Երեսփոխան կատուն


 

Խե˜ղճ կենդանիներ. նրանց էլ են քաղաքականության մեջ ներքաշում

ԱՄՆ խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել Վիրջինիա նահանգը ներկայացնող Հենկ անունով կատուն: Ի դեպ` անկախ թեկնածուի մրցակից ները բավական լուրջ քաղգործիչներ են` դեմոկրատ Թիմ Քեյնին և հանրապետական Ջորջ Ալենը: 9-ամյա կատուն այժմ բուռն նախընտրական քարոզարշավ է «իրականացնում», անգամ սեփական կայքէջ ունի: Մեծ հաջողության է հասել նաև նրա «արժանիքների» մասին պատմող տեսահոլովակը: Հենկը ներկայացվում է որպես չափազանց հպարտ, եզակի կյանքի փորձ (նախկինում անտուն է եղել) ունեցող և յուրահատուկ հայացքների տեր թեկնածու: Նա հաջողությունների է հասել աշխատասիրության շնորհիվ և ԱՄՆ-ի պայծառ ապագան կապում է նոր աշխատատեղերի ստեղծման հետ, ինչն էլ դարձել է նրա նախընտրական ծրագրի կարևորագույն կետը: Քարոզարշավի մասնակիցները համոզված են, որ Հենկը սենատոր դառնալու լավագույն թեկնածուն է Վիրջինիայից:

Այնուամենայնիվ նրա տերն ու նախընտրական քարոզարշավը ղեկավարող Մեթյու Օ&undefined; Լիրրին ազնվորեն խոստովանել է, որ պատգամավորական աթոռ զբաղեցնելու համար թեկնածուն որոշ թերություններ ունի: Օրինակ, սեղանին ինչ-որ համեղ պատառ նկատելու դեպքում ամեն ինչ կանի, որ հնարավորինս շուտ տիրանա դրան:

Ի դեպ` պատմության մեջ սա առաջին դեպքը չէ: Նախորդ տարվա սեպտեմբերին Բուլղարիայում Վառնայի քաղաքապետի ընտրություններին «Հասարակություն` հանուն նոր Բուլղարիայի» կուսակցությունը ներկայացնող թեկնածուն Մարկո ավանակն էր: Ըստ տեղացիների` ի տարբերություն այլ թեկնածուների, նա չէր ստի ու չէր գռփի:

ԱՄՆ-ում ևս կան քաղաքներ, որոնք ղեկավարվում են բնակչության վստահությունը վայելող կենդանիների կողմից: 2010-ին Տեխասի նահանգապետի ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել Վուդրոու անունով շունը: ԱՄՆ-ի պատմության մեջ իր տեղն ունի նաև Բոսկո շնիկը, ով 1981-1994-ին զբաղեցրել է Կալիֆոռնիայի Սանոլ քաղաքի քաղաքապետի պատվավոր պաշտոնը:

Մնում է հուսալ, որ ԱՄՆ-ի օրինակը վարակիչ չի լինի: