Արմեն ՄԽԵՅԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-15, 17-21-ում)

Ականջին հասնում էին ահաբեկիչների կանչերը: Նրանցից մեկը հասցրել էր արդեն կանգնել շքեղ առանձնատան դարպասների մոտ:

«Հեռանում են… Իսկ մեզ իրենց հե՞տ են տանում»,- ինքն իրեն հարցրեց Սամվելը: Բայց հանցագործները մտադիր էլ չէին ավելորդ բեռ տանել իրենց հետ:

Գերիների վերջին հանգրվանը կդառնար հսկա լողավազանը, որն ամբողջությամբ լցված էր ջրով:

Սամվելը նրանց մտադրության մասին գլխի ընկավ միայն այն ժամանակ, երբ հրեցին դեպի ավազանի կողմը: Նրա ուժասպառ ձայնը ոչ ոք չէր էլ լսում: Երկու ամուր ձեռք բարձրացրին նրան ու մեկ ակնթարթ հետո ջուրն ամբողջությամբ կլանեց Սամվելի մարմինը` խլացնելով վերջին օգնության ճիչը: Ոտքերն ու ձեռքերն այնքան ամուր էին կապված, որ շարժել չէր կարող: Կարող էր միայն կծկվել ու ուղղվել: Մեկ վայրկյան հետո ջրում հայտնվեց նաև Բադալյանը, բայց նա որևէ կերպ կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Սամվելը փորձում էր և վերջին ճիգերը գործադրում դուրս լողալու համար, բայց ապարդյուն. ամեն շարժումից հետո մարմինն ավելի էր սուզվում սառը ջրի մեջ:

Թոքերը պահանջում էին թթվածին, սակայն դեռ դիմադրում էր: Ամենաշատը մեկ րոպե կարող էր շունչը պահել, այնուհետ ուղեղից եկած ազդակները կստիպեին շնչել, ու ջուրը կլցվեր թոքերը: Թթվածնային քաղց ու հետո` ուղեղի բջիջների մահ:

Վերջ, այլևս ի վիճակի չէր շունչը պահել ու թոքերում եղած օդն արտաշնչեց: Օդի պղպջակները վայրկենապես հայտնվեցին աչքերի առջև, իսկ սառը ջուրը ողողեց նախ կոկորդը, ապա իր սառնությամբ պատեց ներսը: Սամվելը զգաց, թե ինչպես է իր մարմինը կատարում վերջին ջղաձգումները` մակերեսին հասնելու համար, սակայն բաղձալի օդը բավական հեռու էր: Այլևս ոչինչ չէր տեսնում, թեպետ աչքերը հնարավորինս փորձում էր բաց պահել:

«Եվ սա՞ է վերջը: Ոչ մեկը չի կարող իմանալ` ինչ է մահը` մինչև ինքը չմահանա»:

Աչքերի առջև օրվա ողջ անցուդարձն էր: Սպանություն, փախուստ, կրակոցներ… Ժամանակ առ ժամանակ հայտնվում էր Տաթևը` իր ինքնավստահ կեցվածքով: «Այ թե կին է: Ապագա կինս գոնե նրա խիզախության տասը տոկոսն էլ ունենա` հերիք է»:

Հետո հայտնվեցին մարդասպանները: Իրեն հիմա քաշում էին վեր: Անզգայացած մարմինն ի վիճակի չէր դիմադրելու: Հանկարծ նրանցից մեկը ուժեղ հարվածեց կրծքավանդակին:

«Շնչի´ր, շնչի´ր»:

«Մի՞թե արդեն դժոխքում եմ»:

Երկրորդ հարվածն այնքան ուժեղ էր, որ թվաց, թե թոքերն հիմա դուրս կթռչեն:

- Չհամարձակվես մեռնել, լսո՞ւմ ես, չհամարձակվես: Շնչի´ր,- ականջին էր հասնում ձայնը:

Ամենատարօրինակն այն էր, որ քիչ առաջ նետեցին ջուրը, իսկ հիմա չեն թողնում գոնե հանգիստ մեռնել: Երրորդ հարվածը նախորդներից ավելի ուժեղ էր ու առաջին անգամ սուր ցավը ստիպեց բացել բերանը: Դեմքին զգաց հպում, ապա ինչ-որ բան ներխուժեց ներս: Այն օդ էր, թթվածնով հարուստ օդ…

Սամվելը զգաց, թե ինչպես է ջուրը թոքերից շարժեց վեր ու սկսեց խեղդել կոկորդը:

Բացեց աչքերը: Նրա առաջ ծնկաչոք նստած էր Տաթևը:

Սամվելը չկարողացավ բառ անգամ արտասանել: Շուրջը հայտնվեցին մի քանի տասնյակ ոստիկաններ: Այս անգամ արդեն ինքը վստահ էր, որ հանցագործները չեն:

- Տաթև…

- Վերջ, ամեն ինչ վերջացավ, հանգիստ եղիր:

Տաթևին ոստիկաններն օգնեցին ոտքի կանգնել:

- Տուժածներին առաջին օգնություն ցույց տալ` մինչ բժիշկները մոտենան:

Ոստիկանները Սամվելին ու Տաթևին ներս ուղեկցեցին:

- Նրանց բռնեցի՞ք,- մի կերպ կարողացավ հարցնել Սամվելն իրեն ուղեկցող ոստիկանին:

- Հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է: Նրանց էլ արդեն հայտնաբերել ենք, հեռու չէին հասցրել փախչել:

Սամվելին պառկեցրին: Տաթևը նստեց կողքին:

- Ինչ եղավ, քեզ չե՞ն վնասել,- հարցրեց Սամվելը:

- Չէ, բախտս բերեց, որ Բադալյանն ինձ փակեց սենյակում:

- Իսկ ինչպե՞ս դուրս եկար,- զարմացավ Սամվելը:

- Այնպես, ինչպես մենք մտանք Սարգսյանի աշխատասենյակ,- ծիծաղեց Տաթևը,- ես դուրս եկա հենց այն պահին, երբ դրանք հեռացան: Նրանք իմացել էին, որ ոստիկաններն այստեղ են գալիս, այդ պատճառով էլ շտապում էին րոպե առաջ փախչել:

- Փաստորեն միայն այն երեքը չեն:

- Նրանք միայն կատարողներն էին,- շարունակեց Տաթևը,- ես դռան մյուս կողմից լսում էի նրանց խոսակցությունները: Երբ տանից դուրս եկան, ես արդեն բացել էի դուռը: Հետո նկատեցի, որ լողավազանում ես, դե, հետո արդեն ինքդ գիտես:

- Ա´, ուրեմն դո՞ւ ես ինձ դուրս հանել ջրից:

Տաթևը միայն գլխով հաստատեց նրա հարցը:

- Իսկ ո՞ւր է կրիչը:

- Թաքցրել եմ այն սենյակում, որտեղ ինձ բանտարկեց, այն մեկը մեկ այլ կրիչ էր, որ հասցրեցի վերցնել Անահիտից:

- Ես հասկացա միայն այն ժամանակ, երբ Բադալյանն ինձ արդեն հավատացրել էր, թե դու անմիջական կապ ունես ահաբեկիչների հետ:

- Իսկ դու հավատացի՞ր,- ժպտաց Տաթևը մի փոքր լռությունից հետո:

- Դե´,- հապաղեց պատասխանել Սամվելը` ձևացնելով, թե հազում է,- ամեն դեպքում համոզիչ տեսակետ էր:

- Ինչպե՞ս կարող էիր…

- Տիկին Ստեփանյան,- երիտասարդ ոստիկանը հայտնվեց Սամվելի գլխավերևում,- ոստիկանապետը Ձեզ հետ ուզում է զրուցել:

Տաթևը փորձեց վեր կենալ, բայց Սամվելը բռնեց ձեռքը:

- Ինչո՞ւ էիր բղավում, որ չհամարձակվեմ մեռնել:

Տաթևը ժպտաց:

- Որ չհամարձակվեիր:

Սամվելի դեմքին ժպիտ հայտնվեց, ոստիկանն էլ ծիծաղը հազիվ կարողացավ զսպել, քանի որ իր կողքին փայլեց գեներալ-լեյտենանտի ուսադիրը:

- Տիկին Ստեփանյան, պարոն Գևորգյան, թույլ տվեք նախ շնորհակալ լինել ձեր կատարած աշխատանքի համար,- խոսեց ոտիկանապետը,- իհարկե սխալների մասին ևս կխոսեք,- քմծիծաղով Տաթևին նայելով շարունակեց նա,- ձեր շնորհիվ հանցագործ խմբավորման բոլոր անդամները հայտնաբերվել են և վնասազերծվել:

- Բայց դեռ շատ ուրիշ անելիքներ կան…

- Գիտեմ, գիտեմ,- Տաթևին ընդհատեց ոստիկանապետը` քաջ գիտակցելով` ինչ նկատի ունի պաշտոնյան,- դեռ կհասցնեք օգնել մեզ` այդ անելիքների հարցում չափելու դավաճանության գինը:

Տաթևն ու ոստիկանապետը միասին դուրս եկան սենյակից` թույլ տալով, որ բժիշկները զննեն Սամվելին:

- Տիկին Ստեփանյան,- հաջորդ անգամ գործընկեր փնտրելիս ինձ անպայման կներառեք,- գոռաց Սամվելը, երբ նրանք արդեն դուրս էին եկել սենյակից:

Տաթևը ժպտաց ու նայեց ոստկանապետին:

- Դե՞, իսկ հիմա ապացույցը, տիկին Ստեփանյան: Թե՞ ինձ էլ չեք վստահում,- հոնքը վեր բարձրացնելով հարցրեց ոստիկանապետը:

- Գնանք, ես այն սենյակում եմ թաքցրել կրիչը,- ցույց տվեց Տաթևն այն դուռը, որը կարողացել էր բացել առանց բանալու,- իսկ ձեր մյուս հարցին թույլ տվեք անկեղծ պատասխանել:

Տաթևը է´լ ավելի մոտեցավ ոստիկանապետին, որպեսզի ոչ ոք չլսի:

- Մեկ-մեկ` անգամ ինքս ինձ չեմ վստահում:

Ոստիկանապետը միայն ժպտաց:

ՎԵՐՋԱԲԱՆ

Գենետիկ ձևափոխության ենթարկված սննդամթերքի խնդիրը ողջ աշխարհում օր օրի ահագնանում է: Տվյալ մթերքն արտաքնապես ոչնչով չի տարբերվում սովորականից, անգամ ավելի գայթակղիչ ու մի շարք այլ առանձնահատկություններով է աչքի ընկնում: Սակայն այսօր հետազոտությունները փաստում են, որ նման սննդամթերքը հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացմանը:

Գնալով ընդլայնվում է այն երկրների շարքը, որտեղ նման ապրանքների վաճառքի համար խստացվում են օրենքները, իսկ մի քանի երկրներ կտրականապես արգելել են նման սննդամթերքի վաճառքը ներքին շուկայում:

Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում տվյալ խնդիրն այդքան էլ արդիական չի համարվում: Թեպետ, ըստ օրենքի, տվյալ տեսակի ցանկացած սննդամթերք պետք է ունենա հստակ մակնշում, սակայն սպառողը հաճախ չի հետևում, թե ինչ է գնում:

Պաշտոնապես նման սննդամթերք Հանրապետությունում չկա, սակայն հանդիսանալով մի շարք սննդամթերքների ներմուծող երկիր` Հայաստանը հիմնականում ներկրում է մթերքն այնպիսի ընկերություններից, որոնք կարող են գենետիկ փոփոխության ենթարկված սննդամթերք արտահանել:

Հատկապես առավել մեծ վտանգ կա գյուղատնտեսական մշակաբույսերի հարցում, որոնք ներկրվում են հարևան երկրներից և արագ սպառվում: Կառավարությունը պարտավոր է մեծացնել ներքին շուկայի համար ներմուծված մթերքի որակի ստուգման վերահսկողությունը: Օրենսդրական բացթողումներն ու վերահսկման միջոցների բացակայությունը հայկական շուկան դարձնում են առավել խոցելի` նման ապրանքատեսակների սպառման համար:

Վ Ե Ր Ջ