Թող գտնեն չեզոք տարբերակ


Ի՞նչ երաժշտության ներքո է այսօր պտտվում աշխարհը: Իհարկե, մեզանից ոչ ոք չի կարող միանշանակորեն պատասխանել. ամեն օր, անգամ մեր փոքրիկ երկրում, թեկուզ հարևանցիորեն, բայց բոլորիս են լսելի դառնում աշխարհի երաժշտական նորությունները (նոր ռիմթեր, ոճեր...): Ինչպես վստահեցնում են իրենց երաժշտությունը հայ հանդիսատեսին մատուցող բազմաթիվ երաժիշտները (հայ և արտասահմանյան), հայ հանդիսատեսը բաց է նորի համար: Ավելացնենք, որ ոչ միայն ընդունում է նորը, այլև աշխարհում աչքի է ընկնում այդ ասպարեզ բերած ամենատարբեր նորարարություններով: Վերջինների հետ անխզելիորեն կապված է նաև Արտո Թունչբոյաջյանի անունը: Նա իր յուրօրինակ, միգուցե փոքր-ինչ տարօրինակ երաժշտական ոճով ու մատուցմամբ (հիշենք, որ շիշն ու կաթսան հաճախ նրա ձեռքին դառնում են երաժշտական գործիք) արդեն հասցրել է շատերին գրավել: 1998-ին Հայաստանում հիմնադրված հայկական նավատորմի նվագախումբը (ANB) ցանկանում էր Հայաստանում էլ զարգացնել ավանգարդ-ֆոլկ երաժշտությունը: Այս խմբի երգերի կատարողը Արտոն է (որի երգերում հայկական երաժշտարվեստի տարրերն են ու ժամանակակից կյանքի մասին պատմող բառերը): Նա նշում է, որ իր և խմբի որդեգրած գաղափարը մեկն է` «Երգը կյանքի լավ ըլլալու համար է», ասել է, թե փորձում են երգով վերափոխել կյանքը, մաքրել կյանքի չարությունը: Վերոնշյալները և ազատ արտահայտվելը իր համար նաև ուղի է դարձրել նորաստեղծ «Daper Boys intl» խումբը: Խմբի երեք անդամներն են` Ուիլյամ Դեյսը, Քարլթոն Կարվալյոն և Սեթո Թունչբոյաջյանը, վերջինը Արտո Թունչբոյաջյանի քսանամյա որդին է: Նրանց երգերում էլ է կյանքը` մասնավորապես իրենց` երիտասարդների կյանքը: Իսկ այդ երգերում հաճախ լսվող հայհոյանքը Արտոն համարում է բողոք. «Ավելի լավ է քյուֆուր անեն, քան սպանեն»: «Փեյփր բոյզ ինթլ» ամերիկյան խումբը (որը պատրաստվում է նկարահանել նոր տեսահոլովակ Հայաստանում) «Արմենիան նեվի բենդի» հետ համատեղ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում` «Աստրալ» ակումբում: Դե, ինչ, թող նրանք շարունակեն իրենց նորարարություններով զարմացնել հանդիսատեսին: Բայց չմոռանանք վերջիններին խորհուրդ տալ, որ վերջնական չհամարեն Արտոյի նշած 2 տարբերակները` «սպանելը» կամ «քյուֆուր անել-հայհոյել»-ը, այլ գտնեն մի ավելի չեզոք բան... Նույն սիրով սիրենք հին ու նոր գրքերը... Մեզանից շատերը հաճախ վաճառասեղաններին, անգամ մայթերին տեսնելով իրենց իսկական գինը վաղուց կորցրած, վաճառքի հանված գրքեր` մտածում են, թե ով է հիմա գիրք կարդո՜ւմ որ... Բայց թող զարմանալի չթվա այն, որ այսօր Հայաստանում նորանոր հրատարակչություններ ու գրախանութներ են բացվում: Ու մեր երկիրը նաև այս առումով արդեն հետաքրքրում է արտասահմանյան հրատարակչական ընկերություններին, որոնք ցանկանում են այստեղ հիմնել իրենց կազմակերպությունների մասնաճյուղերը: Հայաստանում արդեն երկար ժամանակ գործող անգլիական խոշոր «Մակմիլան Արմենիա» հրատարակչական ընկերությանը միացավ մեկ այլ խոշոր հրատարակչություն` Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը` որպես Օքսֆորդի համալսարանի առանձին ճյուղ: Այն ունի 500-ամյա գործունեության պատմություն, որով խթանել է համալսարանի կրթահետազոտական նպատակների իրականացմանը: Ինչպես նշեց Հայասանում Oxford-ի ներկայացուցչության գրասենյակի և գրախանութի տնօրեն Տիրան Լոքմագյոզյանը, այս ամենին կհաջորդի նաև Հայաստանի` անգլերենի մասնագետների վերապատրաստման գործընթացը: Այս ամենը իրականացվում է Օքսֆորդի համալսարանի կողմից, որը Հայաստանի հետ նաև պայմանագիր է կնքել, որ գրքերը վաճառվեն մեր երկրի պայմաններին համապատասխանող գներով:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ