ՎՐԵ՞Ժ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ


 

Տավուշի մարզի 40-րդ ընտրատարածքում նախորդ ընտրություններում կատաղի մրցակցություն ծավալած զույգը` Հակոբ Հակոբյանն ու մարքսիստ Դավիթ Հակոբյանը, վերստին առաջադրվելու են: Երկու Հակոբյաններն էլ արդեն հայտարարել են իրենց որոշման վերջնական լինելու, ինչպես նաև հաղթանակ տոնելու անխուսափելիության մասին: Նախորդ ընտրություններում պարտված մարքսիստը ավելացրել է նաև, որ իր և մրցակցի ազգանունների նույնը լինելն է շփոթություն առաջացրել քվեաթերթիկները հաշվելիս, ու իրեն տրված հազարավոր ձայներ հանձնաժողովականները «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրենին են բաժին հանել:

Առաջիկա ընտրություններում չի բացառվում, որ մարքսիստի թեկնածությունը պաշտպանելու նախաձեռնությամբ հանդես գա նաև «Բարգավաճ Հայաստանը»: Այս կուսակցութ յունում, սակայն, առայժմ ոչ հերքում, ոչ էլ հաստատում են նշված տեղեկությունը:

Այսուհանդերձ, պարզ է արդեն, որ 40-րդ ընտրատարածքում երկու Հակոբյանների մրցապայքարը ավանդական չի դառնա, և արդեն հայտնի է դարձել, որ ՕԵԿ-ն է պատրաստվում Հակոբյան զույգի «մենիշխանությունը» խաթարել:

Իջևանի, Դիլիջանի և Շամշադինի տարածաշրջանն ընդգրկող ընտրատարածքում «Օրինաց երկիրը» Տավուշի նախկին փոխմարզպետ Վահե Վարդապետյանին է պատրաստվում առաջադրել: Ծնունդով իջևանցի Վարդապետյանին գոնե հարազատ քաղաքում այնքան էլ լավ չեն ճանաչում: Համաձայն հավաստիացումների` կոալիցիոն այս քաղուժը ողջ մարզում վաղուց և այնպես է քայքայվել, որ թեկնածուին ցուցաբերվելիք կուսակցական աջակցությունը նույնպես շոշափելի չի կարող լինել: Այլ հարց է, որ ՕԵԿ-ը փորձելու է թեկնածու առաջադրելով` իր նախկին կուսակից «Պիվի Հակոբից» վրեժ լուծել: Այս Հակոբ Հակոբյանն առաջին անգամ Ա. Բաղդասարյանի աջակցությամբ փորձեց պատգամավոր դառնալ և ձախողվեց: Իսկ այս անգամ հավանական է, որ ՕԵԿ-գարեջագործ հակամարտությունից ավելի շատ մարքսիստը շահի: