Ի ԴԵՊ
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ


 

Այսօր` հինգշաբթի, կառավարության նիստի օրակարգում հայտնվել է Սյունիքի մարզում հողերի վերաբաշխման հարցը: Այսինքն, կարևորելով հանրային շահը` կառավարութ յունը կամենում է վերանայել մարզի Լիճք համայնքի 0,425 հա հողատարածքի սեփականության հարցը: Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունները, սակայն, կողմ չեն այս նախագծին:

Բնապահպանության նախարարությունն առաջարկել է առաջնորդվել ՀՀ կառավարության 2009 թ. N 1209-Ն որոշմամբ: Այս առաջարկն ուշագրավ է հետևյալ առումով` նշված որոշմամբ Սյունիքում, Լիճք համայնքի հարևանությամբ ստեղծվել է «Արևիկ» ազգային պարկը: Փաստորեն` Բնապահպանության նախարարության առաջարկում ակնարկ կա այն մասին, որ ՀԷԿ-ը գտնվելու է ազգային պարկի տարածքում: Փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված 0.425 հա հողամասերը գտնվում են Մեղրի գետի Տաշտուն և Գոզ-Գոզ վտակների ափերին: Մինչդեռ Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանները, ինչպես նաև Լիճք անտառպետությունը գտնվում են «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Թե ի՞նչ որոշում կընդունի այսօր կառավարությունը և ինչպես կարձագանքի առարկություններին` չգիտենք: Սակայն ակնհայտ է, որ բնապահպանների համար մի նոր «թեժ կետ» էլ է ստեղծվում: Ինչը նշանակում է, որ մայրաքաղաքի Մաշտոց պողոտայի այգու առթիվ ձևավորված կամավորական խմբերից մի քանիսը կարող են հայտնվել կառավարության շենքի դիմաց, կամ էլ մեկնել Սյունիքի մարզ: