Կա հայրենիքին ծառայելու ևս մի տարբերակ


«Շարունակ փնտրել եմ հայրենիքին ծառայելու միջոցներ և կարող եմ ասել, որ այդ նպատակով իմ առաքելությունը սկսել եմ Լեռնային Ղարաբաղից: Դեռ այն ժամանակ գտել եմ, որ պետք է լինեմ Հադրութի պաշտպանության շրջանի հրամանատար` ընդհատակում, հետո նպատակահարմար եմ գտել դառնալ ԼՂ առաջին Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական: Այնուհե տև վերադարձել եմ բանակ` համոզված, որ իմ կարիքն այստեղ զգացվում է: 1996 թվականին թողել եմ բանակը: Ինձ առաջարկել են ԼՂ ՆԳ նախարարի պաշտոնը, այնուհետև ընդունել եմ Տարածաշր ջանային ինտեգրացման վարչության պետի պաշտոնում առաջադրվելու հրավերը, որից հետո առաջարկել են ՀՀ պաշտպա նության փոխնախարարի պաշտոնը, և 7 տարի շարունակ բարեխղճորեն ծառայել եմ հայրենիքին: Այսօր գտնում եմ, որ հայրենի քին ծառայելու մեկ այլ միջոց էլ կա, նպատակ ունեմ ուժերս փորձել նաև քաղաքականության մեջ»: Ահա այս ձևակերպումով օրերս ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը անձամբ հաստատեց պաշտոնաթող լինելու և ՀՅԴ-ին անդամակցելու իր մտադրությունը: Դեռևս 1996-ին ՀՅԴ-ին անդամակցությունը կասեցվել էր, քանի որ նրան առաջարկվել էր բանակի 5-րդ բրիգադի հրամանատարի պաշտոնը: - Ի՞նչ կկորցնի բանակը և ի՞նչ կշահի քաղաքականությունը,- հարցին Արթուր Աղաբեկյանը պատասխանում է համեստորեն. - Բանակը կորուստ չի ունենա, քանի որ բանակաշինությունն այնպիսի մի պրոցես է, երբ յուրաքանչյուր զինվորական պաշտոնյա, կամա թե ակամա, պատրաստում է իր փոխարինողին: Լեյտենանտը գիտե, որ տարիներ անց իր կոչումը կարող է բարձրացվել և հասնել ընդհուպ գեներալի աստիճանի: Ըստ տրամաբանության և ըստ տարածված լուրերի, Արթուր Աղաբեկյանը կարող է դառնալ պաշտպանության նախարար: Սակայն նա նշեց, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու նպատակ չունի, քանի որ` - Այն քաղաքական պաշտոն է: Եթե գնամ քաղաքականություն, հավատացնում եմ, որ շատ բան է փոխվելու: Փոխնախարարը փետրվարի սկզբին կորոշի, թե երբ գրավոր դիմում ներկայացնի Պաշտպանության նախարարին` միջնորդելու Հանրապետության նախագահին, որպեսզի զորացրվի զինված ուժերից և դառնա 1-ին կարգի պահեստազորային, որից հետո ՀՅԴ-ի համամասնական ցուցակով մասնակցի խորհրդարանի ընտրություններին: Նշենք, որ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի ընդդիմացել Արթուր Աղաբեկյանի որոշմանը: Իսկ մինչ փոփոխությունները, փոխնախարարը մտադիր է ավարտին հասցնել իր ստանձնած պարտականությունները, որոնցից մեկը «Մարշալ» կենտրոնի ղեկավարությամբ փետրվարի 5-7-ը բանակի հետագա բարեփոխումներին նվիրված սեմինարի անցկացումն է, ուր նա հանդես կգա զեկուցմամբ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ