Լույս` մանկան աչքերին


Զուր չէ ասված` մանկան աչքերում պիտի փնտրել աշխարհը, քանզի իրական աշխարհի պատկերը հենց այդտեղ է:

Զարգանում է աշխարհը, մարդկային մտքի ու երևակայության սահմաններն այլևս անուրվագծելի են դառնում, բայց մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր դեռևս պարզ ու համեստ մարդկային կեցության խնդիր ունեն, ովքեր սոցիալական ծանր բեռի տակ կքած անտեսում են ամենից թանկն ու անդառնալին` առողջությունն ու կյանքը:

Տևական ժամանակ է մանուկների հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Հայաստանի մի շարք համայնքներում, աջակցում և օգնում համայնքներում ապրող բնակչությանը: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը բազում են. մասնավորապես` առողջապահականը.

Հիմնադրամի առողջապահական ծրագիրը նպատակ ունի պահպանել առողջությունը և կանխարգելել հիվանդությունների առաջացումն ու տարածումը: Ցավով պետք է արձանագրել, որ գյուղական համայնքներում բարձրորակ բուժօգնություն չկա, ամենը կենտրոնացված է քաղաքներում, մասնավորապես` Երևանում, որը շատ հաճախ հասանելի չէ շարքային բնակչին:

Ստորև մի պատմություն` ճակատագրական դարձած .

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում է ապրում փոքրիկ Արամը` իր` մեծ երազանքներով: Հայաստանի մանուկների հիմնադրամի և Հայաստանի ակնաբուժական նախագծի (ՀԱՆ) կողմից համատեղ իրականացված ակնային զննում և բուժում ծրագրի շրջանակներում ` 11-ամյա Արամ Սարդարյանի մոտ հայտնաբերվել էր աչքի` արագ և աննկատ զարգացող հիվանդություն: Տղան երբեմն գանգատվել է տեսողությունից, սակայն ծնողները կարծել են, թե մտահոգվելու կարիք չկա: Բուժզննում է անցել Արմավիրում, որտեղ ասել են, որ տեսողության խնդիր ունի, երբ չափահաս դառնա վիրահատության անհրաժեշտություն կլինի: Ախտորոշումից հետո տեսողությունն ավելի է վատացել:

...Արամը վիրահատվեց աչքի շարժական հիվանդանոցում` անվճար հիմունքներով: Վիրահատությունից անցել է բավական ժամանակ, թե´ վիրահատությունը, թե´ հետվիրահատական շրջանն անցել են բարեհաջող, բժիշկը վստահեցրել է` այլևս կուրանալու վտանգ չկա:

Այսօր Արամն աշխարհին նայում է ավելի լուսավոր աչքերով, ուզում է բժիշկ դառնալ, որպեսզի աշխարհում ոչ մի հիվանդ մարդ չլինի.

-Ուզում եմ ակնաբույժ դառնալ, որպեսզի օգնեմ այն մարդկանց, ովքեր լավ չեն տեսնում: Հիմա կյանքի ու մարդկանց գեղեցկությունն ավելի լավ եմ տեսնում:

Տատիկս ասում է, որ աշխարհում վատ մարդիկ չկան, պարզապես բոլոր մարդկանց պետք է սիրել:

Այս պատմությունը սթափեցնող կոչնակ է պատկան մարմիններին ` համայնքային բուժօգնության որակը բարելավելու և բնակիչներին հասանելի դարձնելու:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ