Բարոյական արժեքների անցյալն ու ներկան

Լրագրողի խոհեր

«Հապա ինչո՞վ են տարբերվում նրանք իրենց մտավոր ապիկարությամբ, բարոյական աղքատությամբ, ժլատությամբ և անսրտությամբ... Ոչնչով»:

Ալ. ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

Խոսքը, ոչ ավել ոչ պակաս, հայ մտավորականու-թյան մասին է: Իսկ համեմատության մյուս կողմում հայ միլիոնատերերն են...

Դա` նախկինում: Իսկ ինչպիսի՞ն են բարոյական արժեքներն այսօր: Առօրյա իրականության մեջ հաճախ ենք առերեսվում բարոյական արժեքների կորստի հետ: Սկզբից ասեմ, որ հասարակությունը շատ հաճախ անբարոյականություն ասածն ընկալում է նեղ իմաստով, այն հաճախ նույնացվում է բարոյական ազատ վարքագծի հետ: Սակայն ճշմարտությունն այն է, որ անբարոյական ասածը շատ ավելի ընդգրկուն է, անբարո վարքը միշտ չէ, որ կապված է ինտիմ կյանքի հետ: Անբարոյական դրսևորումները կարելի է հաշվել հարյուրներով, գուցե հազարներով: Անկախության տարիներին ավելի շատ են սկսել խոսել մեզ ուղեկցող խաբեության, խարդախության, կաշառակերության մասին: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ դրանցից զերծ չէր նաև խորհրդային հասարակարգը: Բայց այդ երևույթի մասշտաբները շատ ավելի փոքր էին, քան մերօրյա Հայաստանում: Պատճառները կարծում եմ պարզ են` գործող օրենսդրությունը (գրված և չգրված օրենքներ) գաղափարական դաստիարակությունը, սոցիալական ավելի կայուն վիճակը:

Այսօր վիճակը տրամագծորեն այլ է: Ամենազարմանալին այն է, որ մեր հասարակության զգալի մասը հանդուրժող ու անտարբեր է բացասական երևույթների նկատմամբ: Խորհրդային միության փլուզման հետ փլուզվեց նաև բարոյական արժեհամակարգը: Այսօրվա Հայաստանում էլ կա ազգային, պետական գաղափարախոսություն: Բայց կարծում եմ, որ դրանք չեն նպաստում, որ մարդիկ դառնան բարի, ազնիվ, սկզբունքային: Գաղափարախոսությունը խորհրդային տարիներին մի տեսակ պարտադրանք էր, գուցե դա էր ճիշտը: Առօրյան գալիս է վկայելու, որ հասարակության գերակշռող մասն իր գիտակցական մակարդակով, առանց հարկադրանքի չի կարող դառնալ օրինապաշտ ու բարոյական: Հակառակ դեպքում այսքան սահուն չեն լինի տեղաշարժերը, ավելի ճիշտ կլինի ասել` ցատկերը կուսակցությունից - կուսակցություն: Իսկ ո՞ւմ են պետք այսքան շատ կուսակցությունները, գրանտակեր ՀԿ-ները:

Մարդը բնության մասնիկն է, կենդանիները` ևս: Սակայն, եթե մարդիկ ուղղորդվում են բնական բնազդով, ապա անպատասխան կմնա «Ո՞րն է մարդկանց և կենդանիների տարբերությունը» հարցադրումը: Այդ տարբերություն ասվածը հենց բանականությունն է ու բարոյական արժեքները, ինչը մեր օրերում կարծես երկրորդ, նույնիսկ երրորդ պլան է մղվել: Անշուշտ, օրենքի գերակայություն և բարոյալան արժեքների բարձր գիտակցություն կա առաջադեմ երկրներում, իսկ աշխարհի պետությունների մեծ մասը այդ երկրների ցանկում չեն: Ցավով պիտի արձանագրել, որ մեր երկիր էլ դուրս է այդ երանելի երկրների ցանկից:

Երկիրն ամենքիս պիտի դառնա` անկախ մեր կուսակցական պատկանելիությունից, դեմք ու դիրքից: Իրավունք և պարտականություն պիտի լինեն միշտ հավասարակշռված կշեռքի նժարներին: Հակառակ դեպքում, անշուշտ, Հայաստանը կշարունակի մնալ անհեռանկար երկրների շարքուն, իսկ մեր ներկան ու ապագան մշուշապատ, առանց Մովսես Գորգիսյանի կեցցեների` «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»...

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ