ՆԵՂԱՑԱԾ Է, ՏԵՂԸ ՉԻ ԳՏՆՈՒՄ


 

Փետրվարի 12-ին Սպիտակում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներից ՀՀՇ-ն ներկայացնող Ա. Նիկողոսյանն օրերս ինքնաբացարկ է հայտնել` հնարավորություն տալով գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանին առանց մրցապայքարի վերընտրվել: Ըստ տեղեկությունների` Անանիկ Նիկողոսյանն առանց ՀԱԿ-ի կարծիքը նախօրոք ճշտելու է առաջադրվել, ինչն էլ տվյալ դեպքում ճակատագրական է դարձել նրա համար:

Կոնգրեսը սպիտակցի իրենց կուսակցի հենց այդ քայլի համար էլ որոշել է պատժել վերջինիս` զրկելով ցանկացած տիպի աջակցությունից: Մրցապայքարից հրաժարված թեկնածուին անգամ չի հաջողվել գոնե ՀԱԿ-ի հայտարարությունը հրապարակ բերել` իրեն պաշտպանելու վերաբերյալ:

Այսուհանդերձ, ՀՀՇ հնագույն անդամը այս օրերին որքան էլ հուսահատված և հիասթափված լինի, չի պատրաստվում լքել հարազատ կուսակցությունը: Սրանով հանդերձ, վիրավորանքն այնքան մեծ է, որ փետրվարի 12-ին նա հաստատ հարազատ քաղաքում չի մնալու ու արդեն հայտարարել է, որ մեկնելու է Հրազդան` նույն օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններում այստեղ առաջադրված Սասուն Միքայելյանին աջակցելու նպատակով: