ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՐՈՒՅՐԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԵՏՔ


«Պ. Սևակի մասին քիչ չի գրված, հետայսու ավելի շատ են գրելու, չէ՞ որ նա ոչ թե մեկն էր մեր մեծերից, այլ մեկը մեր` ամենամեծերից»: Ալբերտ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ- «Ղողանջ անմահության», Երևան, 2006 թ., էջ 301 Բնաբանի հեղինակը` Սևակի ամենամտերիմներից մեր սիրելի Ալբերտը, իր նույնանուն բարձրարժեք գրքում ինձ ևս մեծ պատվի է արժանացրել, դրա 152-153 էջերում զետեղելով «Ավանգարդ»-ում տպագրված (թիվ 2, 2006 թ.) իմ հուշերից մի փոքրիկ պատառիկ Մեծն Սևակի մասին: Ելնելով դրա ջերմ ընդունելությունից, էս անգամ արդեն ամբողջական տեսքով (վերախմբագրված) ձեզ եմ ներկայացնում նաև էն անգամ պատահաբար բաց թողնված էդ «համեղ պատառիկի» շարունակությու նը, որն առավել սևակաբույր է (սկսվում է աստղանիշով): Միաժամանակ տպագրվող գրքիս արժանավոր խմագիրների հորդորով (Ալբերտ Փարսադանյան, Վալտեր Այդինյան) դրան եմ գումարում նաև այդ գրքից «թռցրած» ևս մի անանց վերհուշ այն մասին, թե ինչպես իր եղերական մահից ուղիղ մեկ ամիս առաջ (1971 թ., մայիս) անմահ Սևակը, Խ. Աբովյանի անհետացման վարկածների շուրջ մեր դպրոցում կազմակերպված գրական մի սուր բանավեճի ժամանակ, հերթական անգամ փայլելով նաև գրականագիտական տաղանդով, իր ամփոփիչ խոսքում ինձ ևս անակնկալ մատուցեց, հավանության արժանացնելով հենց իմ վեհերոտ կարծիքն առ այն, որ Հայոց Մեծ Լուսավորչի անհետացման բազմաթիվ վարկածներից, թերևս, ամենահավանականն ու ամենա Աբովյան - Ա - վայելը, Մեծն Չարենցի պոետական տեսիլքով նրա Արարատի ճերմակ գագաթից նրան, այսպես ասած, «առ Աստված համբարձվելու» տարբերակն է, մարմնավորված «դեպի լյառն Մասիս» հանճարեղ բանաստեղծության մեջ... Ահա այսքանը, որպես համառոտ մուտք - անոտացիա` դեպի սևակաբույր ու ակնածալի իմ այն հուշաշխարհը, որը, հուսով եմ, էս անգամ սևակարժան ընթերցողի կողմից կընկալվի որպես արդեն «համեղ պատառ», առանց «իկ» փոքրացուցիչ մասնիկի: Ընդամենը, քանզի պատկերավոր ասած` համադամ ուտեստներով բազմահարուստ սևակյան հուշաշխարհի ճոխ սեղանի թամադան միայն մեր սիրելի Ալբերտն է և ուրիշ ոչ ոք: Հայ ազգագրական երգի նահապետ Հայրիկ Մուրադյանի հրավերով Գեղարդում էինք, նրա նորաստեղծ երգչախմբի այդտեղ կայանալիք անդրանիկ համերգին, երբ «փոքր» քավորս, Երևանի «Հիդրոհաղորդակ» գործարանի գիտնական-տնօրեն Էռնեստ Բաղդասարյանը (կուսակցական ու խորհրդային նշանավոր գործիչ, հանրահայտ Հովհաննես Մինայիչի ավագ որդին) մեզ տխուր լուր բերեց: Այդ օրը երեկոյան Մոսկվայից պետք է բերվեր օրեր առաջ այնտեղ հանկարծամահ եղած, այդ տարիներին ՀԽՍՀ մամուլի պետական կոմիտեի նախագահ Հայկարամ Ութմազյանի դին... Ճանապարհին մի մեքենայում մեկտեղված, ամեն մեկս մտովի` «իր» Ութմազյանի հետ էր, և երբեմն-երբեմն այդ ծանր լռությունը խզվում էր մեզանից որևէ մեկի` կողքիններին նույնպես հայտնի հիշողությունների բարձրաձայնումով: Պարույր Սևակը հիշեց իրենց այն համատեղ այցը Փարիզ, ուր 1968 թ.-ին, տուրիստի կարգավիճակով (որպես անցողիկ տարբերակ) նրանց «գործուղելու» բախտն էի ունեցել ես, որպես Երևանի «Ծիծեռնակ» Միջազգային Երիտասարդական Կենտրոնի տնօրեն, ընդառաջելով ֆրանսահայ «ԺԱՖ»-ականների` մեզ հղած անվանական խնդրանք-հրավերին, ինչը ես կարողացա գլուխ բերել հատկապես Պարույրին եղբայրաբար սիրող ու նրա տաղանդը երկրպագող մեր ժողովրդի մյուս մեծ զավակներից մեկի, երջանկահիշատակ Ջոն Կիրակոսյանի և այդ տարիների ՀԽՍՀ ՊԱԿ-ի սթափամիտ ղեկավար, գեներալ Գեորգի Բադամյանցի, նույնիսկ իրենց մոսկովյան ազդեցիկ կապերի օգտագործմամբ ցուցաբերված վճռորոշ օգնության շնորհիվ, քանզի առանց «Տիզբոնի» համաձայնության, հատկապես Պարույրին, գրեթե անհնար էր «սահմանաշարժելը»: Այդ գործում, անշուշտ, նպաստավոր եղան նաև մտավորականների գծով ինձ իբրև տեղակալ աշխատող, այսօր արդեն ՊԱԿ-ի գնդապետ Կիմ Բարսեղյանի պարբերաբար «կենտրոն» հղված անվախ, ազգանպաստ օբյեկտիվ ինֆորմացիաները, տվյալ դեպքում վերաբերվելով «Ծիծեռնակ»-ով անցնող հատկապես սփյուռքահայ խմբերի հետ Սևակի ունեցած շփումներին: Ինչևէ, իրենը թողած, Պարույրը ճանապարհին անընդհատ ընդգծում էր Հայկարամի` այնտեղ դրսևորած հայրենասիրությունն ու ազգագիտակցությունը (դա նրա բառն էր), երբ, այնտեղից վերադառնալով, Հայկարամն ինքն էր նրան կրկնասիրահարված (դա էլ նրա բառն էր) մեզ պատմում Սևակի նույնատիպ բոցկլտումների մասին... Վարդգես Պետրոսյանը, Վահագն Դավթյանը, Ալբերտ Մկրտչյանը (այդ ժամանակ ԵՊՀ կուս. քարտուղար), Էռնեստը և ես, նույնպես հիշելու և ափսոսալու շատ բաներ ունեինք` կապված մեր երբեմնի սիրելի դասախոսի, ավագ գործընկերոջ, փայլուն մտավորականի, ընտանիքի բարեկամի հետ: Երբ տեղ հասանք, պարզվեց, որ ինքնաթիռը երեք ժամով ուշանում է: Ընկանք տարակուսանքի մեջ: Ի՞նչ անել: Ոչ գնալ-գալն էր մի բան, ոչ մնալը: Դեռ չէինք կողմնորոշվել, երբ լաց ու կոծով սպասասրահ մտան մի խումբ մարդիկ: Պարզ դարձավ, որ նույն ինքնաթիռով մեկ ուրիշ դիակ էլ է բերվում` հեռավոր Հյուսիսում զոհված մի հայ զինվորի: Ցավակցեցինք, անշուշտ, նրանցից տարեցն էլ` մեզ, բայց զոհվածի մոր շարունակվող մորմոքները և նման իրավիճակներում սփոփիչ բառերի հիրավի անզորությունն ու անիմաստությունը մեզ դրեցին մի տեսակ ավելորդ ներկայության ծանր կացության մեջ և դրանից վայրկյան առաջ դուրս գալը բոլորիս համար կարծես հավասարվեց ճահճից դուրս գալուն: Մեզ փրկեց Ալբերտ Մկրտչյանի առաջարկը` նստել մի տեղ և ողորմաթաս պարպել հանգուցյալների հիշատակին: Գլխով նույնպես հավանության նշան տալով այդ մտքին, Սևակը նաև ասաց. «Միայն ոչ այստեղ: Ինչքան հեռու այս զզվելի ձայնից, այնքան լավ»: Սկզբից լավ չհասկացանք` ինչ ձայնատհաճության մասին էր խոսքը, երբ հենց այդ պահին այն իր առավել զզվելիությամբ «չոքեց մեր դուռը»: Երբ ռադիոն իր «կոչման» բերումով երկու, թե երեք անգամ իրար հետևից բարձրաձայնեց. «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեցին... ինքնաթիռները», վերջին հնչյունը խեղդվեց զոհված զինվորի մոր առավել բարձր, աղեկտուր բառերի մեջ. «Հողեմ անասուն գլուխներդ, «Զվարթնո°ց», հա «Զվարթնո°ց», ի՞նչ «Զվարթնոց»: Թող իմ վիշտը Աստված չոքացնի ձեր դուռը, որ իմանաք ինչ բան է «Զվարթնոց»-ը: «Անունդ դնողի մերը...», հեկեկացող մորը լրացրեց հավանաբար զինվորի ջահել ընկերներից մեկը, նույնիսկ ձեռքի ինչ-որ իր շպրտելով դեպի ռադիոն... Սահմռկվել մնացել էինք` նոր ըմբռնելով, որ Պարույրի քիչ առաջվա ազնիվ ընդվզումը (նաև հանճարեղ կանխազգացությունը` ինչպես իր սիրած ձիերը` երկրաշարժից առաջ) ոչ թե ձայնի, այլ այդ գեղեցիկ բառով, այդ գեղեցիկ շենքի տխմար, անասնածին անվանակոչման դեմ էր, որի նույնիսկ «ի պաշտոնե» պարտադիր-պարբերական կրկնումները, հատկապես նման պահերի, կարծես մահվան խրխինջ լինեին` հատկապես այնտեղ դիակ դիմավորելու եկած սգավոր մայրերի դեմքին: (Կեցցե°ն բոլոր դարերի այն վճռական ձայնի իրավունք ունեցողները (թեկուզ և տիրակալները), որոնք հանճարեղորեն կանխատեսում են նաև իրենց ընդունած որոշումների հնարավոր նեգատիվ հետևանքները և հանուն նպատակի` մեխանիզմներ են մշակում նաև դրանց հաղթահարման համար): ...Որոշեցինք պոկվել այդտեղից և գնալ դեպի գոնե քիչ հեռվում գտնվող նույնանուն տաճարի ավերակների աշխարհ, որից հատկապես գիշերներն առինքնող վիշտ-հպարտության թվացյալ ձայներն առավել համահունչ կլինեին մեր խռովահույզ հոգիներին: Դեպի մեքենաներն էինք գնում, երբ մեզ մոտեցավ հայտնի դուդուկահար, կոմսոմոլի իմ վետերան ընկեր Եղիշը և, իմանալով մեր նպատակը, ցանկություն հայտնեց լինել մեզ հետ, ինչին հաճույքով համաձայնվեցինք և չսխալվեցինք... Լուսնյակի լույսի տակ խոնարհված տաճարի խորանի քարին կանգնած Ալբերտ Մկրտչյանի նարեկացիական ողբի գրաբարյան փառահեղ ասմունքին միաձուլվեցին Եղիշեի կախարդիչ դուդուկի տխուր ելևէջները և Վարդգեսի` հոգի քրքրող «Դլե յամանի» հեծեծումները, որոնք վշտալի մարդուն առավել փխրուն ու խոցելի են դարձնում, վերարթնացնում այլ մրմուռներ: Մեր աչքերին արցունք կար, իսկ Պարույրը նաև մրսում էր, որ հուզվելիս նրա յուրահատկությունն էր... Ի՜նչ իմանայինք, որ դրանից որոշ ժամանակ անց, նույն տեղում, նույն կազմով, նրա եղերական մահվան ողորմաթասը պարպելով, արցունք հեղելու և կորստի կսկծից մրսելու հերթը մեզ էր հասնելու, անկախ նրա տաք հանճարով մեր «փաթաթված» լինելուն: Մեզ Պարույրի կենդանի ջերմությունն էր պետք, որն, ավա՜ղ, արդեն չկար... Հիշում եմ վշտից սմքած այդ օրը, կարծես ի սփոփանք դրա, Վարդգեսի` ինձ արած հանճարեղ առաջարկը, որը հաջորդ օրն իսկ իրագործեցի: Խոսքն իմ հիմնադրած և 21 տարի ղեկավարած (1969-1990 թթ.), նաև սևակաօրհնյալ Երևանի N 143 լեգենդար դպրոցի Փառքի սրահում տեղադրված, Սևակին նվիրված հրաշագեղ վահանակի մեջ (հեղինակներ` Սևակի ջերմ երկրպագու, դպրոցի առաջավոր դասվարներ (հետագայում` հատընտիր ուսմասվարներ) Սիլետա Մկրտչյան, Սահանուշ Զուռնաչյան) նրա հայտնի խորիմաստ ասույթում լոկ մի բառի («մանկան») փոփոխության մասին էր, որից հետո այն դարձավ Սևակ Մարդուն և նրա հանճարահյուս ստեղծագործության թերևս ամենախորախորհուրդ բնորոշիչը: Ահա այն. «Աշխարհին Պարույրի մաքրությունն է պետք, որ մտնես նրա տաք քաղցրության մեջ եվ... զգաս այնպես, ինչպես մեղեդին վսեմ տաճարում»... *** ...Նկատելով վայրէջքի գնացող ինքնաթիռը և խոնարհված տաճարի քարերին պահ տալով Վարդգեսի «Դլե յամանի» անզուգական կատարման և Եղիշի դուդուկի մորմոքող ելևէջները, շտապեցինք օդանավակայան: Հասանք այն պահին, երբ դիակն ուղեկցած, կարծեմ` Հայկարամի տեղակալը, շարժասանդուղքից իջնելով, մոտեցավ դիմավորողների խմբին և պահին պատշաճ խոսքի այլ ձև չգտնելով, սկսեց հանգուցյալի հանկարծամահության ինչ որ անբարո մանրամասներ «զեկուցել» ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրյանին, որի բարձր ինտելեկտին, ինչպես զգացվեց, դա դուր չեկավ: Դրանից շփոթված` նա սկսեց պատասխանել քարտուղարի շուրջ բոլորած որոշ բերանբաց պաշտոնյաների նույնիսկ տխմար ու անտակտ հարցերի: Ու երբ այդ հիմար «մինի» ասուլիսը աստիճանաբար սկսեց վերածվել «մաքսի բամբասանքի», հանկարծ զիլ հնչեց Պարույրի սթափեցնող և զայրալից ձայնը. «Բավակա°ն է, մենք դրա° համար չէ, որ այստեղ ենք, եկե°ք դագաղն իջեցնենք»: (Շարունակությունը` հաջորդիվ )

Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ