Միասնական, արդյունավետ և սրտացավ պայքար` հանցավորության դեմ


 

Երեկ տեղի ունեցած ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

Կոլեգիայի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

2011 թ. ընթացքում ՀՀ-ում հանցավորության վիճակի և դրա դեմ ոստիկանության ստորաբաժանումների կողմից տարվող պայքարի մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Նիստի ընթացքում նշվեց, որ ՀՀ ոստիկանությունը հաշվետու շրջանում հետևողականորեն իրականացրել է կազմակերպաիրավական աշխատանքներ` բարեփոխումների ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ և շարունակել է կատարել օրենսդրությամբ իր վրա դրված խնդիրները:

2011 թվականին հանրապետությունում գրանցվել է հանցագործության 16572 դեպք: Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 0,8%-ով, քրեական հետախուզության գծով` 2,8%-ով, առանձնապես ծանր հանցագործություններով` 13,8%-ով: Հանցագործությունների թվաքանակի աճը հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ 4341 հանցագործության դեպք, կատարված լինելով նախկին տարիներին, ոստիկանության ջանքերով հայտնաբերվել և հաշվառման է վերցվել հաշվետու տարվա ընթացքում:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում առգրավվել է 20 կգ 28 գրամ մարիխուանա, 1 կգ 242 գ մետամֆետամին, 1 կգ 163 գրամ ափիոն, 90 կգ 136 գրամ հերոին և այլն: Այսպես կոչված «ծանր» թմրամիջոցների գրեթե 98,0%-ը Հայաստան են ներմուծվել հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից` ափիոն, հերոին և այլն:

Շարունակվել է պայքարը մարդկանց ապօրինի փոխադրման` թրաֆիքինգի դեմ: 2011 թ. ընթացքում հանրապետությունում բացահայտվել է կանանց պոռնկության ներգրավելու և շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման 10 դեպք:

ՀՀ ոստիկանության օպերատիվ ծառայությունները հայտնաբերել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության 1112 դեպք (2010 թ.` 896):

2011 թ. ընթացքում հայտնաբերվել է կաշառակերության 70 դեպք, որոնցից 54-ը` ոստիկանության ջանքերով:

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է 853 հետախուզվող, այդ թվում 20-ը` սպանության, 21-ը` ավազակության, 14-ը` կողոպուտի, 127-ը` գողության, 102-ը` խարդախության, 77-ը` խուլիգանության, 4-ը` բռնաբարության համար և այլն: Բացի այդ, հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող 183 հանցագործներ: Միևնույն ժամանակ, ԱՊՀ և այլ պետություններում ձերբակալվել և ՀՀ են տեղափոխվել 61 հետախուզվող:

2011 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2319 պատահար (2010 թ.` 1974), որի հետևանքով զոհվել է 327 (2010 թ.` 294) և մարմնական վնասվածքներ ստացել 3354 (2010 թ.` 2670) մարդ:

Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկվել 886 ծառայողներ (2010 թ`. 821), որոնցից 82-ը ազատվել են ոստիկանությունից (2010 թ.` 56), պաշտոնն իջեցվել է 18-ի, կոչումն իջեցվել է 6-ի, զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին 27 ծառայողներ և այլն:

2011թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 86 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել են ոստիկանության 16 ծառայողներ:

Նիստում ելույթներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներ և ստորաբաժանումների ղեկավարներ:

Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները` ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հանրապետությունում պահպանվում է կայուն օպերատիվ իրավիճակ, և ոստիկանությունն ի զորու է ու անելու է ամեն ինչ` հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու, ոստիկանություն-հա սարակություն կապն ու ժողովրդի հավատը ոստիկանության նկատմամբ ամրապնդելու ուղղությամբ: