Զինված ուժերի ինտելեկտուալ կենտրոնը


ՀՀ զինված ուժերի կազմավորման 15-ամյա հոբելյանի նախօրեին հիանալի նվեր էր Ուլնեցու 56/6 հասցեում բացված ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նորակառույց շենքը: Եվ, ինչպես նշեց Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` - Բարեփոխումների փուլում գտնվող Հայոց զինված ուժերին այս կենտրոնը հնարավորություն կընձեռի լիարժեքորեն իրագործել նախանշած ծրագրերը: Նման կառույց ունենալու գաղափարը ծնվել էր տարիներ առաջ` Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարար, Բաշ-Ապարանի հերոս Դրոյի մասունքները Հայաստան տեղափոխելուց հետո: Այդ առթիվ ստեղծված կոմիտեն Դրոյի հարազատների ու բարեկամների հետ համատեղ ցանկություն հայտնեց Հայաստանում ունենալ ազգային խնդիրների հետազոտմամբ զբաղվող հաստատություն: Ներկայացնելով ինստիտուտի գործունեության շրջանակները` նորաստեղծ գիտական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի պնդմամբ, այն հավակնում է դառնալ Զինված ուժերի ինտելեկտուալ կենտրոններից մեկը: - Երկուսուկես տարի առաջ, երբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գտնվում էի ԱՄՆ-ում, նույն այս անվանումը կրող ինստիտուտում պատրաստվեց մի նախագիծ, որն ամերիկյան և ռուսական փորձը Հայաստանում տեղայնացնելու նպատակ ուներ: Ինստիտուտն իր գործունեության առաջին փուլում ենթադրում է կուտակել որոշ գիտական, հրատարակչական ներուժ, որից հետո հարկ կլինի մտածել ուսումնական ծրագրերի մասին: Ուսուցումն, անշուշտ, չի լինի բակալավրի մակարդակի: Առավել նեղ շրջանակի մասնագետները կանցնեն մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի մակարդակի վերապատրաստում: Որպես հեռանկարային նպատակ, ծրագրում ենք համագործակցել աշխարհի նմանատիպ առաջատար կենտրոնների հետ, ինչը ենթադրում է բարդ աշխատանք: Մենք պետք է կարողանանք ապացուցել մեր կարողություններն ու հնարավորությունները: Ինստիտուտը կունենա վեց տասնյակից ավելի աշխատակիցներ, որոնց մի մասը` զինվորականներ: Ինստիտուտի մասնագետ ները որակավորումը բարձրացնելու համար կգործուղվեն արտասահմանյան հեղինակավոր ուսումնական հաստատություններ: Ամերիկահայ բարերարների տրամադրած 450 հազար դոլար նվիրատվությունը լիովին բավարար է եղել շենքի կառուցման համար: Իր հետազոտական գործունեության համար ինստիտուտը ստանալու է միայն բյուջետային միջոցներ պետական գանձարանից: Կենտրոնի ղեկավարությունը համոզված է, որ ինստիտուտն աջակցելու է պաշտպանական անվտանգությանը վերաբերող խնդիրների վերլուծմանը, իմաստավորմանը և առաջարկների մշակմանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ