»Վիկտորիան«` անվանը հավատարիմ


Անշուշտ` պատահական չէ այսօր նաև դպրոցականների հետաքրքրությունը իրավաբանության և հոգեբանության հանդեպ: Հոգեբանության և իրավաբանության միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2006 թ. մայրաքաղաքի դպրոցներում անցկացված մրցույթի արդյունքներն արդեն իսկ փաստում են, որ այս բնագավառների ապագա մասնագետների հետ տարվող աշխատանքներն առաջընթաց են ապրում: Եվ Երևանի N 195 միջնակարգ դպրոցի` մրցույթում առաջին պատվավոր մրցանակին արժանացած «Վիկտորիա» թիմի հաղթանակն, անշուշտ, միակողմանի գնահատականներով ու ձևակերպումներով չի սահմանափակվում: Ասոցիացիայի նախագահ Խ. Մարոզյանը, բարձր գնահատելով երեխաների հաղթանակը, կարևորեց այն իրողությունը, որ վաղ տարիքից իրավական գիտելիքներ ստանալով, նրանք նախապատրաստվում են մեր երկրի լիիրավ քաղաքացիներ դառնալ: «Վիկտորիան», իր անվանը հավատարիմ մնալով, երախտապարտ է թիմի ղեկավար, մանկավարժ Հասմիկ Աշուղյանին, ում ներդրումն անուրանալի է` թիմի հաղթական ընթացքին: Հարկ է նշել, որ «Վիկտորիայի» աշխատանքներին պատրաստակամությամբ ու հոգածությամբ է աջակցում N 195 դպրոցի տնօրեն Ալիկ Վահրամյանը: Ջերմորեն շնորհավորելով հաղթանակած իր սաներին, Ա. Վահրամյանը պատվոգրերի հետ նրանց հանձնեց նաև խորհրդանշական գումարներ: Նրա խոսքը «Վիկտորիայի» անդամների հուշերում կմնան ոչ միայն սոսկ իբրև բարեմաղթանք, այլև քաջալերանք: - Սիրելի աշակերտներ, ցանկացած ոլորտում, ցանկացած աշխատանքի արդյունավետության գրավականն աշխատանքն է` իր անքակտելի բաղադրիչներով. մասնագիտական հմտություններ, կամք և նվիրում: Այս ամենի համադրումն է ձեր հաջողության երաշխիքը: Ես իրավացիորեն հպարտ եմ հաղթանակի համար և շնորհավորում եմ ձեզ, ձեր ուսուցչուհուն` մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ: Ուշարժան էր նաև ԿԳ նախարարության դպրոցական վարչության պետ Իլյա Սարգսյանի խոսքը. - Գաղտնիք չէ, որ ես առանձնակի համակրանք եմ տածում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության խնդիրները ամուր հիմքերի վրա պահող այս կրթօջախի հանդեպ: Բազում հաղթանակներ եմ ձեզ մաղթում և հույս հայտնում, որ դուք կդառնաք օրենքի պահապաններ ոչ միայն իրավական ոլորտում, այլև` բոլոր մեծագույն և բարձր արժեքների: Ի դեպ, հաղթողներին շնորհավորելու էին եկել նաև Աջափնյակի թաղապետարանի կրթության բաժնի աշխատակիցները: Բաժնի պետ Գայանե Սարիբեկյանը, շնորհավորելով թիմի անդամներին, թաղապետ Ռուբեն Հովսեփյանի կողմից հաղթողներին հանձնեց դրամական պարգևներ և սիրով առաջարկեց ընդգրկվել համայնքի նորաստեղծ ինքնազարգաց ման կենտրոնի աշխատանքներում:

Լիանա ՄԱՄՅԱՆ