Կանայք դեռ սպասում են


Դեռևս 2004-ին ՀՀ կառավարությունն ընդունել է` կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. Ազգային ծրագիր: Ամեն տարի գործադիրը մասնավորեցնում է տվյալ տարվա անելիքներն ու գենդերային քաղաքակա նության կոնկրետ խնդիրները: Գենդերային հիմնախնդիրը սահմանվել է հազարամյակի զարգացման հիմնախնդիրների մեջ և ռազմավարական բոլոր փաստաթղթերում կարևորագույն տեղ է զբաղեցնում: Այսինքն երկիրը քաղաքակիրթ աշխարհին համահունչ գործելու քայլեր է անում Եվրաինտեգրման ճանապարհին, ի թիվս բազմաթիվ այլ արժեքների, գենդեր ներդնելով: Արժեք է այն, որ գենդերի մասին խոսվում է մարդու իրավունքների համատեքստում: Կա նաև խնդրի տնտեսական կողմը. հասարակության մեջ երկու սեռերի անհավասար դիրք, ինչն առաջ է բերում ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման խնդիր: Պաշտոնական տեղեկատվությամբ երկրում գործազուրկների գերակշիռ մասը կանայք են: Ինչպես և մեզանում գերակշռում են նաև այն ընտանիքները, որոնց գլխավորում են կանայք: Ինչպիսի՞ առաջընթաց կա արդեն երկամյա գործողության ծրագրի արդյունքում, ի՞նչ է փոխվել մեր երկրում կանանց վիճակի մեջ: Այս հարցի պատկերավոր պատասխանին մենք հանդիպեցինք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար, չեխուհի Բլանկա Հաչիլովայի խոսքում, որը, թերևս, իր երկրին էր վերաբերում, սակայն նույն հաջողությամբ կարող է վերաբերել նաև մեզ, մեր գենդերային իրականությանը. «Ընդհանուր առմամբ, անշուշտ, առաջընթացը գենդերային հարաբերություն ներում, համեմատած տատիկիս սերնդի հետ, հսկայական է»: Որ չափով ենք մենք առաջ անցել մեր տատիկների սերնդից` յուրաքանչյուրս կարող է դատել իր իսկ հասարակական պատկերացումներով: Գոնե մեր պատկերացումներով մայրաքաղաքում և մի փոքր էլ քաղաքային բնակավայրերում կնոջ և տղամարդու անհավասարությունն ավելի քիչ է արտահայտված, պակաս ակնառու է: Մինչդեռ մարզերում, որտեղ սոցիալ-տնտեսական պայմանները շատ ավելի բարդ են, այս անհավասարությունն անհամեմատ ցայտուն է ու ընդգծված: Մարզերում կանանց վիճակը թերևս ավելի ծանր է, քան մենք գիտենք: Կանանց հիմնախնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպությունների ուսումնասիրությունների համաձայն, հեռավոր գյուղական բնակավայրերում կանանց վիճակը մտահոգիչ է ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ հոգեկան վիճակի առումով: Դեպրեսիվ տրամադրությունները դարձել են համընդհանուր: Կանայք այսօր էլ ինքնաիրացման ասպարեզ ու հնարավորություն չունեն: Տղամարդը կնոջ կողքին չէ, խախտված է նրա բնականոն ֆիզիոլոգիական կյանքը, ընտանիքի հոգսն ամբողջապես ծանրացած է կնոջ ուսերին: Եթե սրան ավելացնենք, որ արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանցից շատերը հաճախ դառնում են անհայտ բացակայող, դեպրեսիան այս դեպքում կարող է համարվել միանգամայն բնական հոգեվիճակ: Հուսահատությունը երբեմն հասնում է այնտեղ, որ երիտասարդ կանայք չեն ուզում երեխաներ ունենալ: Ազգային ծրագրի, այսպես ասած, կատարողականը ներկայացնելիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի և կանանց հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն Ազգային ծրագրի գերխնդիրն ու գլխավոր ձեռքբերումը համարեց կանանց իրավունքների իրազեկումը: Ստեղծվել են ծրագրի իրագործման համար պատասխանատու մարմիններ, որոնք, պարզվում է, թե ինչ են արել. դասընթաց ու սերմինար են կազմակերպել, գենդերային խնդիրներ են քննարկել, դրամաշնորհներով գրքույկ ու ամսագրեր են տպագրել: Ի՞նչ է փոխել այս ամենը հեռավոր մարզերում և, ինչո՞ւ ոչ, նաև քաղաքներում սոցիալականի բեռան տակ կքած, աշխատանք երազող և իր կին ծնվելը նզովող կնոջ կյանքում: Քանի՞ գրոշ արժե նրա իրազեկ լինելը իր իրավունքներին, երբ որ դրանցից ամենատարրականներն անգամ իրեն հասու չեն: Իրազեկությունը, իրավունք ու օրենք իմանալը, իհարկե, կարևոր են, քաղաքացիա կան հասարակության նախապայման են: Ուրիշ բան, թե կանանց իրավունքները գործնականում պաշտպանվեին, եթե կանայք իրենց թիկունքում զգային պետության պաշտպանությունը, այս «պուրպուր» ամսագրերի ու գրքույկների վրա ծախսված միլիոններից մի մասն ուղղվեր կնոջ վիճակի գործնական բարելավմանը: Տիկին Ղազարյանի ներկայացրած ծրագրի իրագործման լիարժեքությունը հակադիր է ինչպես հասարակական ընկալմանը, այնպես էլ կանանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների մոտեցումներին ու վերլուծություններին: Սոցիալական հարցերի փոխնախարար Ֆ. Բերիկյանը դա այսպես է բացատրում. բնականաբար, հ/կ-ները պետք է ընդդիմադիր լինեն, նկատեն և բարձրացնեն չլուծված հարցեր: Ստացվում է այսպես. պետությունը հիմնախնդրի լուսավոր կողմերի տերն է, հասարակական սեկտորը` խոցելի: Առաջինը պետական ծրագրով նախատեսված` մանկավարժների աշխատավարձերի բարձրացումը նույնացնում-տեղավորում է Ազգային ծրագրի մեջ` հասարակությանն այն հրամցնելով որպես կանանց վիճակի բարելավմանն ուղղված միջոցառում: Երկրորդը դոնորների փողերով բացահայտում է, որ կանայք Հայաստանում ճնշված են, իրավազուրկ են, ենթարկվում են ընտանեկան բռնություն ների ու թրաֆիքինգի և այլն, և այլն... Իսկ կանա՞յք: Նրանք առայժմ սպասում են իրենց վիճակի բարելավմանը: Այլևս չենք միջնորդավորվելու Մտովի տեղափոխվենք խորհրդային ժամանակներն ու հիշենք, թե քանի դուռ էինք թակում` դիմումը ձեռքներիս, մինչև մեր վարիչների ու պետերի, նրանց տեղակալների, տեղակալի տեղակալների «քեֆը թամամում էր», ու մենք մի պատասխան էինք պոկում: Խորհրդային ժամանակների այս արատից զերծ չեն նաև մերօրյա չինովնիկները: Քաղաքացին այսօր էլ կախված է նրանց քմահաճույքից ու կամայական վերաբերմունքից: Քաղաքապետարանն, ահա, անցած տարվա կեսերից «դարավոր» կարգը «հեղաշրջելու» քայլ արեց: «Էլգաս» համակարգի ներդրումը կառավարման համակարգի բարելավման նպատակ ունի: Ավելի պարզ ասած, այսօր քաղաքացին կարող է իր դիմումը հանձնել մի գրասենյակ և նույն գրասենյակից էլ ստանալ պատասխանը: Այսինքն` եթե առաջ դռնեդուռ, այսօր արդեն` ընդամենը մի դուռ: Թե դիմումն ինչպես «կշրջագայի» քաղաքապետարանում, դա քաղաքապետարանի գործն է: Քաղաքացու գործը մեկ դիմումը մեկ պատուհանից հանձնելն է և պատասխանը նույն տեղից ստանալը: Դիմում-փաստաթղթերի ընդունման ավտոմատ համակարգը ներդրված է նաև քաղաքի թաղային 9 համայնքներում: Աջափնյակ, Կենտրոն և Նոր Նորք համայնքները փորձարկումների շեմին են: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանի հավաստմամբ առաջին եռամսյակի ընթացքում բոլոր համայնքներում ամբողջապես կավարտվեն համակարգի ներդրման աշխատանքները: Այլևս միասնական են Երևանցին կարող է խնդիրներ ունենալ` կապված ինչպես իր համայնքի, ուր նա բնակվում է, այնպես էլ քաղաքապետարանի վարչական տարածքի և գործառույթների հետ: Համայնքը` համայնք, սակայն կրճատված է բնակչի ճանապարհը քաղաքապետա րան: Քաղաքապետարանին վերաբերող իր խնդիրը, ասենք, Նուբարաշենի կամ Ավանի բնակիչը կարող է ներկայացնել իր համայնքում և պատասխանն այստեղից էլ ստանալ` շնորհիվ համայնք-քաղաքապետարան միասնական ավտոմատ կապի: Բակլան խաշած ցանողները կպակասեն Քաղաքացիները տարիներ շարունակ տառապել են ինչպես դռնեդուռ ընկնելուց, այնպես էլ չինովնիկների սուբյեկտիվ որոշում -վճիռներից ու պատասխաններից, որոնք կրում էին «Առաջնորդը ես եմ, բակլան խաշած եմ ցանում» ասացվածքի դրոշմը: «Էլգաս» ծրագիրը ոչ միայն լուծում է կարճ ճանապարհով դիմումներին պատասխանելու, այլև պատասխանների որակի խնդիրը: Արդյո՞ք պատասխանը հիմնավորված է, արդյո՞ք այն հիմնավորված է գործող իրավական ակտերով և զերծ է պաշտոնյայի սուբյեկտիվիզ մից: Այս ամենն, ահա, վերահսկվելու է ծրագրի կողմից, և հույս կա, որ պաշտոնյային խուսանավելու, պատասխանը «գլխառադ անելու» տեղ չի թողնելու: Միայն թե հույսը հույս էլ չմնա:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ