Երկխոսության հրավեր


Հրապարակելով ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն ԲԱԲԱՅԱՆԻ և թատերագետ-գրականագետ Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ երկխոսությունը` լիահույս ենք, որ նրանց արծարծած մտքերը կհուզեն արդի հայ թատերարվեստի ճակատագրով անկեղծորեն մտահոգված թատերասեր հասարակայնությանը, բեմի նվիրյալներին` հարուցելով մասսայական լրջմիտ քննարկումների անհրաժեշտության ակտիվ գիտակցություն` ի շահ մեր հնամյա թատերարվեստի արժանավայել ապագայի անսխալ կանխորոշման: (Սկիզբը` նախորդ համարում) - Երեխան աշխարհն ընկալում է իր կենսափորձի շրջանակներում` ապավինելով մեծերին: Իրեն անհասկանալի երևույթներին ջանում է բացատրություն գտնել երևակայության, հրաշապատում հեքիաթների միջոցով: Չունի իրատեսական մտածողության իմացաբանական համապատասխան հիմք... Եթե նրան ներկայացվեն բարդ աշխատանքներ, նա չի հասկանա, կձանձրանա կամ, որ ավելի վտանգավոր է, սխալ կհասկանա... Ամեն տարիք ընկալման իր սահմանն ունի... - Համաձայն եմ: Բայց երեխան մի ուրիշ առավելություն ունի` նա ճիշտ հանդիսատես է, զգացմունքային, ավելի անկեղծ, անմիջական... - Կարելի՞ է ենթադրել, որ մասնագիտական բարձրակարգ կրթություն ստանալով` որոշեցիք բազմազանություն մտցնել մեր տիկնիկային թատերարվեստում` ավանդականին զուգահեռ ներկայացնելով մեծահասակների համար բեմադրություններ, երբեմն` զուգակցել դրանք: Այդպես մեզանում չի՞ խեղաթյուրվի, կազմալուծվի տիկնիկային թատրոնը: - Վտանգ չեմ տեսնում: Պետք չէ կառչած մնալ դոգմաներից: Տիկնիկայինը թատերական ձև է, ինչպես բալետը, օպերան: Եվ այդ թատերական ձևում կարող են զուգակցվել տարբեր ժանրեր: Անկախ նրանից, թե մենք ինչ գաղափարներ ենք առաջադրում, պետք է հետևենք ժամանակի պահանջներին, նոր ձևեր ու արտահայտչամիջոցներ գտնենք: Կոնգլոմերատ: Ըստ մեզ, հետաքրքիր, ընդհանրապես հետաքրքիր: Ինչ-որ մեկն ասել է. «Եթե Ռաֆայելը ապրեր XX դարասկզբին, նա կլիներ իմպրեսիոնիստ»: Սրանում մեծ իմաստություն կա: Թատրոնը, արվեստն ընդհանրապես, չի կարող մնալ հին ձևերում: Ես սիրում եմ պատերազմ թատրոնում, ժխտողական վիճակ: Առանց դրա թատերարվեստը առաջընթաց չի ունենա: Հիշենք ռուսական թատրոնը XX դարասկզբին, երբ Թաիրովը, Վախթանգովը, Մեյերհոլդը եկան` ժխտելով իրենց ուսուցչին, մի նոր որակ, նոր շունչ բերեցին: - Բայց նրանք իրենց ուսուցիչների շնորհիվ էին ձևավորվել, կայացել ու հասունացել, ժխտելով նախորդներին` կրում էին իրենց գեղագիտության ակունքներում նրանց տվածն ու ունեցածը... - Իհարկե, բայց հակադրվելն անհրաժեշտ էր: Եվ ուսուցիչն էլ էր մի արտակարգ երևույթ, չէ՞, Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտը» տեսնելով` ասաց. «Սա հենց իմ սիստեմով լավագույն ներկայացումն է»: Բայց, միևնույն է, արվեստում առանց հակադրվելու որևէ նշանակալից բան ստեղծել անհնար է: Եվ չպետք է վախենալ սխալվելուց: Արվեստն իր էությամբ սուբյեկտիվ է: Ի դեպ, արվեստագետներն էլ են տառապում սրա թյուրըմբռնմամբ, երբ որ քննադատությունից պահանջում են օբյեկտիվ գնահատական: Մոռանում են, որ քննադատը սուբյեկտ է և չի կարող բացարձակ օբյեկտիվ լինել... - Պահանջում են օբյեկտիվ գնահատական, բայց թշնամանում են, երբ որ ակնհայտ ճշմարտություն ես ասում: Բացարձակ օբյեկտիվություն չի կարող լինել գուցե, բայց կան նվազագույն պարտադիր պահանջներ, որոնց բավարարելով միայն տվյալ ստեղծագոր ծությունը արվեստի գործ կարող է հռչակվել, մնայուն արժեք դառնալ: Քննադատել չի նշանակում դատափետել, մերժել, ժխտել: Դա վերլուծական բարդ աշխատանք է, որ հավակնում է ամբողջական պատկերացում տալ արվեստի կոնկրետ գործի մասին` ելնելով տեսակի թելադրած կարևորագույն պայմանների հանրագումարից, անհրաժեշտ բաղկացուցիչների համամասնությունից, Գեղեցիկի ու Բարու, հումանիստական վսեմ իդեալների գեղագիտական տեսակետից: Այսօր հատուկենտ արվեստագետներ են հանդուրժում, ընդունում անչար, տրամաբանորեն հիմնավորված քննադատությունը: Մեծամասնությունը միայն դիֆերամբներ է ակնկալում քննադատից: - Իրավացի եք: XIX դարում քննադատական միտքը ծաղկում էր: Եվ դա նպաստում էր արվեստի զարգացմանը: Հիմա եթե քննադատությունից միայն դիֆերամբներ են ակնկալում, դա պարզապես վիրավորական է առողջ մարդու համար: Ճապոնացի արվեստագետներն ունեն լավ ավանդույթ` նրանք կյանքում երկու անգամ փոխում են իրենց անունները` 40 տարեկանում և` 60: Ուզում են հասկանալ` արդյոք անո՞ւնն է աշխատում իրենց վրա, թե՞ իրենք շարունակում են մնալ արվեստագետ: Եվ չեն ասում` դե, Ռուբեն Բաբայանը, արդեն պարզ է: Ոչինչ էլ պարզ չէ: Մենք ամեն բեմադրությամբ նոր քննություն ենք բռնում արվեստում: Ոչ ոք չի կարող ապահովագրել հաջողությունը: Մենք ի՞նչ ենք ասում` արի տես, թե ինչ հանճարեղ բեմադրություն եմ արել... - Մի էական հանգամանք էլ կա: Թատերական ներկայացումը կենդանի օրգանիզմ է: Նույնիսկ ամենահաջողված բեմադրության ներկայացումները ապահովագրված չեն ձախողումից, մինչև անգամ դերասանական միջին որակի առկայության պարագայում` չնախատեսված խոչընդոտներ, ինքնազգացողություն, վատ հանդիսատես, չարաբաստիկ բջջային հեռախոսների ազդանշաններ... .- Ամեն ինչ ճիշտ է` աստղերը պետք է բարենպաստ դասավորված լինեն, բայց ամենակարևորը արհեստին տիրապետելն է: Եթե դու արհեստը չիմացար, ոչ մի ներշնչանք, ոչ մի աստղաբույլ չի փրկի: Միշտ օրինակ ենք բերում մեծերին` մոռանալով, որ, ի տարբերություն մեզնից շատերի, նրանք հիանալի տիրապետում էին արհեստին: Մենք սիրողական մակարդակով ենք թե° սովորում, թե° աշխատում: Իսկական պրոֆեսիոնալներին մատների վրա կարելի է հաշվել թատերական ասպարեզում: - Դուք թատերական կյանքը տեսականորեն և գործնականում, ըստ Ձեր հայեցողության, պատկերացումների, սկզբունքների կազմակերպելու բացառիկ հնարավորություններ ունեք այսօր ինստիտուտում, թատրոնում, Ձեր իսկ նախաձեռնած ստեղծագործական միությու նում: Ձեր ուսանողներն ու շրջանավարտները, համախոհները, որքանով իրազեկ եմ, գնահատում են իրենց գործունեության նկատմամբ հանդես բերվող բարյացակամ վերաբերմունքը, իրենց վերապահվող սխալվելու, այսինքն, փորձարարական ձգտումները իրագործելու իրավունքը: Առանց ընկնելու քայլել չես սովորի: Արվեստում` առավել ևս: Ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչն է խանգարում Ռուբեն Բաբայան թատերական գործչին կազմավորելու սեփական թատերական կղզի, իր գեղագիտության ու երազանքներին համարժեք մի համակարգ, եղածից շահեկանորեն տարբեր, գուցե նաև ընդօրինակման արժանի: .- Ինքս: Առաջին հերթին: Հակված չեմ որևէ կողմնակի պատճառ կամ արդարացում որոնել ինձնից դուրս: Նույնիսկ եթե դա իրականությանը չի համապատասխանում, ճիշտը մեղքերի արմատը քո մեջ փնտրելն է: Թե° մարդկայնորեն, թե° մասնագիտորեն: Գեղարվեստական ղեկավարին տրված են իրավունքներ, որոնց շրջանակները շատ ավելի նեղ են, քան պարտականություններինը: Մեզանում, ցավոք, արհեստականորեն առաձգականացվում-մեծացվում են իրավունքները: Հետևանքը ներկայիս ճահճացած վիճակն է: Իսկական արվեստի հիմքում մշտառկա է իրոնիան, որ թույլ չի տալիս տառապել փառասիրությամբ... - Ցավոք, փառասիրությունը ոմանց մոտ հասել է փառամոլության: Ճանաչում ու վաստակ ունեցող արվեստագետներից ոմանք խրախուսում են իրենց կողքին ուրիշին, բայց միայն առերևույթ: Նորը, առավել ուշագրավն ու հետաքրքիրը չծլարձակած խեղդվում է չկամության, նախանձի ու խարդավանքների մոլախոտերի թավուտում... - Ես հաստատ գիտեմ, թե ինչպիսին չպետք է լինի թատրոնը: Առայժմ աշխատում եմ ավելորդից ազատվել: Չգիտեմ` ինչ կստացվի: Ես ավելի դյուրին ընկալում եմ ուրիշների արածը: Հիացած եմ, օրինակ, Նարինե Գրիգորյանով, հատկապես «Երկնագույն երկրագունդ» բեմադրությամբ: Ինքս իմ մասին դժվարանում եմ խոսել: Հիմնականում ամաչում եմ իմ բեմադրությունների համար: Մի քանիսն եմ միայն ընդունում` Շեքսպիրի «Սխալների կատակերգությունը», Չեխովի «Բալենու այգին» (մեր տարբերակով` «Սպիտակ այգին»): Իմ օգտակարությունը ներկայիս թատերարվեստին տեսնում եմ երիտասարդ տաղանդներին ճանապարհ հարթելու, բացահայտվելու հնարավորություն ընձեռելու մեջ: - Քանի՞ ներկայացում ունի այսօրվա տիկնիկային թատրոնն իր խաղացանկում: - 32: - Ի՞նչ պարբերականությամբ են դրանք խաղացվում: - Ավելի հաճախ խաղացվում են վերջերս բեմադրված մանկական ներկայացումները: Պրոբլեմ ունենք մեծահասակ հանդիսատեսի հետ: Դժվարությամբ են գալիս, չնայած հիմնականում գոհ են մնում: Շնորհիվ մեր գլխավոր ադմինիստրատորի, միշտ կազմակերպվում են քննարկումներ ներկայացումներից հետո, որոնք շատ հետաքրքիր, ուսանելի են և, կարևորը, դեպի լավն են փոխում կարծիքը ժամանակակից հանդիսատեսի մասին: Լսելով նրանց անմիջական արձագանքները` համոզվում ես, որ հանիրավի ենք տրտնջում նոր սերնդի անլիարժեքությունից, մտավոր սնանկությունից: Եթե նրանց մտավոր-հոգևոր-բարոյական ընդհանուր նկարագիրը չի գոհացնում ավագներիս, մենք ենք մեղավոր, ուրեմն լավ չենք կրթել, հարկավոր լրջությամբ չենք զբաղվել նրանց մարդկային նկարագրի ձևավորմամբ: - Եթե առիթը ներկայանա ցուցադրելու խաղացանկային լավագույն աշխատանքները, 32-ից որո՞նք կընտրեք: - Շատերը: «Փոքրիկ իշխանը», «Անհաղթ աքլորը», «Երրորդը», «Ոսկե ձկնիկը», «Երեք խոզուկները»... Վերջինս, թվում է, թե մի պարզագույն զավարճալի պատմություն է երեք թեթևսոլիկ խոզուկների մասին: Բայց տեսեք, թե ինչ խոր ենթատեքստ ունի, մանուկ հանդիսատեսին միանգամայն հասկանալի` ուզո՞ւմ ես տունդ ամուր լինի, քարի°ց կառուցիր. ուզո՞ւմ ես երկիրդ ամուր լինի, քարի°ց կառուցիր... Մեծահասակների համար... Գիտեք, ստացվում է, թե չի ստացվում, ես փորձում եմ չկրկնվել: Սա գերխնդիր չէ: Պարզապես այդպես հետաքրքիր է: Տապալվելու հավանականությունը շատ է մեծանում: Ավելի դյուրին է կրկնել, փոքր-ինչ ձևափոխելով, արդեն հաջողությամբ փորձարկվածը: Բեմադրությունը, նախևառաջ, բեմադրիչի զրույցն է դրամատուրգի հետ, որ հետո տեղափոխվում է բեմ, շարունակվում դերասանի ու հանդիսատեսի միջև: Ներկայացումը զրույց է` իհարկե, իր ձևի մեջ: - Ովքե՞ր են կազմում տիկնիկային դերասանախմբի կորիզը այսօր: - Ասեմ` Դերենիկ Մարտիրոսյան, Արշակ Պողոսյան, Գագիկ Ռոստոմյան, Արա Հակոբյան, Աստղիկ Գևորգյան, Ալեքսանդր Թաքլչյան, Ռոբերտ Գյուլումյան: Դերասաններ, ովքեր բոլոր այս տարիներին իրենց ուսերին տարան թատրոնի խաղացանկը: Թատրոնը ընտանիք է դառնում, երբ նրանում կան տարբեր սերունդների ներկայացուցիչներ: Նրանք իրար լրացնում ու հարստացնում են, միասին ներդաշնակություն կազմում: - Երիտասարդներից թույլ տվեք մի քանիսին ես հիշատակեմ` Զարուհի Անտոնյան, Կարեն Խաչատրյան, Սյուզան Պապոյան... - Աղասի Մելքոնյան, Տաթևիկ Մելքոնյան, Աննա Պետրոսյան, Լիանա Նիկողոսյան, Աստղիկ Գրիգորյան, Լուսինե Խաչատրյան, Իննա Հախնազարյան... Բոլորն էլ լավ են, շնորհալի: Երևի ես օբյեկտիվ չեմ, քանի որ նրանք իմ ուսանողներն են, բայց բոլորին եմ սիրում: (Շարունակելի)