Սա այն տունն է, որ շինել է...


Երևան, Աբովյան փողոցի ծայրին, Խաչատուր Աբովյանի հայացքի ներքո երկու մասնաշենքերի միջև գտնվող տարածքը ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ եղել է Գյուղինստիտուտի, ապա` Գյուղակադեմիայի և, ի վերջո, Ագրոհամալսարանի տարածքը: Ինքնատիպ ճարտարապետական համալիր էր` իր հին ու նոր ճարտարապետական ուղղությունների միասնական ամբողջությամբ: Գտնվելով բուհի երկու մասնաշենքերի միջև, այդ տարածքը պետք է որ օգտագործվեր բուհի կարիքների համար. չմոռանանք` ագրոհամալսարանը կադրեր է պատրաստում երկրի տնտեսության 70-80 տոկոսի համար: Մինչ կքննարկեին, կհամաձայնեցնին այդ միջանցքի տարածքում բուհի համար առավել անհրաժեշտ և հրատապ կառույցի հարցերը, «Օրինաց երկիրը» անօրեն զավթեց այդ տարածքը` առանց նախագծի: Բուհի ուսումնական գործընթացի ամենաբուռն օրերին, երբ դասից չուշանալու համար ուսանողները դասամիջոցներին մի մասնաշենքից մյուսն էին սլանում, նրանց ճանապարհը փակեցին բուլդոզերը, ինքնաթափ մեքենաները, վերամբարձ կռունկը: Փոշին, տեխնիկայի հռնդյունը շուրջ երկու տարի խաթարեցին բուհի աշխատանքը: Շինարարությանը զուգընթաց հապշտապ «ձևակերպ վեց» անհրաժեշտ փաստաթղթերի մի մասը: Մյուսը հիմա էլ պատրաստ չէ: Ամենաթողության, աչքերն ապօրինության վրա փակելու մեծ տաղանդի շնորհիվ, ապօրինությունները հաջորդեցին իրար: Եվ այսօր մայրաքաղաքի կենտրոնում բուհի երկու մասնաշենքերի միջև վեր է խոյացել ճարտարապետական, քաղաքաշինական այլանդակությունը: Ագահությունը, անպատժելիությունը ծնեցին ապօրինության մի ստվար փունջ: Եթե ըստ թույլտվության (նախագիծ, հատակագիծ, քաղաքապետի որոշում, ...), շենքի լայնությու նը պետք է լիներ 8 մետր, այն ինքնագլուխ դարձրին 9 մետր, եթե հարկերի թիվը պետք է լիներ 4, ինքնագլուխ կրկնապատկեցին` 8 հարկ: Եթե շենքը պետք է ծառայեր միայն քաղաքական գործունեություն ծավալելու համար` ՕԵԿ-ի գրասենյակ, ավելացրին ռեստորան` Femida, բար Femida, վարսավիրանոց, պատճենահանման գրասենյակ, բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութ և այլն: Եթե շենքը պատկանելու էր ՄԻԱՅՆ ՕԵԿ-ին, վերջում այն ապօրինաբար ձևակերպեցին որպես... մասնավոր սեփականություն: Իր արտաքինով նույնպես շենքը աղավաղում է մայրաքաղաքի տեսքը. երկու մասնաշենքերի միջև վեր խոյացած շինության գույնը տարբեր է պատկից շենքերի գույնից: Մամուլը բազմիցս անդրադարձել է այդ շինությանը, այդ ապօրինությունները լուռումունջ օրինականացնող մարմիններին` կադաստր, քաղաքաշինության նախարարություն, քաղաքապետարան և այլն: Երկու տարի շարունակ այդ բարձրահարկ շենքը կառուցվել է առանց բանվորների, ավելի ճիշտ` շինարարներ եղել են: Նույնիսկ երկհերթ են աշխատել: Բայց հարկեր, տուրքեր չմուծելու համար նրանց չեն ձևակերպել. ըստ փաստաթղթերի 1 միլիոն դոլարից ավելի ծախս պահանջող շենքի վրա ծախսվել է ընդամենը մեկ ավտոտնակի գումար: Նշվեցին նաև խոշոր գումարներ ներդրողների անունները` քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյան, Արա Աբրահամյան, «Բելաջիոյի», «ՄԱՊ»-ի սեփականատերեր: Գրվեց նաև այն մասին, որ շենքը որպես սեփականություն է ձևակերպվել ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հարազատի անունով և ոչ թե որպես կուսակցության գրասենյակ, որ կա կառավարության որոշում այդ շենքի մի մասը ապօրինի ճանաչելու մասին և այլն: Անցել են ամիսներ: Բայց ոչ մի արձագանք: ՕԵԿ-ը լռում է: Եթե զրպարտել են բազմաթիվ հրապարակումներում նշված ապօրինությունների մեջ` Օրինաց կոչվող կուսակցությունը պետք է որ օրինակ դառնար օրինական դիրքորոշման` հերքում պահանջեր: Եթե ճիշտ էին մեղադրանքները` հասարակությանը պետք է խոստովաներ իր ապօրինությունները և չարհամարհեր նրան: