Գեղեցկության «զոհերը»


 

Գեղեցկությունն ամենազոր է: Բոլոր ժամանակներում գեղեցիկը պաշտամունքի առարկա է եղել ու հաղթել, ծնկի է բերել անգամ ամենազորեղներին: Արտաքին գրավչությունը բարձր է գնահատվել բոլոր մշակույթներում: Այսօր էլ մեր մոլորակում ապրում են ժողովուրդներ, որոնց ընկալումները գեղեցկության մասին, մեղմ ասած, հակասում են մեր պատկերացումներին ու անգամ անհավանական կարող են թվալ:

Եվրոպացի գեղեցկուհիների հմայքի անբաժանելի բաղադիրիչը համարվող ճերմակ ատամնաշարը հազիվ թե որպես առավելություն ընկալվի Կենտրոնական Ասիայում և Մելանեզիայում: Ավելին, այստեղ ջանք չեն խնայում հակառակ արդյունքին հասնելու համար: Տեղացի կանայք հատուկ պղպեղաբույսեր ու թունավոր ընկույզ են ուտում` ատամնաշարը հնարավորինս կարմիր և «մածուցիկ» դարձնելու համար: Բացատրությունը պարզ է. տղամարդիկ ենթագիտակցորեն «անատամ» կանանց նույնացնում են երեխայի հետ և գերվում նրանց դյուրափոփոխելիությամբ:

Անգոլացի կանայք ավելի մեծ զոհաբերության են դիմում` հեռացնելով դիմացի ատամները: Կոնգոյի գեղեցկուհիները տաշում են ատամները, Պոլինեզիայում` եռանկյունու տեսք հաղորդում դրանց:

Աֆրիկուհիների հմայքի գաղտնիքը հնարավորինս մեծ ականջաբլթակներն են, իսկ ցանկալի արդյունքի հասնելու համար դիմում են հնարավոր բոլոր միջոցների: Քենիայում ականջը պատում են բազմաթիվ անցքերով` դրանք զարդարելով վառ երանգավորված ուլունքներով: Իսկ գլուխները սափրում են:

Դեմքի շպարը և դաջվածքները մի ամբողջ ծիսաշար են ներկայացնում: Ամազոնի ջունգլիաբնակ յանուամի ցեղի կանանց մարմնի դաջվածքները կենսագրություն են հիշեցնում: Տարբեր նախշազարդեր պատմում են նրանց ճակատագրի, տրամադրության, անգամ ձգտումների մասին: Գույները, սակայն ժամանակի ընթացքում խամրում են: Ավելի «երկարակ յաց» զարդանախշեր են ընտրում Սուդանի և Ուգանդայի սահմանային գոտում բնակվող կատամոջոնգ ցեղի կանայք: Երկաթե գործիքներով կտրատում են մաշկը, ապա վերքերի վրա մոխիր ցանում, որ դրանք սպիանան:

Ճապոնական ասինու ցեղի կանայք շուրթերի վրա և դրանց շուրջն արվող դաջվածքների միջոցով արհեստականորեն մեծացնում են բերանը, ապա և կապույտ երանգ տալիս` հավատալով, որ այդ գույնը կվախեցնի չար ուժերին:

Աֆրիկյան ֆուլանի ցեղի ընկալումներում գեղեցկության գաղտնիքը լայն ճակատն է: Այդ առավելությունն ապահովելու համար հետևողականորեն հեռացնում են հոնքերն ու թարթիչները:

Ամենահամեստը թերևս Կենտրոնական Աֆրիկայում բնակվող աշխարհի ամենացածրահասակ պիգմեյ ցեղի կանայք են, որոնց միակ զարդարանքը տոնական օրերին ծաղկեպսակ կրելն է: