Բաղնիք և շոգեբաղնիք


 

Մաքուր ապրելակերպի անքակտելի բաղկացուցիչն է լոգանքը: Դրա անհրաժեշտության մասին խոսելն իսկ ավելորդ է: Մանավանդ` սովորական կենցաղավարությունից զատ` բաղնիքը նաև առողջության գրավական է: Այս առումով բնակարաններում տեղադրված ցնցուղները, պարզվում է` չեն կարող փոխարինել առանձին բաղնիքներին ու շոգեբաղնիք ներին` դրանցում ընդունված «արարողություններով»: Մասնագետները հիմնավորում են, որ դրանք օգնում են թոթափել առօրյա հոգսերն ու ապրումներ, դրական հույզեր ստանալ: Հաճախակի մրսածությամբ տառապող կամ շնչուղիների քրոնիկ հիվանդություններով տառապողներին բժիշկները խորհուրդ են տալիս բաղնիք գնալ: Ավելին, նրանց կարծիքով` այնտեղ բոլոր պրոցեդուրաները ճիշտ կատարողը 1 այցի ընթացքում մինչև 2 կգ քաշ է կորցնում: Բացի այդ` շոգն ավելի հարթ, առաձգական ու սահուն է դարձնում մաշկը` դրան առողջ երանգ հաղորդելով:

Ասում են` բաղնիքն օգնում է ավելի հեշտորեն հարմարվել բնության քմայքներին, բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը և մեծացնել տոկունությունը` շրջակա միջավայրի աննպաստ գործոնները հաղթահարելու: Եվ, իհարկե, դրական է անդրադառնում նյարդային համակարգի վրա. պակասում է արյան հոսքն ուղեղում, ինչն էլ նվազեցնում է հուզական ակտիվությունը, թուլացնում է նյարդային լարվածությունը: Թուլանում են մարդու մկանային հյուսվածքները և արագ վերականգնվում են ուժերը:

Ասում են, չէ՞. նախկինում մեծ գյուտերը գրեթե պատահաբար են հայտնագործվել: Բաղնիքն ու շոգեբաղնիքը գյուտ են, թե` ոչ, այսօր արդեն էական չէ: Բայց նաև ինչ-որ ժամանակաշրջանի հայտնագործություն է: Ինչպե՞ս են ծագել դրանք` ստույգ դժվար է ասել: Բազմաթիվ լեգենդատիպ վարկածներ կան այդ մասին: Դիցուք. անձրևի կաթիլները խարխուլ տանիքից թափվելով տան օջախի շիկացած քարերին, քուլա-քուլա գոլորշի են դարձել` հաճելի ջերմությամբ պարուրելով տնեցիներին: Կամ, հոգնատանջ որսից վերադառնալիս, մեր հեռավոր նախնին նստել է հանգստանալու գետնի տակից բխող տաք ակունքի մոտ և զգացել է, թե որքան արագ են վերականգնվում ուժերը…

Մի քանի փաստեր.

* Եթե շոգեբաղնիքի նախատիպը համարենք ջուրը գոլորշիացնող շիկացած քարերը, ապա բաղնիքի ծագումը կարելի է վերագրել քարե դարին:

* Ամենախոնավը համարվում է ռուսական բաղնիքը: Այն տաքացնում են մինչև 60 և ավելի աստիճան` 100 տոկոսանոց խոնավության առկայությամբ: Զարկերակի արագությունը հասնում է մինչև 170 զարկի, բարձրանում է արյան ճնշումը: Խորհուրդ չի տրվում այստեղ մնալ 5-7 րոպեից ավելի: Սակայն ռուսական բաղնիքը համարվում է շնչառության հիանալի վարժասարք: Տաք խոնավ օդը բարերար ազդեցություն է ունենում կոկորդի և քթի լորձաթաղանթի վրա:

* Ժամանակակից ճապոնական բաղնիքը (սենտո) տաք ջրով լցված ոչ մեծ ավազան է: Լողանալուց հետո կոշտ թաթմաններով մերսում են անում` ծովային խոշոր քարաղով, ապա նորից լողանում են, կես ժամ հանգստանում թախտի վրա:

* Արևելյան բոլոր բաղնիքները ծագում են հռոմեականից (տաք հատակով և խոնավ գոլորշիով): Հատակից 1 մ բարձրությամբ հատուկ բացվածքներից ելնում է գոլորշին: Շոգեհարվել սկսում են 30 0-ից` ջերմաստիճանը հասցնելով մինչև 100-ի:

* Բաղնիքում օրգանիզմը լրացուցիչ ծանրաբեռնել պետք չէ: Դրա համար խորհուրդ են տալիս խմել խոտաբույսերով թեյ կամ հյութեր: Իսկ մերսումը բարելավում է արյան շրջանառությունը, շարժողական ներդաշնակությունը:

* Եվրոպայում տարածված է իռլանդական բաղնիքը, որի ջերմաստիճանը չափավոր է: Տաք օդն անցնում է հատակի տակ և պատերի մեջ տեղադրված խողովակներով: Ամբողջ մարմինը պատում են հատուկ տաքացված քարերով. դա շատ արդյունավետ միջոց է` շատ հիվանդությունների, այդ թվում և դեպրեսիաների դեմ պայքարելու համար:

* 18-րդ դարում գերմանացիները բաղնիք էին գնում ամբողջ ընտանիքով` տանելով նաև իրենց շներին:

* Հանրահայտ «Բաղնիքդ անուշ» ֆիլմի ռեժիսոր Էլդար Ռյազանովն ինքն է հեղինակը «…ամեն տարի դեկտեմբերի 31-ին ընկերներով մենք բաղնիք ենք գնում…» արտահայտության: Բայց ահա նա մանկուց բաղնիք չի գնում: 7 տարեկանում Ռյազանովը շոգեբաղնիքում մի կերպ փրկվել է ուշաթափությունից և մեկընդմիշտ հրաժարվել այդ «արարողությունից»:

* Մասնագետները խորհուրդ չեն տալիս շաբաթը 1-2 անգամից ավելի բաղնիք գնալ, որովհետև դրա արդյունավետությունը նշանակալիորեն նվազում է:

* Ամերիկյան գիտնականների հավաստմամբ` դեռ հին հնդկացիները բուժվում էին գոլորշիով. նրանք տաքացած քարեր էին տանում իրենց հյուղակներ (վիգվում) և դրանց վրա ջուր ցանում` հիվանդին «ծածկելով» գոլորշու քուլաներով:

*Ֆինլանդիան անվերապահ առաջնորդ է շոգեբաղնիքների (սաունա) քանակով: Ընդամենը 5 միլիոն բնակչություն ունեցող այս երկրում գործում է շուրջ 2 միլիոն բաղնիք:

* Վերջերս բաղնիքում երկար մնալու ռեկորդ է սահմանվել. մի ռուս կին, առանց ընդմիջումների, շոգեհարվել է 26 ժամ: