկավ:

- Ոչ մեկին ձեռք չտաք:

Անահիտը մոտենում, հերթով զննում էր.

- Սրան տարեք, սրան տարեք, դու, հա´, հենց դու, առաջ ընկիր...

Զինաթափեց, իր ձեռքով թևերը թիկունքին կապեց, հրելով անտառի ամենախիտ թավուտը մտցրեց:

- Չոքիր առաջս:

Չոքեց:

- Հիշեցի՞ր ինձ:

Ադրբեջանցին, որ կարծում էր իրեն տղամարդ է գերել, ձայնը մոտիկից լսելով` գլուխը բարձրացրեց, ուշադիր դեմքին նայեց, սփրթնեց.

- Անահիտ քույրի՞կ...

- Ես անունս չեմ հարցնում, Արմենիքենդի խաչմերուկի մասին եմ հարցնում...

Գերին ոտքերն ընկավ.

- Կյանքս բախշի, բաջի, մինչև հիմա հորս համար եմ կռվել, սրանից հետո մորս համար կկռվեմ: Ինչքան որ հայ եմ մորթել, կրկնակի, եռակի թուրք կմորթեմ: Ով ձեռքս ընկնի, կմորթեմ:

- Ուրեմն այդքան շատ հայ ես մորթել, հա՞...

Նողկանքով, կիսաճտքի ծայրով ետ հրեց:

- Թիմուրին կանչեք:

Թիմուրը երևի վիրավոր էր, թևը բռնած եկավ:

- Թքիր սրա դեմքին:

- Ինչի՞ հենց ես, հրամանատար:

- Ձեր երկուսի հայրերն էլ մահմեդական, մայրերը հայուհիներ են: Բայց դու եկել հայերի համար ես կռվում, նա հայ է մորթում:

- Թո˜ւ...

Թիմուրը դեմքը շրջեց, գարշանքով խոտերի մեջ թքեց, հետո քրիստոնեավարի խաչակնքելով, մահմեդականավարի «Ալլահ, Ալլահ» ասելով` հեռացավ:

Կարաբինի փակաղակը չխչխկաց: Հիշեց Վիկտորի աչքերը, որ վերջին պահին որդիներից փախցնում, անընդհատ իրեն էր ուղղում:

Կարաբինը ուսը նետեց: Շոշափեց գրատի գրպանները: Գտավ:

... Հետո դուրս էր եկել թավուտից, մշուշված, շաղված աչքերով նայում էր զինվորներին, ինքնաբերաբար կրկնում.

- Ես իմ անելիքն արեցի: Ես իմ...

Դիմագծերը մինչև հիմա էլ նուրբ են, մարմնաձևերը` բարետես, շարժումները` հեզասահ: Հայացքում ակնհայտ կսկիծ, մորմոք, բայց նաև արժանապատվություն կա: Այսքան տարի անց էլ իրենն է կրկնում.

- Ես իմ վրեժը լուծել եմ: Տղաներս` չգիտեմ:

- Տղաներդ որտե՞ղ են:

- Ավարտել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանն ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Երկուսն էլ հայկական բանակի սպաներ են: Արցախո´ւմ են ծառայում: