Միլիարդատիրոջ կտակը` գյուղացիներին


Գարեջրի GoronΖ ապրանքանիշի հիմնադիր, իսպանացի միլիարդատեր Անտոնիո Ֆերնանդեսն իր ունեցվածքը կտակելիս չի մոռացել հայրենի գյուղի մարդկանց. Սերեսալես դել Կոնդադո գյուղի յուրաքանչյուր բնակչի նա հատկացրել է 2,6 միլիոն դոլար: Գյուղ ասվածը փոքրիկ բնակավայր է, ուր ապրում է 80 մարդ, և կտակային հատկացումն էլ կազմել է 210 միլիոն դոլար:

Երկրում ճանաչում վայելող գործարարը վախճանվել է 99 տարեկան հասակում` 2016-ի օգոստոս ամսին, իսկ կտակը բացվել է վերջերս:

Այդ գյուղում ծնված Ֆերնանդեսը աղքատ մանկություն է ունեցել: Նրա հայրական ընտանիքը 13 երեխա ուներ, և Անտոնիոն ստիպված էր հրաժարվել դպրոցում սովորելու հեռանկարից: 1949 թ. 32 տարեկանում ապագա մեծահարուստը տեղափոխվել է Մեքսիկա և աշխատանք գտել գարեջրագործական GruΘo Modelo ընկերության պահեստում: 1971-ին, սակայն, նա արդեն ֆիրմայի գլխավոր տնօրենն էր և ստեղծել է իր GoronΖ ապրանքանիշը, որը խոշորագույնն ու ճանաչվածն է ալկոհոլի շուկայում:

Հաջողությունները մոռացնել չեն տվել ծննդավայրն ու համագյուղացիներին: Ու այսօր իրենց երախտիքը հայտնելով հանգուցյալ միլիարդատիրոջը` Սերեսալեսը դել Կոնդադոյի բնակիչներն ասում են, որ գյուղում աշխատանք գրեթե չկա.

- Չենք պատկերացնում, թե ինչ էինք անելու` առանց Անտոնիոյի օգնության: Հավանաբար ողորմություն էինք խնդրելու,- անկեղծացել է գյուղի միակ բարի տեր Մաքսիմինո Սանչեսը:

Աստված է ողորմացել նրանց` Անտոնիո Ֆերնանդեսի ձեռքով: