ԷժԱՆԱԳԻՆ ՖԱՐՍ


Մեր թերթի 2007 թ. թիվ 3-ում տպագրված «Բարլուս տղե°րք, ո՞նց եք» հոդվածում արծարծված` ազգաբնակչությանը հուզող հարցերը քննարկվեցին «ՀայՌուսգազարդում», որին մասնակցում էին ինչպես վերոնշյալ կազմակերպության, այնպես էլ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատասխանատու պաշտոնյաներ , սպառողների շահերը պաշտպանող հ/կ-ների ղեկավարներ և, իհարկե, հրապարակման հեղինակը: Հիշեցնենք, որ հոդվածում խոսվել է գազասպառման ներտնային սպասարկման համակարգում տեղ գտած թերությունների, սպառողների հետ պայմանագրերի կնքման ձևականության, թերացումների մասին և այլն: «ՀայՌուսգազարդի» Էջմիածնի մասնաճյուղի ղեկավար Ս. Մկրտչյանը հայտարարել է, որ հոդվածում բերված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, նա հոխորտացել է, որ Փարաքար-Թաիրով համայնքում պայմանագրային ծածկույթը կազմում է 100 %, և նույնիսկ մեր լրագրողի ընտանիքն է պայմանագիր կնքել, որի կրկնօրինակն, իբր թե գտնվում է իրենց մոտ: Եվ, ինքն իր ասածին հավատալով, նույնիսկ պահանջել է հերքում տպագրել` - Հա°, հենց էլ հերքում պետք է տաս: Հերքենք, լավ, բայց ի՞նչը: Առայժմ ստիպված ենք հերքել միայն Ս. Մկրտչյանի հայտարարությունը և պահանջել նրանից` խմբագրությանը տրամադրել իրենց մոտ գտնվող «պայմանագրի» կրկնօրինակը կամ լուսապատճենը` ստորագրված իրենց բաժանորդ մեր թղթակցի կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի կողմից: Հակառակ դեպքում մեզ իրավունք կվերապահենք փաստել, որ անտեղյակ լինելով, այդ չինովնիկը այդքան կոշտ ինքնավստահությամբ հաջողացրեց էժանագին ֆարս բեմադրել` փորձելով խաբել իր վերադասներին և հանրությանը:

«ԱՎԱՆԳԱՐԴ»