Առաջընթացն ակնհայտ է


ԱՊՀ անդամ պետությունների միացյալ ՀՕՊ համակարգի հարցերով համադրման հանձնախմբի պատվիրակությունը բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորությամբ համայցի շրջանակներում այցելեց նաև ՀՕՊ զորամաս: ՀՀ ՀՕՊ զորամասի միացյալ հրամանատարական կետում մարտական հերթապահություն են իրականացնում թե° հայ և թե° ռուս սպաները: ԱՊՀ երկրների ՀՕՊ ուժերի կազմում ընդգրկված է նաև գնդապետ Գուրգեն Խաչատրյանի ղեկավարած զորամասը, որի մարտունակության և պատրաստվածության ապացույցը վերջերս ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ համակարգի հարցերով համադրման հանձնախմբի նախագահ, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի բարձր գնահատականն էր: - Խորհրդակցություններ և փորձի փոխանակումներ գրեթե միշտ անցկացվել են ՌԴ-ում,- ասում է Գուրգեն Խաչատրյանը,- Հայաստանը ԱՊՀ երկրներից 2-րդն է (1-ինը` Բելառուսում), որտեղ անցկացվեց հերթական խորհրդակցությունը: Պատվիրակության անդամներից ոմանք տարիներ առաջ ծառայել էին Հայաստանում և այսօր, մասնակցելով հանձնախմբի աշխատանքներին, համոզվեցին, որ հայկական բանակն այլևս կայացած է և ընդունակ կիրառելու ժամանակակից տեխնիկան, որ մենք միայն խնդրողի դերում չենք և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք աջակցելու համակիրներին: Ոչ միայն գեներալ Միխայլովը, այլև բարձրաստիճան շատ սպաներ խոստովանեցին, որ մեր զինվորների պատրաստվածությունը սպասվածից ավելին էր: Գեներալի կարծիքով, անհամեմատելի է ներկայիս և տարիներ առաջ տեսած հայկական բանակի մարտունակությունը: Պատվիրակության անդամներին զարմացրեց, ինչու չէ, նա հիացրեց մեր համակարգի տեխնիկական հագեցվածությունը և որոշ համակարգերի թվայնացումը: Այս ամենը մե°ր գիտական ներուժի ու մտքի ներդրման արդյունքն է: Եղավ մի պահ, երբ մտահոգիչ էր զինվորների գրաճանաչության պակասը: Գրագիտությանը նպաստել է մասնագիտական գրականության հայերեն թարգմանությունները, որոնք օգտակար եղան ոչ միայն այս, այլև ուրիշ տեղամասերի համար: Բնութագրելով հայ զինվորին, Գուրգեն Խաչատրյանը նրա կերպարը համարում է դեռևս ոչ լիարժեք` ոչ այնպիսին, ինչպիսին կուզենար տեսնել հայ զինվորին: - Զինվորը պետք է սիրի իր ծառայությունը` գիտակցելով, որ հենց դա է հայրենասիրությունը: Թեև նա արդեն հասկանում է, որ իրենից, յուրաքանչյուրից է կախված հայրենիքի անառիկությունը, առավել ևս ՀՕՊ զորամասում, ուր անուշադրության մատնված յուրաքանչյուր պահը կարող է ճակատագրական լինել ոչ միայն զինվորի կամ զորամասի, այլ` ընդհանրապես զինված ուժերի և պետության համար: Ի դեպ, զորամասում պայմանագրային հիմունքներով ծառայում են նաև հերթապահության մասնակից կանայք: Եվ ինչպես հրամանատարն է նշում` - Կանայք միշտ և բոլոր բնագավառներում աչքի են ընկնում իրենց պատասխանատվությամբ, առավել ևս այս դեպքում նրանց պատասխանատվությունը ոչ միայն ծառայության հանդեպ է, այլև կամավորության սկզբունքով, ասել է, թե սեփական ցանկությամբ այս գործին զինվորագրվելը: Խոսելով զինվորների առօրյայի, զորակոչային տարիքի պատանիների կողմից նախկինում ծառայությունից հաճախակի խուսափելու դեպքերի մասին` Գուրգեն Խաչատրյանը վերջիններիս խորհուրդ տվեց հաճախակի ընթերցել բանակի կյանքն իր էջերում լուսաբանող «Ավանգարդը», որը պատանիների մոտ կձևավորի օբյեկտիվ կարծիք: Միայն այդ դեպքում նրանք հոգեբանորեն կտրամադրվեն ծառայելու և կգիտակցեն, որ բանակում ծառայելը ոչ միայն յուրաքանչյուր հայ պատանու պարտքն է, այլև անհրաժեշտ է երկրի անվտանգության համար: - Այսօր ծառայությունից խուսափողների թիվը կտրուկ նվազել է, գրեթե հավասարվել զրոյի: Զորակոչվում են նույնիսկ 25-26 տարեկան այն երիտասարդները, ովքեր ծառայությունից խուսափելու համար լքել էին հայրենիքը: Նրանք այսօր այլ կերպ են մտածում, որ ծառայությունը ոչ միայն պարտավորություն է, այլև հպարտություն և այն էլ` կայացած բանակում:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ